ԻՆՉՊԵՍ ՀԱՐԿԵՐՆ ԱՃԵՑԻՆ ԱՊՐԻԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից ապրիլին 97 միլիարդ 50 մլն դրամ հարկեր եւ տուրքեր հավաքագրելու հանգամանքը, ինչպես հայտնի է, բազմիցս թմբկահարվել է: Նույնիսկ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում այդ հանգամանքին հատուկ անդրադարձավ:

Հիշեցնենք, որ անցած տարի նույն ապրիլի արդյունքներով հավաքագրվել էր 90 միլիարդ 982 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Ուստի հարկեր-տուրքերի ավելի քան վեց միլիարդ դրամի աճը ներկայացվեց իբրեւ լուրջ ձեռքբերում: Սակայն, երբ ընդհանուր հարկեր-տուրքերի կառուցվածքը ուսումնասիրում ենք, ակնհայտ է դառնում՝ ոչ մի աշխարհացունց իրադարձություն տեղի չի ունեցել, քանի որ աճը տնտեսության հետ կապ ունեցող հարկատեսակներով պայմանավորված չէ, ուստի տարվա վերջին այս «աճը» կմոռացվի, եւ Հայաստանի իշխանությունները եւս մեկ անգամ կհասկանան, որ գումարելիների տեղը փոխելով գումարը չի փոխվում:
Բանն այն է, որ հարկատեսակներից, օրինակ, ավելացված արժեքի հարկի ապրիլի հավաքագրումները, չնայած նախորդ տարվա համեմատ մի փոքր ավել են, բայց այս տարվա առաջին չորս ամսվա կտրվածքով այն լուրջ անկում է ապրել: 2015 թվականի առաջին չորս ամիսներին հավաքագրված է եղել 126 միլիարդ 448 միլիոն դրամի ԱԱՀ, այս տարի այն նվազել եւ կազմել է 116 միլիարդ 723 միլիոն դրամ: Անկումը կազմել է 9 միլիարդ 725 միլիոն դրամ: Իսկ ինչպես հայտնի է՝ տնտեսության վիճակը բնորոշող, եթե չասենք՝ հիմնական, ապա դրանցից մեկը հենց ԱԱՀ-ն է:
Հարկեր-տուրքերի 6 միլիարդ դրամի աճի առյուծի բաժինը բնօգտագործման վճարներն են: Ապրիլի բնօգտագործման վճարները անցած տարվա նույն ամսվա համեմատ մոտ երեք անգամ աճել են եւ կազմել 4 միլիարդ 303 մլն դրամ, անցած տարվա 1 միլիարդ 116 մլն դրամի փոխարեն: Բնօգտագործման վճարների զգալի մասը գոյանում է պղնձի խտանյութի արտադրությունից: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հիմնական պղնձի խտանյութ արտադրող ընկերությունը` «Զանգեզուրի ՊՄԿ»-ն, անցած տարվա համեմատ ավելի քան 2 միլիարդ դրամի քիչ հարկեր-տուրքեր էր վճարել: Ավելին՝ այդ ընկերությունը հատկապես բնօգտագործման վճարների մասով անցած տարվա համեմատ մոտ 2 միլիարդ դրամ պակաս էր փոխանցել պետբյուջե: Սա այն դեպքում, երբ պղնձի խտանյութի արտադրությունը մոտ 40 տոկոսով անցած տարվա համեմատ աճել է, ինչը պայմանավորված է այդ գունավոր մետաղի միջազգային գների անկմամբ: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին պղնձի միջազգային գինը անընդհատ նվազում է: Միայն վերջին տարում այն արժեզրկվել է մոտ 30 տոկոսով` 1 տոննայի արժեքը 6200 դոլարից նվազել է մինչեւ 4 հազար 500 դոլարի: Արդյունքում՝ «Զանգեզուր ՊՄԿ»-ի եկամուտները կտրուկ նվազել են, եւ ընկերությունը պարտադրված է շատ արդյունահանել, որպեսզի կարողանա իր ծախսերը հոգալ: Մեր տեղեկություններով՝ «Զանգեզուր ՊՄԿ»-ն այս տարվա առաջին եռամսյակում բնօգտագործման վճարների գծով մոտ 2 միլիարդ դրամի պարտքեր է կուտակած եղել, որոնք մարել է ապրիլին, ինչի արդյունքում էլ նման կտրուկ «աճ» է արձանագրվել:
Հաջորդ «կտրուկ» աճը արձանագրվել է եկամտային հարկի գծով: Այս տարվա եւ անցած ապրիլի տարբերությամբ եկամտային հարկի գծով պետբյուջեի մուտքերն աճել են մոտ 1,7 միլիարդ դրամի չափով: Հիշեցնենք, որ եկամտային հարկը պահվում է աշխատավարձից: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների միջին աշխատավարձն այս տարվա չորս ամիսների արդյունքներով նվազել է: Միեւնույն ժամանակ գործազրկության մակարդակը եւս բարձրացել է: Այսինքն՝ եկամտային հարկի մուտքերը կարող էին երկու պատճառով աճել` մի խումբ մարդկանց աշխատավարձերի կտրուկ բարձրացման կամ էլ ընկերություններից կանխավճարներ հավաքագրելու հաշվին: Թերեւս առավել հավանական է երկրորդ տարբերակը: Ամեն դեպքում հաջորդ ամիսների եկամտային մուտքերը ցույց կտան, թե ապրիլին արձանագրված «աճը» որքանով է հաստատուն եղել:
Փաստն այն է, որ Հայաստանի բնակչության կյանքի մակարդակը շարունակում է նվազել, իսկ իշխանությունները շարունակում են փորձել հանրությանը թվերով համոզել, որպեսզի նրանք իրենց աչքի տեսածին չհավատան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տեւական ժամանակ է, ինչ ձկնամթերքի երբեմնի խոշոր արտադրող «Յունիֆիշ» ընկերության աճուրդի հանված ձկան վերամշակման արտադրամասը գնորդ չունի: Նշենք, որ վաճառքի հանված ձկան վերամշակման արտադրամասը գտնվում է Արարատի մարզի Ռանչպար գյուղում: Աճուրդի մեկնարկային գինը եղել է 449 մլն 640 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 26-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Հաջորդ աճուրդը կկայանա հունիսի 24-ին:
Հիշեցնենք, որ անցած տարի հայաստանյան բանկերից մեկը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Յունիֆիշ»-ին: Եւ նշված դատարանի՝ հուլիսի 9-ի վճռով ընկերությունը սնանկ էր ճանաչվել: Ի դեպ, ընկերության տնօրենը՝ Արմեն Մկրտչյանը, մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանից բացակայում է:

 

 

ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ ՈՒ ԿԻՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արա Արամյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: Տարվա վերջին նրա դրամական միջոցներն արդեն կազմել են 55 միլիոն դրամ, 350 հազար դոլար եւ 850 հազար եվրո: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր՝ պատգամավորական աշխատավարձը, որը միջին հաշվարկով կազմել է ամսական 581 հազար դրամ: Դրանից բացի՝ պատգամավորն ունեցել է նաեւ «այլ եկամուտ», որը կազմել է 30 միլիոն դրամ: Պատգամավորի կնոջ՝ Գայանե Սարգսյանի կենսաթոշակը տարվա կտրվածքով կազմել է 540 դրամ, որը մեկ ամսվա հաշվարկով ստացվում է 45 հազար դրամ: Պատգամավորի կնոջ դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 55 միլիոն դրամ, 570 հազար դոլար եւ 590 հազար եվրո: Ի դեպ, Գայանե Սարգսյանը որպես եկամուտ, կենսաթոշակից բացի, հայտարարագրել է նաեւ «այլ եկամուտ», որը նրա դեպքում կազմել է 25 մլն դրամ: Հիշեցնենք, որ Արամյանը ՀՀ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախկին նախարարն է:

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբին Սերժ Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 6 դատապարտյալների ներում էր շնորհել: Վերջիններս պարտավորվել էին ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ եւ կամավոր անցնել զինվորական ծառայության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներման արժանացածներից մեկը Աշոտ Վարդանյանն է: Նրան 2014 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող՝ խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները, վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող, փոխգնդապետ Արտակ Զուռնաչյանի հետ եւ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ. բռունցքով հարվածել է դեմքին եւ պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածք: Ինչի համար նա Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր ազատազրկման 5 տարի ժամկետով:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ
Մայիսի 25-ին Աժ կողմից նոր ԸՕ ընդունման հետ կապված երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Նոր ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության եւ հասարակական դաշտի հետ համախոհության, այն մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության եւ ընտրական գործընթացի մանիպուլյացիաների համար: Նոր ընտրական օրենսգրքի պատճառով առաջացող բոլոր բացասական հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է իշխանության եւ նրան աջակցողների վրա»:

 

 

ԱՆՏԵՂՅԱԿԸ
Վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված Եվրոպայի քունկ-ֆուի առաջնությունում, որտեղ երկու հակառակորդ երկրների ներկայացուցիչների միջեւ մրցումները ստիպված էին դադարեցնել, քանի որ այն անվերահսկելի էր դարձել: Երեկ անդրադառնալով այդ միջադեպին՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ասել է, որ այդ ֆեդերացիայի հետ կապված ճանաչման խնդիր կա: «Պետք է հստակեցվի ամեն ինչ. մենք շուտով կպատրաստենք մի նախագիծ, որ բոլոր ֆեդերացիաները ՀՀ-ում գործեն լիցենզավորմամբ, որ նման դեպքերից մենք խուսափենք: Բնականաբար, մենք մեր լծակներն ունենք, բայց պատկերացրեք, որ մենք էլ չգիտեինք այդ ֆեդերացիայի գոյության մասին: Յուրաքանչյուր թիմ, որ գնում է արտերկիր, ներկայացնում է ՀՀ-ն, մենք թույլ չենք տա, որ ով ուզի, գնա, մեր երկրի անունից հանդես գա»,- հայտարարել է նախարարը:
 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ԶԵԿՈՒՅՑԸ
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է 2015թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը: Խորհուրդն ընդունել է այն՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը:

 

 

ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ Երեւանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նա Արցախի ժողովրդի եւ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ողջ հայ ժողովրդին, Մայր Հայաստանին եւ Սփյուռքին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու համար: Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառել Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2016թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:
 

ՔՈՉԱՐՅԱՆՆ Է ԳԼՈՒԽԸ
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի հետ կապված ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը ԼՈՒՐԵՐ.com-ին ասել է.«Սամվել Բաբայանը չի եկել, նրան ուղարկել են։ Սկսեմ սկզբից՝ ինչի՞ համար էր աղմկում Վահան Բադասյանը։ Մինչեւ նրա հայտարարությունը, անընդհատ ասում էին՝ Մանվել, զորքդ ա՛ռ, գնա՛ ստեղից, որովհետեւ Սամվել Բաբայանը չէր կարող վերադառնալ, երբ Մանվել Գրիգորյանն Արցախում է։ Մանվելի ներկայությունը Սամվելին վախեցնում է։ Բաբայանին ուղարկել են, որպեսզի նա օգնի Վարդան Օսկանյանի կուսակցությանը։ Նա էլ նրա կուսակցության անդամներից մեկն է, ինչպես Բադասյանը։ Գլուխը Ռոբերտ Քոչարյանն է, Մոսկվայից երեւի «դաբռո» է ստացել։ Այսպիսի առեղծվածներ: Եվ վերջում պարզվում է, որ բոլորը ձգտում են այս քաղցր, արեւոտ Հայաստանի իշխանությանը։ Ղարաբաղի հարցը միշտ խաղալիք են դարձնում այստեղ՝ Հայաստանում իշխանություն փոխելու։ Իմ կարծիքով՝ նախապատրաստվում են Հայաստանում Սերժին փոխարինել մեկ այլ «Սերժով»։ Իսկ Սամվել Բաբայանն էլ ընդամենը գործիք է։ Ինքն էլ արանքում իր բերքն է քաղել»,- ասել է Սաղաթելյանը։




Լրահոս