ԳԵՐՄԱՆԻԱՆ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագը երեկ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: «1915 թ. հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ ոգեկոչման մասին» վերնագրով բանաձեւը համատեղ ներկայացրել էին Գերմանիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-սոցիալական միություն (CSU), Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) եւ ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները բանաձեւի քննարկման ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել` ի պաշտպանություն նախագծի, եւ երբ հայտնի է դարձել, որ փաստաթուղթը ընդունվել է, դրսում հավաքվածներն այդ լուրն ընդունել են ծափողջյուններով, սկսել են երգել եւ պարել: Իսկ պաշտոնական Անկարան բանաձեւի ընդունմանը արձագանքեց Գերմանիայում իր դեսպանին ետ կանչելով: Բունդեսթագի որոշումը Հայաստանի քաղաքական շրջանակներում եւս ոգեւորություն էր առաջացրել: Չնայած որ, ըստ փորձագետների, փաստաթուղթն իր բովանդակությամբ շատ թույլ է, եւ դրանում «ցեղասպանություն» եզրույթը միայն մեկ տեղ է օգտագործված` վերնագրում: Ավելին՝ ասվում է, թե այսօրվա թուրքերը կամ Թուրքիան պատասխանատվություն չի կրում Օսմանյան կայսրության ընթացքում կատարվածի համար: Բայց ամեն դեպքում, անկախ փաստաթղթի բովանդակությունից, արտաքին քաղաքականության տեսանկյունից այն Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի:

 

 

 
Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս տարվա ապրիլի վերջի դրությամբ կազմել է 81 հազար: Սա անցած տարվա նույն ցուցանիշից ավել է շուրջ 6 հազար 500-ով: Վերը նշված տվյալները նախօրեին հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ի դեպ, հարկ է նշել, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում առկա գործազրկության ընդհանուր մակարդակը չի արտացոլում: Սովորաբար գործազուրկների թիվը պաշտոնապես գրանցվածներից առնվազն երեք անգամ ավել է լինում: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց գործազրկության մակարդակի թարմ տվյալներ հրապարակել, դրանք կլինեն այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալներն ամփոփելուց հետո: Բայց այսօրվա տվյալներով արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ այդ ցուցանիշն անցած տարվանից մեծ է լինելու: Հայաստանի բնակչության սոցիալական վիճակը բնորոշող տվյալներից է նաեւ մանրածախ առեւտրի վիճակը: Ըստ ԱՎԾ-ի՝ այն անցած տարվա համեմատ մոտ 5 տոկոսով նվազել է: Այսինքն՝ Հայաստանում մարդիկ 2016-ի գարնանը 5 տոկոսով ավելի աղքատ են, քան 2015-ին:

 

 

 
Նախորդ երեք տարիներին պարբերաբար լուրեր էին տարածվում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Այդ ընթացքում Մկրտումյանը սովորաբար ամեն կերպ խուսափում էր որեւէ մեկնաբանություն տալուց կամ էլ պատասխանում էր, թե հանրապետության նախագահն է որոշում՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը Մկրտումյանից փորձեց պարզել՝ ի վերջո, նա գնալո՞ւ է, թե՞ ոչ եւ ինչպես է վերաբերվում իր պաշտոնանկության մասին պարբերաբար շրջանառվող լուրերին, ինչին նա պատասխանեց. «Ես 18 տարի է՝ աշխատում եմ դատական համակարգում, եւ չկա այդպիսի մի տարի, որ ես գոնե մի քանի անգամ իմ պաշտոնանկության մասին չլսեմ»: Ի դեպ, 2018 թվականի գարնանը` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նոր Սահմանադրության պահանջով վճռաբեկ եւ վերաքննիչ դատարանների նախագահները եւ անդամները պետք է նորից նշանակվեն: Հենց այդ ժամանակ էլ կորոշվի՝ ով կմնա իր պաշտոնում, ով` ոչ:

 

 

 
Մայիսի 30-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Մելս Չիլինգարյանին եւ Արմեն Մարգարյանին՝ 375-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշահելը, որը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացրել էինք՝ իրենց դիրքի չարաշահման համար մեղադրվող բարձրաստիճան սպաներին քննչական մարմինն առաջարկել է կա՛մ գրել յուրացման ու կոռուպցիոն գործընթացի ողջ մանրամասները ցուցմունքներում, կա՛մ բոլորը կկալանավորվեն: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ վերջիններիս կալանավորման մասով քննիչը միջնորդություն է նեկայացրել դատարան: Ինչպես երեւում է՝ սպաները քննչական մարմինների համար ցանկալի ցուցմունքներ չեն տվել: Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ դարձյալ արձանագրելով, որ չնայած զինվորական բարձր կոչումներին, նրանք ի զորու չէին միանձնյա գործել իրենց վստահված ոլորտներում:

 

 

 
ԱՆԿԱՆԽԱԿԱԼ
Այն, որ հանրությունը չի հավատում կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարին, թերեւս գաղտնիք չէ որեւէ մեկի, այդ թվում եւ՝ կառավարության ներկայացուցիչների համար: Պատճառներն, իհարկե, բազմաթիվ են, նախ եւ առաջ պայմանավորված են այն պարզ տրամաբանությամբ, որ կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունը չի կարող պայքարել ինքն իր դեմ: Սակայն հենց նույն կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնց կոռումպացված լինելու մասին այսօր չեն կարող պնդել անգամ ամենաարմատական ընդդիմադիրները կամ լրատվամիջոցները: Եվ երբ նման եզակի պաշտոնյաներից որեւէ մեկը հայտարարություն է անում, թերեւս արժի խորամուխ լինել ասվածի էության մեջ, քանի որ կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին ամենաբարձր հայտարարությունները կարող են անել ամենակոռումպացված պաշտոնյաները՝ «գողն առաջինն է գոռում՝ գողին բռնե՛ք» սկզբունքով, իսկ, այ, ոչ ամբոխահաճ, սակայն գործնական առումով արդյունավետ տարբերակներ կարող են առաջարկել քչերը:
Մասնավորապես էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երկուշաբթի օրը, խոսելով մենաշնորհների դեմ պայքարի մասին, ասել էր. «Մենք պետք է հայեցակարգ ընտրենք, թե որ սկզբունքով պետք է շարժվենք: Կան ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի՝ ես հանդուրժում եմ այստեղ մենաշնորհը, բայց քո վրա պետք է դրվի այս սոցիալական բեռը, դու պետք է ապահովես հրապարակայնություն, թափանցիկություն եւ լինես հանրային ընկերություն»: Որպես օրինակ նա բերել էր շաքարի ներմուծումը.«Շաքարի գործարանն աշխատում է իր հզորությունների 25-30 % չափով եւ հումքը վերամշակում է, ստանում շաքարավազ,հարց է՝ ճի՞շտ է, որ չթողնես իրեն այդ 25-30 % չափով աշխատի, թե՞ ավելի լավ է օրենքով ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես, որ պետք է աշխատես առնվազն 90 % հզորությամբ, աշխատատեղ ստեղծես այսքան, պետական բյուջեի այսքան մուտքեր, թափանցիկություն ապահովես, բաժնեմասի 20 % շրջանառես բորսայում: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ով է սեփականատերը, գուցե պետությունն աջակցի նաեւ արտահանում կազմակերպել: Սրանք հարցեր են, որ պետք է քննարկվեն»,- նշել էր Մինասյանը:
Նրա այս հայտարարությունը, սակայն, արժանացավ չափազանց բուռն քննադատության, այն աստիճանի, որ Մինասյանն, ի վերջո, ստիպված եղավ երեկ հանդես գալ հերքմամբ` պարզաբանելով. «Չեմ ասել, թե օրենքով պետք է ճանաչել մենաշնորհ ու արտոնություններ տալ: Ասել եմ, որ իրականությունն ու օրենքը պետք է համապատասխանեն իրար, անհրաժեշտ է այդ մենաշնորհի կարգավիճակը ստանա ոչ թե առավելություններ ունենալու, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար»:
Արդյոք Մինասյանի այս առաջարկը առողջ մոտեցում չէ ՀՀ նման փոքր տնտեսության համար, որտեղ, ինչքան էլ ուզենք, գոնե հիմա չկա 2-րդ շաքարի գործարան: Պատասխանը ակնհայտ է, սակայն պետք է այն տեսնելու եւ դրա մասին բարձրաձայնելու ցանկություն:




Լրահոս