«Գեղխորհուրդը հեչ էլ «պատ ծակող» չէր. թատրոնի աշխատակիցների մեկնաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր այն մասին, որ Պետական կամերային երաժշտական թատրոնում վերջին շրջանում աշխատանքային մթնոլորտը բավական սրվել էր. գեղխորհուրդը հրաժարական էր տվել, գեղարվեստական մասով փոխտնօրենը` հեռացվել: Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ տնօրենը միշտ կոնֆլիկտներ է ստեղծում եւ միջամտում է ստեղծագործական լուրջ հարցերի, աշխատում է զուտ տեխնիկական վարչարարի մեթոդներով: Գեղխորհրդի՝ արդեն նախկին անդամ, դերասան Գրիգոր Խաչատրյանն էլ հավաստիացրել էր` խորհրդի բոլոր անդամները համակարծիք են, որ տնօրենը չի տիրապետում իր աշխատանքին:

«Ժողովուրդ»-ը զրուցել էր նաեւ թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի հետ, ով պնդել էր, որ գեղխորհրդի` թատրոնից ընտրված անդամները համաձայն չեն խորհրդի նախագահ Արա Խզմալյանի եւ մյուս անդամների հայտարարություններին: Տնօրենի խոսքով` ինքը Արա Խզմալյանի հետ խնդիր չի ունեցել, իսկ խորհրդի` դրսից բերված անդամների հետ չի շփվել, ուստի զարմանալի է, թե վերջիններս ինչպես են իր գործունեության մասին կարծիք կազմել: Ինչ վերաբերում է աշխատանքից ազատված նախկին փոխտնօրենի որակումներին, ապա ըստ Վարդան Գրիգորյանի` բացառված չէ, որ Տաթեւիկ Մանվելյանն ու Արա Խզմալյանը ընդհանուր միտում են ունեցել արդեն նախկին փոխտնօրենին տեսնել տնօրենի պաշտոնում:

Թեմայի շուրջ մենք զրուցել ենք գեղխորհրդի՝ արդեն նախկին անդամների հետ, որոնք ընտրվել էին թատրոնի ներսից:

Դերասան, ընդհանուր հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Մարատ Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք գեղխորհրդի կազմից դուրս են եկել դեռեւս հունիսի 14-ից: Նրա խոսքով` դրանից 2 օր անց հետեւել է գեղխորհրդի նախագահի հրաժարականը. «Մենք հասկացանք, որ դա անիմաստ խորհուրդ է, որ մեր ժողովները ոչ մի արդյունք չեն տալիս: Որոշվում է, որ պետք է ներկայացում վերականգնվի, գեղխորհրդի դրսի անդամներից ներկա է գտնվում մի հոգի, նախագահը գալիս է ուշացած եւ գնում է ներկայացման առաջին հատվածը դիտելուց հետո. արդյունքում մնում ենք ներսի անդամներով:

Սկզբում մենք ոգեւորված էինք, մտածում էինք` նոր մարդիկ են եկել, կսկսենք հաջող համագործակցել, բայց այդ ոգեւորությունը շատ կարճ ժամանակում մարեց: Խորհրդի դրսի անդամները բացարձակ տեղյակ չեն եղել թատրոնի ստեղծագործական կյանքից, քանի որ նիստերին շատ քիչ են ներկայացել: Ամեն օր խնդրում-աղաչում էինք, որ նիստեր անենք, ասում էինք` հարցեր ունենք քննարկելու, մեզ պատասխանում էին, թե իրենք գերզբաղված մարդիկ են: Եթե այդպես է, թող գնան, զբաղվեն իրենց գործով… Մեր դերասանների համար գեղխորհուրդը այնքան էր արժեզրկվել, որ ինքս ամաչում էի այդ խորհրդի անդամ լինելուս համար»:

Դերասանի խոսքով` զավեշտալի է, որ, օրինակ, Գրիգոր Խաչատրյանը ծանոթացել է «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» ներկայացման վերամշակված տարբերակին եւ խոստովանել է, որ, առհասարակ, առաջին անգամ է դիտում ներկայացումը. «Այդ դեպքում նա ինչպե՞ս պետք է համեմատականներ անցկացներ` հասկանալու համար, թե կոնկրետ ինչ վերամշակում է եղել»,-նկատեց Մ. Խաչատրյանը:

Նա պատմեց, որ սկզբում գեղխորհրդի նախագահը հանդես է եկել խոստումներով, սակայն հետո պատկերը փոխվել է. «Արա Խզմալյանը շատ մեծ-մեծ էր խոսում, ասում էր` գեղխորհրդի որոշումը պատ կծակի, խնդիրներ կլուծի, պարզվեց` հեչ էլ պատ ծակող չէր»:

Մ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ Արա Խզմալյանի առաջարկով թատրոն է ընդունվել կոմպոզիտոր Վահագն Բաբլոյանը, ում պատճառով «Կրիսպի մկնիկ» ներկայացման պրեմիերան մեկ ու կես ամսով հետաձգվել է. «Նա մի քանի ամիսների ընթացքում վեց երգից ընդամենը մեկն էր գրել, ասում էր` մուսաս դեռ չի եկել, որ գրեմ»:

Դերասանը նշեց, որ Արա Խզմալյանի առաջարկով որպես գրական մասի վարիչ թատրոն է ընդունվել Արմեն Ավանեսյանը, ով 15 օր էլ չի աշխատել. «Նրան տեսել ենք միայն «Սասունցի Դավիթ» ներկայացման ժամանակ, 5 րոպեով»:

Դերասանը նաեւ պատմեց, որ Արա Խզմալյանն առաջարկել է թատրոն ընդունել նոր պարուսույց` ձեռագրի փոփոխություն կատարելու համար. «Թատրոնի ռեժիսորն ասել էր, որ չենք կարող վարձատրել նրան, ամեն դեպքում մենք ուզում էինք գեղխորհրդի քննարկում տեղի ունենար, հնարավոր է` որոշեինք, որ պարուսույցին վճարենք, օրինակ, ամիսներ անց, եւ նա մնար թատրոնում: Բայց այդ նիստը տեղի չունեցավ: Իմ զանգերին Արա Խզմալյանը չպատասխանեց: Արդյունքում պարուսույցը հեռացավ` հայտնվելով անհարմար վիճակում»:

Մ. Խաչատրյանի կարծիքով` կարեւոր չէ, որ տնօրենը լինի թատրոնի մարդ. «Օրինակ` Սունդուկյանի, Օպերայի եւ բալետի, Պարոնյան թատրոնների տնօրեններն էլ վարչարարներ են. դա նորմալ է: Եթե թատրոնը չունի ստեղծագործական նկարագիր, հրավիրում են գլխավոր ռեժիսորի, ոչ թե փոխում են տնօրենին»- եզրափակեց նա:

Մեր զրույցին միացան նաեւ գեղխորհրդի՝ արդեն նախկին անդամներ, թատրոնի պարուսույց Նարինե Միրզոյանն ու նկարչուհի Մերի Արեյանը, որոնք պնդում էին, որ տնօրենից ոչ մի բողոք չունեն:

«Մեր աշխատանքը գեղխորհրդի մյուս անդամների հետ չստացվեց, քանի որ սայլը տարբեր կողմ էինք քաշում: Մեր աշխատանքը նրանք որոշեցին «քանդել», «փոխել»: Բայց ինչո՞ւ ավիրել այն, ինչ տարիների ընթացքում ստեղծվել է: Իհարկե, համաձայն ենք, որ մեր աշխատանքը ուներ շտկումների կարիք»,- ասաց Ն. Միրզոյանը:
Իսկ, ահա, Մ. Արեյանի համոզմամբ` գեղխորհրդի դրսի անդամները, նախկին փոխտնօրենն ու տնօրենը իրենց տեսակով, մտածելակերպով տարբեր մարդիկ են, այդ պատճառով էլ լեզու չգտան միմյանց հետ. «Կոնկրետ ես երկու կողմին էլ հասկանում էի»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս