ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆԻ ՉԱՓԱՆԻՇԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի աճյունն ամփոփվեց հայոց մեծերի Պանթեոնում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից մինչեւ Պանթեոն սիրելի դերասանին նրա արվեստի երկրպագուները ճանապարհեցին ծափերով։
Սոս Սարգսյանի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը. «Անկասկած, Սոս Սարգսյանը մեծ արվեստագետ է, իսկ մեծերի մասին առաջին հերթին մեծերը պետք է խոսեն։ Նա առաջինն էր այն քչերից, որ իր արվեստի ուժով, իր դերակատարումներով, ինչպիսին Նահապետն է, Ձորի Միրոն, մեր սերնդի եւ հատկապես երիտասարդների մեջ արթնացնում էր ազգային արժանապատվության զգացումը։ Մենք նրա միջոցով էինք փորձում տեսնել ու գնահատել մեր ազգի տաղանդավորությունը։ Համոզված եմ՝ երջանիկ է այսպիսի արտիստ ունեցող ժողովուրդը, երջանիկ ենք նաեւ մենք, որ ապրել ենք այդ ժամանակահատվածում։ Սոս Սարգսյանի ամենամեծ ֆենոմենը, որ ունեցել է այս տարիների ընթացքում, լոռեցի լինելն էր, որը նա այդպես էլ չկորցրեց։ Ես դրանում համոզվում եմ, երբ հիմա թերթում եմ իր մանկության վերաբերյալ նրա գրվածքները, պատմվածքները եւ հիշում նրա՝ հատկապես լոռեցու միամտությամբ լեցուն հաղորդաշարերը։ Այնպես է խոսում իր մանկության, իր Ստեփանավանի մասին, որ զգում ես՝ ոչ մի սարքած խոսք կամ զգացողություն չկա։ Ու նաեւ պատահական չէ, որ դեռ 20-30 տարի առաջ Սոս Սարգսյանը բոլորի համար ինտելեկտուալ թատրոնի դերասանի չափանիշ էր։ Հենց որ հարցնում էին՝ ինչ ասել է ինտելեկտուալ, պատասխանում էին՝ նայե՛ք, թե Սոս Սարգսյանը ոնց է մտածում։ Իր ամբողջ էությամբ այդպես էլ չմոռացավ Ստեփանավանը, չմոռացավ իր հայրենի հողը, ամենակարեւորը, չմոռացավ իր հարազատ հորը եւ ինչ կերպար էլ խաղում էր, բոլոր դերերում հոր ներկայությունը կար։ Թող լույս իջնի գերեզմանին։ Գնաց ու հավասարվեց հավերժությանը»։

  Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս