Այս տարի կարկուտից տուժեցին Լոռու մարզի հատկապես Ագարակ եւ Լեջան համայնքների ցանքատարածությունները: Կարկուտից տուժած գյուղերի բնակիչներն աջակցություն ստացան շրջանի պատգամավոր Կարեն Կարապետյանից: Օգնություն տրամադրվեց նաեւ Լոռու մարզպետարանի կողմից: Ագարակում կարտոֆիլի բերքը հնարավոր եղավ մասամբ փրկել, սակայն ցորենի ու եգիպտացորենի դաշտերը վնասվեցին, ինչի հետեւանքով ցածր բերք ստացվեց:
Բերքահավաքի արդյունքներից գյուղացիները գոհ չեն, ասում են` կարկուտը 3 անգամ բերքը տարավ: Գյուղացիները, ճիշտ է, հուսահատված են, բայց հավաքում են կարկուտից փրկված կարտոֆիլի մնացած բերքը եւ պատրաստվում աշնանացանին: «Սա է մեր ապրուստը, ի՞նչ անենք, էլի պետք ա ցանենք, որ կարողանանք ապրել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ագարակի բնակչուհի տիկին Էլիդան: Նույն կարծիքին է նաեւ գյուղի բնակիչ Սոս Անանյանը, որը վերջերս է վերադարձել արտերկրից. «Ինչի՞ պիտի գնամ, թող պայմաններ ստեղծեն, մշակենք, մեր հողում ստեղծենք մեր ապրուստը»:
Ագարակի գյուղապետի տեղակալ Արսեն Ալիխանյանը նշում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզպետարանների միջոցով համայնքներին հատկացվող մատչելի գնով սերմացուի, պարարտանյութի եւ վառելիքի պահանջարկը գյուղապետարանի կողմից արդեն ներկայացված է: Հոկտեմբերից կսկսեն աշնանացանը:
Հարեւան Լեջան համայնքում էլ խնդիրները քիչ չեն: Այստեղ, ճիշտ է, զարգանում է անասնապահությունը, գյուղացիները կայուն եկամուտ են ստանում կաթի վաճառքից, սակայն այս տարի էլ խնդիրներ կան` մսի վաճառքի հետ կապված: Մսի գինը բավական ցածր է: Այժմ Լեջանում 1400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, ու տարեցտարի անասնագլխաքանակն ավելանում է: Սակայն, ինչպես պատմում է Լեջանի գյուղապետի տեղակալ Արայիկ Սարոյանը, առաջվա նման գնորդ չկա, իսկ եթե կա էլ, ապա շատ էժան են գնահատում, գյուղացին էլ հրաժարվում է իր ապրանքը, այսպես ասած, «ջուրը գցել»:
Ագարակում էլ անասնապահության ոլորտի խնդիրը նույնն է. միսն իրացվում է բավական էժան գներով, որը վնաս է բերում անասնապահությանը: Գյուղապետի տեղակալը նշում է, որ մսի վաճառքի պակասի պատճառը կարող է կապված լինել մարդկանց սոցիալական խնդրի հետ. շատերը նախընտրում են արտերկրից ներկրած սառեցրած մսամթերք գնել: Արդյունքում` գյուղացու արտադրածը կա՛մ մնում է, կա՛մ վաճառվում էժան գնով:
Գաղտնիք չէ, որ գյուղացու եկամուտը հիմնականում անասնապահությունից է ստացվում, իսկ այն զարգացնելու դեպքում, փաստորեն, գյուղացին կանգնում է իրացման լուրջ խնդրի առաջ: Այս դեպքում ինչպե՞ս վարվի գյուղացին:
Լոռի