ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում վերջապես ավարտվեց ներկուսակցական պայքարը: Հանրապետականների ճամբարում Դոնալդ Թրամփի, իսկ դեմոկրատների մոտ Հիլարի Քլինթոնի հաղթանակները դարձան նոյեմբերին կայանալիք հիմնական ընտրությունների մեկնարկը: Բայց եւ այնպես, կուսակցությունների ներսում թշնամանքը չի հաղթահարվում:
Դեմոկրատական կուսակցության՝ Ֆիլադելֆիայում կայանալիք հուլիսյան համաժողովին, որը ներկայացնելու է կուսակցության նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներին, Հիլարի Քլինթոնը մոտեցավ հաղթականորեն: Հանուն արդարության հարկ է նշել, որ Քլինթոնը չկարողացավ Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսին հաղթել առանց սուպերլիազորների աջակցության: Հունիսի 14-ին կայանալիք Կոլումբիայի շրջանի քվեարկությունը չհաշված` Քլինթոնը 50 նահանգներում անցկացված ընտրություններում վաստակել է լոկ 2202 լիազորներ, իսկ նրա մրցակիցը` 1829: Առաջին փուլով ինքնաբերաբար ընտրվելու համար դեմոկրատների թեկնածուին հարկավոր են 2384 լիազորներ: Այդ ցուցանիշին նախկին առաջին տիկինը հասավ բացառապես սուպերլիազորների աջակցությամբ, ինչը այնքան էլ «պատմական» հաղթանակի մասին չի խոսում, ինչպես քարոզում է նախկին պետքարտուղարի շրջապատը: Մեկ տարի առաջ որեւէ մեկը չէր կասկածում, որ Հիլարի Քլինթոնը առանց նվազագույն իսկ դժվարության իր ձեռքը կգցի միասնական թեկնածուի պատմուճանը, սակայն սենատոր Սանդերսի մուտքն ընտրարշավ եւ հատկապես երիտասարդ ընտրողների` նրա կողմը հակվելը խառնեց Քլինթոնի բոլոր ծրագրերը: Անվիճելի առաջատարը ողջ ընտրարշավի ընթացքում քանիցս սայթաքեց, ինչի ցայտուն դրսեւորումը Սանդերսի տարած տպավորիչ հաղթանակներն են շուրջ 23 մրցահարթակներում: Անկասկած, եթե պայքարի մեջ մտներ նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ապա Քլինթոնը երկրորդ անգամ կարող էր մնալ ձեռնունայն, քանզի Բայդենի ընտրարշավը նվազագույնը պառակտելու էր Քլինթոնի թիկունքում պատսպարված ֆինանսական կենտրոններին ու քաղաքական լուրջ ազդեցություն ունեցող դեմոկրատներին: Կարելի է ասել՝ նախկին առաջին տիկինը հաղթեց գերազանցապես իր ունեցած կապերի շնորհիվ: Ի դեպ, հունիսի 7-ին Կալիֆոռնիայում կայացած քվեարկությունից հետո լուրեր տարածվեցին, որ որոշ տեղամասերում Սանդերսի օգտին կատարված բազմաթիվ քվեարկություններ անվավեր են ճանաչվել: Ընդհանրապես, այս ընտրություններում տեղամասային մակարդակներում արձանագրված խախտումների ու կեղծիքների մասին ասեկոսեները բավականին շատ էին թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների ճամբարներում: Սակայն եթե դեմոկրատների պարագայում հաղթող դարձավ ընտրախավի սիրելին, ապա հանրապետականների մոտ սկսում է գերակայել Հիլարի Քլինթոնի վերահաս նախագահությանը համակերպվելու ցանկությունը:
Հանրապետականների ընտրարշավը անցավ խելահեղ տեմպով եւ գրեթե նույնպիսի հանկարծակիությամբ էլ ավարտվեց: Գործարար Թրամփը շարքից հանեց իր բոլոր մրցակիցներին` միաժամանակ թշնամանալով նրանց հետ: Թրամփի ագրեսիվ ոճը, բառերի մեջ խտրություն չդնելու պահվածքը, համատարած վիրավորանքներն ու մրցակիցներին սեւացնելու համար նախատեսված չճշտված պնդումները թողեցին իրենց հետքը: Արձանագրելի է, որ Թրամփը հանրապետականների պատմության մեջ ռեկորդ է սահմանել: Կուսակցության միասնական թեկնածուին որոշելու համար անցկացված բոլոր քվեարկությունների մեջ նա հավաքել է ամենամեծ թվով կողմ ձայները` ավելի քան 13 մլն: Մինչ այս 2000թ. ամենաբարձր ցուցանիշն արձանագրել էր Ջորջ Բուշ Կրտսերը` ստանալով 12 մլն քվեարկողների աջակցությունը: Ինչպես եւ սպասվում էր, Թրամփը հենց այդ հանգամանքն էլ դարձրեց իր հաջողության խաղաքարտը` կոչ անելով Հանրապետական կուսակցության բոսերին միաբանվել իր շուրջը եւ հաղթել Հիլարի Քլինթոնին: Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն բավականին բարդ է միաբանվել մի մարդու շուրջ, որի հետ ունես սկզբունքային տարաձայնություններ պետության ամենակարեւոր հիմնախնդիրների շուրջ եւ հատկապես, որ նա առիթը բաց չի թողել ամենաբացասական ածականներով պատվելու թե՛ հանրապետականների բեմում կանգնած իր մրցակիցներին, թե՛ լրագրողներին, թե՛ այլ կրոնների հետեւորդներին ու նույնիսկ ազգերին: Այդպիսի քայքայիչ վարքագծից հետո, թվում է, Թրամփը կուսակցական բոսերի աջակցությանն ապավինելու բարոյական իրավունք չպետք է ունենար: Իսկ, ահա, կուսակցական հակառակորդների դիրքորոշումը շարունակում է մնալ սպասողական: Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանի` կիսատ-պռատ սատարումը Թրամփին կարծես լուրջ դափնիներ չի մատուցում: Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն արդեն սկսել է ետ կանգնել Քլիվլենդի համաժողովում Թրամփի օգտին ելույթ ունենալու իր պատրաստակամությունից: Թրամփի մեկ այլ նախկին մրցակից` Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքն էլ ի պատասխան հարցին, թե չի պատրաստվում արդյո՞ք աջակցել Թրամփին, շեշտել է, որ իրենք աշխարհայացքների լրջագույն տարբերություն ունեն: Ըստ նահանգապետի` ինքը դեռ պատրաստ չէ սատարել Թրամփին, առավել եւս չի համաձայնի դառնալ Թրամփի փոխնախագահության թեկնածուն: Քլինթոն-Թրամփ երկընտրանքի պարագայում էլ Քեյսիքը շարունակում է տակավին չկողմնորոշված մնալ:
Ի հեճուկս ԱՄՆ-ի` Հայաստանում անհնար է պատկերացնել, որ կուսակցությունը երես թեքի իր առաջնորդից: Ժողովրդական քվեարկության արդյունքում Թրամփը դարձել է հանրապետականների առաջնորդը, սակայն կուսակցական մեխանիզմների ճշգրիտ խաղարկմամբ կուլիսային բոսերը պարզապես ձեռնապահ են մնում նրան իբրեւ առաջնորդ ընդունելուց: Իսկ, ահա, մեր երկրում ցանկացած կուսակցություն, թերեւս բացի ՀՅԴ-ից՝ ունի իր ֆիքսված հրապարակային առաջնորդը, որը կուսակցական շարքերի համար անքննելի է: Մեզանում կուսակցությունները կառուցված են անհատների շուրջ, իսկ ԱՄՆ-ում դա համակարգ է, որն աշխատում է` անկախ այն հանգամանքից, թե ով է վարում ղեկը: Կուսակցական համակարգի հայաստանյան պայմաններում, եթե որեւէ մեկը վիճարկում է կուսակցության առաջնորդի կարգավիճակը, անմիջապես առաջանում է կուսակցության պառակտման վտանգը: Հայաստանի 25-ամյա պատմության մեջ չի եղել դեպք, երբ փոխվի կուսակցության առաջնորդը, բայց տրոհում եւ թշնամանք չառաջանա: Հենց այդ թերությունից էլ օրինաչափորեն ձեւավորվում է անկատար քաղաքական-պետական համակարգը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ ԵՆ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ»
«Ժողովուրդ»-ը ամիսներ առաջ գրել էր, որ տարեսկզբից պետական մարմինների ղեկավարները «հրահանգ» են ստացել աշխատավարձերի վճարումը կատարել բացառապես «Հայբիզնեսբանկ»-ով: Ըստ շրջանառվող լուրերի՝ հրահանգ ստացողների թվում են եղել նաեւ Երեւանի մի շարք դպրոցներ եւ մանկապարտեզներ: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջերս Երեւանի մի շարք մանկապարտեզներ հրաժարվել են «Հայբիզնեսբանկ»-ի ծառայություններից:
Երեւանի մանկապարտեզներից մեկի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց տնօրենը հիմա էլ փոխանցել է, որ գնան եւ մեկ այլ բանկից աշխատավարձի քարտ ստանան, քանի որ այլեւս հրաժարվում են «Հայբիզնեսբանկ»-ի ծառայությունից: Իսկ թե ինչն է այս փոփոխության պատճառը, մանկապարտեզի տնօրինությունը հրաժարվել է պարզաբանել: Տեղեկանալու համար, թե ինչն է խնդիրը, «Ժողովուրդ»-ը դիմեց բանկ, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Նման տեղեկություն չկա, հետեւապես չենք կարող որեւէ պատճառաբանություն տալ: Գուցե՞ մանկապարտեզներից ճշտեք, թե ինչու են հրաժարվել»:
Ի դեպ, նշենք, որ բանկի խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցի անունը կապվում է Սերժ Սարգսյանի հետ: Բանն այն է, որ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցը Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերն է: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, հենց այն անձն է, որը դեռեւս 2006-ին ԱՄՆ-ում իր ներկայացուցչի միջոցով ավելի քան կես միլիոն դոլար է վճարել ամերիկյան «Burson-Marsteller» փիառ ընկերությանը՝ այն ժամանակ դեռեւս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վարկանիշը արտերկրում բարձրացնելու համար: Այլ կերպ ասած՝ Վիտալի Գրիգորյանցը այն եզակի անձանցից մեկն է, որն անձամբ զգալի ներդրում է ունեցել Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հարցում: Իսկ թե ինչն է խնդիրը, որ մանկապարտեզները հրաժարվում են բանկի ծառայությունից, կփորձենք պարզել առաջիկայում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՋՐԻ ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄԸ՝ ՎԹԱՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչները բողոքում են, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Նոյեմբերյանի ենթատեղամասի կողմից մատակարարվող խմելու ջրի ճնշումը բնակարաններում թույլատրվածից կրկնակի անգամ մեծ է: Ջրի հսկայական ճնշման տակ ջրագծերը, փականները, ծորակները շարքից դուրս են գալիս, եւ բնակիչները ստիպված են լինում նոր ծորակներ, փականներ գնել, ջրագծերում նորոգումներ կատարել: Ասիական բանկից ստացված վարկային միջոցներով Նոյեմբերյան քաղաքի խմելու ջրի ցանցը նորոգվել է, ջրի կորուստները նվազել են, սակայն ճնշման հետ կապված խնդիրը չի լուծվել: Նոյեմբերյան քաղաքի բնակիչների վկայությամբ՝ ջրի բարձր ճնշման դեպքում բնակիչների կողմից սպառվող ջրի քանակությունը մեծ է լինում: Շարքից դուրս եկած ծորակների, փականների փոխարեն նորերի տեղադրումը կատարվում է Նոյեմբերյանի ենթատեղամասի աշխատողների կողմից, ինչը վերջիններիս համար, աշխատավարձից զատ, հավելյալ եկամտի աղբյուր է: Նոյեմբերյանի բնակիչները, որոնք տուժում են մատակարարվող ջրի մեծ ճնշումից, կարող են դրանից խուսափել, եթե գնեն եւ իրենց տներում տեղադրեն ջրի ճնշումը նվազեցնող սարքեր: Դրանց գինը մոտ 8 հազար դրամ է: Նոյեմբերյան քաղաքի բնակիչների զգալի մասը սոցիալապես վատ վիճակում է գտնվում եւ նման սարք գնելու փող չունի: Դրա հետեւանքով նոյեմբերյանցիների բնակարաններում հաճախակի պայթում են ջրագծերը, շարքից դուրս գալիս փականներն ու ծորակները: Բազմաբնակարան շենքերի վերեւի հարկերից ջուրը հեղեղում է ներքեւի հարկերի տները: Այդ պատճառով հարեւանների միջեւ թունդ վեճեր են բռնկվում, հեղեղված բնակարանների հարդարանքը նորոգելու համար մարդիկ ստիպված են լինում բանկերից վարկեր վերցնել:
ՍԵՔՍ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԵՏ
Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի 15 տարեկան բնակչուհու հետ սեքսուալ գործողություն է տեղի ունեցել: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Անհրաժեշտության դեպքում կհարուցվի քրեական գործ: 15-ամյա աղջիկը հունիսի 9-ին Իջեւան քաղաքում իրավապահների կողմից մանկավարժ-հոգեբանի ներկայությամբ հարցաքննվել է: Իրավապահ համակարգից ստացված տվյալներով՝ անչափահաս աղջիկը չի բռնաբարվել, սակայն չափահաս տղամարդու կողմից ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեքսուալ գործողություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական պատասխատվություն է նախատեսվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ