Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը մեծ ոգեւորություն առաջացրեց հանրության շրջանում: Սակայն շատերի փափագը՝ Սրբազան քահանայապետին մոտիկից տեսնելու, այդպես էլ չիրականացավ: Անգամ շատ հայտնի դեմքերի նման հնարավորություն չընձեռնվեց, եւ անհասկանալի մնաց, թե ինչ սկզբունքով էին բաշխվել հրավիրատոմսերը:
Արդյո՞ք օրենսդիրները հնարավորություն ունեցել են հանդիպել Հռոմի Պապին, եւ, առհասարակ, ի՞նչ ազդեցություն է թողել Պապի այցը նրանց կյանքում՝ փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից:
-Պարո՛ն Այվազյան, Ձեզ հաջողվե՞ց հանդիպել Հռոմի Պապին եւ ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք:
-Ցավոք սրտի, այդ բախտին չեմ արժանացել: Բոլոր դեպքերում այն զգացողությունը, որ ես տեսնում եմ, թե ինչպիսի ապրումներ ունի մեր հասարակությունը՝ շատ բարի, դրական, էմոցիոնալ հույսեր արթնացնող ակնկալիքներով, ժողովրդի մոտ լուրջ տեղաշարժ է տեղի ունենում:
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ չհանդիպեցիք. անկարեւո՞ր էր, թե՞ պարզապես Ձեզ հերթ չհասավ:
-Դուք գտնում եք, որ ես պարտադիր պետք է հանդիպեի՞: Չեմ կարծում, որ որեւէ մեկի առաքելությունը կայանում է նրանում, որ Հռոմի Պապի հետ հանդիպի: Ոնց որ բոլորը, այնպես էլ ես. չի եղել նմանատիպ առիթ, ինձ բախտ չի վիճակվել:
-Որպես Աժ պատգամավոր, տեղյա՞կ եք, թե հրավիրատոմսերը ինչ սկզբունքով էին բաշխվել. շատ մարդիկ հնարավորություն չունեցան Հռոմի Պապին տեսնել կամ թեկուզ տարածքին մոտենալ:
-Իրազեկված չեմ, որովհետեւ այդ ամբողջ արարողակարգը իրականացվել է հայ առաքելական եկեղեցու կողմից: Եղել է հրավիրատոմս, այսքանը:
-Իսկ չեք կարծո՞ւմ, որ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքն այս դեպքում էլ գործել:
-Չեմ կարծում: Ես գիտեմ, որ մոտավորապես բաշխվել է 23, 25 հազար հրավիրատոմս. հասարակական սեկտր, քաղաքական գործիչներ, պետական կառավարման ապարատի ներկայացուցիչներ, ազգաբնակչություն: Ընդհանրապես ցանկացած երկրում ընդունված է այդ մոդելը: Այդ իրավասությունները, որի մասին մենք խոսում ենք, կախված են միայն այն մարմնից, որը հանդիսանում է այդ միջոցառման հիմնական իրականացնողը. տվյալ պահին դա պետական իշխանությունները չէին: Դա ավելի շատ հոգևորական այցելություն էր, և որպես ավետյաց երկիր, քրիստոնեություն ընդունած երկիր՝ դրա հիմնական իրականացնողը հանդիսանում է հայ առաքելական եկեղեցին:
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում