ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ՏԱԼԻՍ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած երեւանաբնակ Սուրեն Նիազյանը պատմեց, որ ինքը մեկ ամիս աշխատել է «Գեղմար» շինարարական ընկերությունում որպես կռունկավար, սակայն հիմա ընկերության տնօրինությունը հրաժարվում է իրեն վճարել մեկ ամսվա 180 հազար դրամ աշխատավարձը. «Ամեն անգամ տնօրենը խաբում, տանում բերում է, բայց չի տալիս աշխատավարձս: Կամ էլ ասում է՝ կլինի՞, որ աշխատավարձի ընդամենը մի մասը տամ: Դիմել եմ ՀՀ աշխատանքի տեսչություն, արձագանք չկա: Երբ գնացի՝ պարզելու, թե ինչու չեն արձագանքում, տեղեկացա, որ այն առաջիկայում լուծարվելու է, եւ անօգուտ է պատասխանի սպասել»: «Ժողովուրդ»-ը զրուցեց «Գեղմար» շինընկերության տնօրեն Գարիկ Հարությունյանի հետ, որն էլ իր հերթին պնդեց, որ մինչեւ Նիազյանը չվերանորոգի իր կողմից կոտրած վերամբարձ կռունկը, չի ստանա աշխատավարձը. «Ինքը կռանը կոտրել ու փախել է, ես էլ զանգում եմ, չի պատասխանում»: Սակայն մեզ դիմած քաղաքացին հայտարարեց, որ տնօրենի մեղադրանքները սուտ են:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ
Այսօր իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար պայքարող ազատամարտիկները հանդիպելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ, իսկ վաղը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի անդամների հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանից: Ուշագրավ է, որ  դեռեւս մեկուկես ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ազատամարտիկներից երկրորդ անգամ ժամանակ էր խնդրել՝ ուսումնասիրելու իրենց կողմից բարձրացված խնդիրները, որից հետո պետք է հանդիպեր եւ կոնկրետ լուծումներ առաջարկեր: Եվ այսօր լրանում է վարչապետի խնդրած ժամկետը, բայց, չգիտես ինչու, ազատամարտիկների հետ այսօր հանդիպելու է սոցապնախարար Արտեմ Ասատրյանը:

ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ Արագածոտնի մարզի 34 բնակիչ ունեցող Մեծաձոր համայնքն արդեն գյուղապետ ունի՝ Մաջիտ Ամոյանը: Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած համայնքապետի ընտրություններին մասնակցել է ընդամենը 24 մարդ: Թեկնածություն առաջադրել էին երկուսը՝ ՀՀԿ-ական Մաջիտ Ամոյանը, որը նախկին համայնքապետ Սայիդ Ամոյանի որդին է, եւ ՀՀԿ-ական Թեմուր Քալաշյանը, որը Մեծաձորի հիմնական դպրոցի տնտեսվարն է եւ հանել էր իր թեկնածությունը:

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՔԱՅԼ
Չինաստանում ուժի մեջ է մտել ինտերնետում սուտ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար պայմանական պատիժ, ընդհուպ մինչեւ ազատազրկում նախատեսող օրենքը: Եթե կեղծ տեղեկատվությունը 500-ից ավելի անգամ «շեյր» արվի` տարածվի, ապա դրա հեղինակին կդատապարտեն 3 տարվա ազատազրկման: Պատկերացնել կարելի է, թե ինչ կլիներ, եթե նման օրենք ընդունվեր ՀՀ-ում: Ֆեյսբուքյան մի ստվար զանգված կմատնվեր անգործության, իսկ նորաթուխ բազմաթիվ կայքեր էլ ստիպված կլինեին փակվել:




Լրահոս