ՔԱՅԼՈՎ ՄԱՐՇ` ԴԵՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Հայաստանը պաշտոնապես դեռ չի միացել Մաքսային միությանը, սակայն խորհրդարանում արդեն սկսել են միմյանց հետ ռուսերենով շփվել: Ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՊԵԿ ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն էր փորձում օրինագիծը ներկայացնել ռուսերենով, երեկ էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պատրաստ են Մաքսային միությանն անդամակցելու հարցը քննարկել խորհրդարանում ԱԳ նախարարի հետ: «Боевая готовность номер один»,-ազդարարեց նա:
ԱԺ աշնանային նստաշրջանը երեկ մեկնարկեց բավական թեժ մթնոլորտում, իսկ բանավեճի առարկան Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարություններն էին: Խորհրդարանի ոչ կոալիցիոն ուժերը միաբերան պահանջում էին ԱԺ «բերման ենթարկել» Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական դեգերումների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Նախ` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում ղեկավարած ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովն օրերս որոշում էր կայացրել պարզաբանումների համար ԱԺ հրավիրել ԱԳ նախարարին ու նրա տեղակալներին, հայտարարեց. «Խորհրդարանը հրատապ կարգով պետք է իրազեկված լինի տեղի ունեցած, տեղի ունեցող եւ տեղի ունենալիք գործընթացների վերաբերյալ» եւ պնդեց հանձնաժողովի որոշումը:
Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ամեն գնով փորձում էր պաշտպանել Ս. Սարգսյանին` համոզելով, թե Մաքսային միությանը միանալու նրա համաձայնությունը ոչ թե միանձնյա որոշում էր, այլ քննարկումների արդյունք: Նա ասաց, թե այդ հարցը Ս. Սարգսյանը քննարկել է «իրեն սատարող խորհրդարանական մեծամասնություն կազմող կոալիցիայի հետ»: ««Սերժ Սարգսյանին սատարող ուժեր» անունով պետական մարմին գոյություն չունի»,-իր ելույթում հակադարձեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, հետո պարզվեց, որ իրականում կոալիցիայի անդամների հետ որեւէ քննարկում չի եղել. համենայնդեպս, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Երկիրի» հետ զրույցում հրաժարվել է ասել, թե երբ է տեղի ունեցել այդ քննարկումը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նույն առիթով հայտարարել է. «Նախ` մենք ՕԵԿ-ին որեւէ բան չենք տեղեկացրել եւ չպետք տեղեկացնենք էլ»:
Մաքսային միությանը միանալու հարցը, սակայն, այսքանով չավարտվեց: Նիկոլ Փաշինյանը երեկ նաեւ հայտարարեց. «Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը  կանգնել է  աշխարհաքաղաքական ճգնաժամի առջեւ, Սարգսյանի ափալ-թափալ այցերը հրատապ հարցեր են առաջացնում,  ԱԺ-ն  ոչ միայն  մեկուսացած է  պրոցեսից, այլեւ որեւէ տեղեկատվություն չունի»: Փաշինյանը, պահանջելով, որ ԱԺ հրավիրվի ոչ միայն ԱԳ նախարարը, այլեւ Ս. Սարգսյանը, նաեւ հարցրեց. «Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը չորս տարի բանակցում Եվրամիության հետ, եւ արդյո՞ք միայն Մոսկվայում նա գլխի ընկավ, որ դա հակասում է ՀՀ շահերին»:
Ուշագրավն այն է, որ այսքանից հետո իշխանությունները պնդում են, որ, միեւնույն է, իրենք նախաստորագրելու են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այդ միտքը երեկ կրկնեց նաեւ Հ. Աբրահամյանը` ասելով. «Իսկ ո՞վ է ասում, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չենք ստորագրելու»: Այս հայտարարությունը լցրեց ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համբերության բաժակը, եւ նա հակադարձեց. «Ես ուզում եմ, որ հասարակությունը թյուրիմացության մեջ չընկնի: Որեւէ եվրոպացի պաշտոնյա չի ասել, որ Ասոցացման պայմանագիրը ստորագրվելու է: Յուրաքանչյուր համաձայնագիր ենթադրում է երկկողմ համաձայնություն: Երկրորդ կողմը ասել է, որ չի ստորագրում: Դա նույնն է, որ ասես՝ հարսին տվել են ուրիշին, բայց ես, մեկ ա, պսակվելու եմ հետը»:
Ի վերջո, Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ համաձայն է այդ հարցերի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելուն, ու որպեսզի խոսքն առավել համոզիչ հնչի, անցավ ռուսերենին. «Պատրաստ ենք` боевая готовность номер один»:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն տվել է իր համաձայնությունը` Աժ ներկայանալու եւ պարզաբանումներ տալու: Միայն թե, այս հանդիպումը լինելու է փակ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում են, որ դա ունի երկու պատճառ. առաջինը, որ, հնարավոր է, հնչեն գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եւ երկրորդը` լրագրողների ներկայությամբ բաց հանդիպման դեպքում քաղաքական ուժերից, պատգամավորներից ամեն մեկը փորձելու է հանուն սեփական PR-ի քննարկումը վերածել շոուի: Այնուամենայնիվ, դատելով ոչ կոալիցիոն խմբակցություններից շատերի մարտական տրամադրվածությունից՝ դժվար չէ ենթադրել, որ այսօր Էդ. Նալբանդյանին բավական ծանր օր է սպասվում: Առավել եւս, երբ ակնհայտ էր, որ, ինչպես մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, այնպես էլ նա մինչեւ վերջին պահը տեղյակ չեն եղել Ս. Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունների մասին ու հավատացած են եղել, որ իրենք գնում են դեպի ԵՄ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս