Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը բուռն դժգոհություն է առաջացրել նաեւ բազմաթիվ մտավորականների շրջանում: Սիրված դերասան եւ քաղաքականապես ակտիվ մտավորական ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ կարծիքով` իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում Հայաստանն ի վերջո կհայտնվի այն երեխայի վիճակում, որին մայրը մոռացել է տանել` թողնելով մանկապարտեզի ճոճանակի վրա:
-Տարբեր խաղեր կան, օրինակ` “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբե, ու այդ խաղերում սովորաբար սեւ արկղ է լինում, իսկ թե ինչ է մեջը, հայտնի չէ: Մեր ապաշնորհ կառավարությունը մեզ անընդհատ մատուցում է սեւ արկղեր, սա չի կարող նորմալ դիտվել, սա խայտառակություն է: Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրել, թե այս Մաքսային պայմանագիրը` այնքան լուրջ խնդիրներ են, որ, իմ խորին համոզմամբ, պետք է Հայաստանի ներքին քարուքանդ վիճակը ուղղելուց հետո միայն դա արվի, որովհետեւ այսպիսի սեւ արկղերով մենք հեռու չենք գնա:
-Ճի՞շտ հասկացա, որ Դուք կողմնակից չեք այս միությանը:
-Ես շատ եմ սիրում ռուսներին, ունեմ հրաշալի ռուս ընկերներ, ուզում եմ այդ երկրում ամեն ինչ լավ լինի, բայց Ռուսաստանի նման Հայաստան ոչ մի դեպքում չեմ ուզում, որ լինի, որովհետեւ այդ երկիրը հսկայական խնդիրներ ունի, որ ինձ դուր չեն գալիս: Ինքը դեռ այնքան հեռու է արդար, մաքուր, դեմոկրատական երկիր լինելուց: Բայց ես այդ երկրին նորմալ եմ վերաբերում, այդ ազգի դեմ թշնամանք չունեմ:
-Կարծում եք` Եվրոպայի կողմ գնալն ավելի ճի՞շտ կլիներ:
-Գիտեք ի՞նչ, ոտքի վրա կանգնած միանգամից պատասխան տալ հատկապես, երբ չգիտենք, թե ինչ են մոգոնել, չենք կարող: Ես կարծում եմ, որ այստեղ այնքան անհասկանալի պահեր կան, որ մինչեւ մենք մեր մեջ ինքներս չկենտրոնանանք, չպարզենք, այդպես էլ անհասկանալի կլինի՝ գնալ դեպի Եվրոպա, թե Ռուսաստան: Մանկապարտեզի երեխայի նման կմնանք ճոճանակի վրա, որին մայրը մոռացել է տանել տուն: Մենք դեռ հստակ չգիտենք՝ ինքներս ով ենք: Եթե ինձ հարց տաք, թե իրավիճակն ինչպիսին է, ես կասեմ` օրհասական, իսկ նման պահերին, երբ գիտես, որ ապաշնորհ ղեկավարություն ունես, ինքը քեզ ցանկացած արկածախնդրության ճանապարհով կարող է տանել, բայց դա իր խելքի արգասիքն է, ոչ իմ: Եթե իմ ասելով լիներ, ես կնստեի, շատ կարճ` մի կես ժամ, կմտածեի ու կասեի՝ ինչպես է պետք վարվել: Բայց հիմա այդ պահը չէ, որովհետեւ ես երկրի նախագահը չեմ ու չեմ էլ ուզում լինել, սակայն մտահոգ եմ իմ երկրով: Իմ երկիրն է, ո՞նց կարող եմ հանգիստ նայել, թե ինչպես է այն ոչնչանում, ինչպես են իմ առաջ անդադար դնում անակնկալ, անսպասելի, հիմար վիճակներ, չի կարելի էդպես, անգամ մանկապարտեզի էլ նման չէ, նախնական քաոսային իրավիճակ է: Վերջապես պետք է հասկանալ` երկիր ենք, թե երկիր չենք:
-Հիասթափություն չի՞ առաջանում ու դրանից բխող ցանկություն` հեռանալու:
-Ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր զզվում ու գնում են, բայց դեռեւս տեսնելով այս երկրում կարգին մարդկանց, դա չի թողնում, որ գնաս: Ո՞ւմ թողնես գնաս, հետո էլ մի տեղ ասեն՝ գիտես, կար էդպիսի երկիր, բայց վերացավ, ցավից չկարողանամ որեւէ բան անել: Չեմ կարող ոչ մի գնացողի մեղադրել, կարծում եմ՝ ամեն մեկն ունի իր ծանրակշիռ պատճառը, ու ցավում եմ նրա համար, որ երկիրը ոչ թե ձգում է դեպի իրեն, այլ անգամ ներսում գտնվողներին է իրենից վանում: Սա շատ ցավալի բան է, շատ:
-Բայց ի՞նչ անել, մեր ձեռքում ի՞նչ կա:
-Ծանր հարց եք տալիս: Ես գիտեմ, որ աշխարհի երեսին անհնարին բան չկա, դրա համար պետք է գլխով մտածել, ոչ այլ տեղերով` ստամոքսով, գրպանով, քթով, ականջով… Պետք է հիշել, որ մարդ ես, ու գլխիդ մեջ կա ուղեղ, որը պետք է աշխատեցնել, այն հենց այնպես չէ դրված գլխիդ մեջ, մսագունդ չէ, ուղեղ է: Երբ տեսնում եմ հասարակության փոքրիկ ընդվզումները, ուրախանում եմ, որ մարդիկ իրենց մեջ արժանապատվություն են սկսում գտնել, գիտակցում են, որ իրենց ձայնը կարեւոր է, բայց եւ ցավալի է, որ չկա հավաքականություն: Այսօր մեր երկրում հասարակությունն ապրում է շատ տարբեր արժեհամակարգեր կրող խմբերով: Հասարակությունն ապրում է այնպես, ինչպես մենք տեսնում ենք` արտագաղթելով, չբողոքելով, ստրկանալով, 5000 դրամ վերցնելով, ծախվելով, չծախվելով… Ունենք ամեն ինչ, ինչ կա ամենուրեք, բայց չենք կարողանում հասկանալ, թե բոլորս միասին մենք ով ենք եւ ինչ ենք:
-Այդ հարցի պատասխանն այնքան էլ հեշտ չէ գտնել:
-Ես նման բան չասացի, կարող ենք, եթե բանեցնենք գլխի մեջ տեղավորված ոչ թե մսագունդը, այլ ուղեղը: Ընդամենը պետք է ուղեղը գործածել, ու երեք ամսում սա կդառնա նորմալ երկիր, կսկսի ծաղկել:
-Կարելի է նախանձել Ձեր լավատեսությանը:
-Ես լավատես չեմ, իրատես եմ, իսկ լավատես լինել բոլորս ենք պարտավոր, եթե չենք պատրաստվում լքել այս երկիրը:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 612 համար