ԿԱ՛Մ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՀԻՄԱ, ԿԱ՛Մ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ վերջին հաղորդագրությունները, որոնք միանգամից երեք աշխարհաքաղաքական կենտրոններից են ստացվում` Մոսկվա, Վաշինգտոն եւ Փարիզ, վկայում են, որ առաջիկայում տեղի կունենա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայում` նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո:

Այլեւս ակնհայտ է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը հնարավորինս փորձում են արագացնել: Սակայն այս արագացումն իր բնույթով սովորական չէ եւ նախորդներից տարբերվում է. համանախագահներն ընդգծված փորձում են ամեն ինչ անել, որպեսզի առաջիկա ամիսներին ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ կոնկրետ փաստաթուղթ ստորագրվի:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս արագացումը պայմանավորված է քառօրյա պատերազմով: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են խնդիրը լուծել, որպեսզի ռազմական գործողությունները կրկին չվերսկսվեն: Որքան էլ այս մոտեցումն առաջին հայացքից հիմնավոր է թվում, բայց ամենակարեւոր հարցի` գործընթացի արագացման իրական պատճառները չի մատնանշում: Ի վերջո, ինչո՞ւ են միջնորդները ցանկանում մի քանի ամսում արդյունքի հասնել եւ չեն սպասում, օրինակ, մինչեւ 2017 թվականի գարուն: Հասկանալի է, չէ՞, որ ներկա նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները եւ հատկապես Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափելու են ԼՂՀ խնդրի կարգավորմանն առնչվող որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, քանի որ նման քայլը ճակատագրական կլինի անձամբ նրա եւ իր կուսակցության` իշխող ՀՀԿ-ի համար: Տեսականորեն ենթադրվում է, որ միջնորդներն այս փուլում պետք է միայն մեկ խնդիր լուծեն` համոզվեն, որ հրադադարի ռեժիմն այլեւս չի խախտվի, եւ սպասեն մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, ինչպես վարվել են նախորդ բոլոր նախագահական եւ ԱԺ ընտրություններից առաջ:
Իրականում ներկա արագացման բուն պատճառը, կամ այլ կերպ ասած՝ շան գլուխը հենց առաջիկա խորհրդարանական ընտրությունների տակ է թաղված: Բանն այն է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, անկախ դրանց արդյունքներից, միջնորդները ստիպված են լինելու ԼՂՀ խնդիրը, այսպես ասած, «ռեստարտ» անել, այսինքն՝ նախորդ տարիների անցած ուղին հիմք ընդունելով հանդերձ՝ ամեն դեպքում ամեն ինչ սկսել նորից: Բանն այն է, որ գալիք Աժ ընտրություններից հետո Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր, եւ կառավարման համակարգի տրամաբանությունն ամբողջությամբ փոխվում է: Այլեւս Հայաստանում չի լինի մեկ պաշտոնյա, որը կունենա առաջնային մանդատ, այսինքն՝ իրավունք կունենա միանձյա որոշել` ընդունել ԼՂՀ խնդրի կարգավորման այս կամ այն առաջարկը, թե մերժել:
Կասկածից վեր է, որ իրադարձությունների զարգացման այս տարբերակները միջնորդները շատ լավ գիտակցում են, եւ հենց դա է պատճառը, որ նրանք փորձում են գործընթացը արագացնել` հենց այս փուլում փաստաթուղթ ստորագրելուն հասնելու համար, քանի որ հետագայում նման հնարավորությունը այլեւս չի լինի: Ավելին՝ բացառված չէ, որ Ադրբեջանը եւս հենց այդ հանգամանքով պայմանավորված է քառօրյա պատերազմը նախաձեռնել՝ ակնկալելով, որ կա՛մ իրեն կհաջողվի Արցախը գրավել եւ ռազմական ճանապարհով խնդիրն իր օգտին լուծել, կա՛մ էլ վատագույն դեպքում այդպիսով միջնորդներին կստիպի, որպեսզի միջնորդները պատճառաբանված արագացնեն գործընթացը, ինչն էլ տեղի է ունեցել:
Արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի այս փուլում եւս ժամանակը ձգել, «բանակցելով» հասնել մինչեւ 2017 թվականի գարուն` խորհրդարանական ընտրություններին, ցույց կտա ժամանակը: Բայց փաստ է, որ մեզ համար լավագույն տարբերակը ժամանակ ձգելն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՃՈ-Ն ԷԼ ՏԵՍԱԽՑԻԿ ԿՈՒՆԵՆԱ
Շուտով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ոստիկաններից բացի՝ նաեւ ճանապարհային ոստիկանության տեսուչները «կզինվեն» անհատական տեսախցիկներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեսախցիկները պատվիրված են Հոնկոնգից, դրանք ունեն հայաֆիկացված ծրագիր, չեն կոտրվում, ջրադիմացկուն են, դիմանում են անգամ շատ բարձր ջերմությանը: Այս տեսախցիկներն ունակ են երեք օր շարունակ նկարահանել 180 աստիճանի տակ, եւ ՃՈ աշխատակիցները չեն կարող այն անջատել: Նրանց հետեւելու են մեկ կետից՝ կոռուպցիոն դրսեւորումները վերացնելու համար:

 

 

ԹՈՂ ԲՈՂՈՔԵՆ
Ինչպես հայտնի է՝ հունիսի 16-ին ՀՀ ԱԺ-ն բուռն քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը: Այդ փաստաթղթով նախատեսվում է մոտ 140 համայնքների խոշորացում: Համայնքների ղեկավարները շարունակում են բողոքել այս ծրագրի դեմ: «Ժողովուրդ»-ը ՀՀ տարածքային զարգացման եւ կառավարման նախարար Դավիթ Լոքյանից փորձեց այդ բողոքների առնչությամբ մեկնաբանություն ստանալ: «Իմ տեսակետը այն է, որ համայնքները պետք է խոշորացվեն, եւ դա իր արդյունքը պետք է տա: Դա շատ կարեւոր պրոցես է, աշխարհի փորձ կա, երկրների փորձ կա, կառավարման մոդել կա, ֆինանսական առողջացման խնդիր կա: Դժգոհությունների մեջ կան սուբյեկտիվ բաղադրիչներ, երբ համայնքապետերը, փաստորեն, մտածում են, որ կորցնելու են իրենց հնարավորությունները: Չի կարող 140 համայնք խոշորացվել եւ դժգոհություններ չլինել»,- հայտարարեց Լոքյանը:

 

 

ԷԼԻՏԱՐ  ՆԱԽԱՐԱՐԸ
Չնայած անցած տարվա վերջից ՀՀ կառավարությունը հայտարարել էր գործուղումների ծախսերը կրճատելու մասին, սակայն ՀՀ բնապահպանության նախարարության ղեկավարությունը շարունակում է առաջվա պես բիզնես կարգերով շրջագայել: «Ժողովուրդ»-ը նշված նախարարությունից այս առնչությամբ փորձել էր պարզաբանում ստանալ: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ բնապահպանության նախարարությունից վստահեցրել են, թե իբր այս տարվա ընթացքում իրենց նախարարության ղեկավար կազմից մեկ գործուղում է իրականացվել բիզնես կարգով, որը եղել է ապրիլին, մնացածը էկոնոմ կարգով են իրականացվել:

 

 
«ԴԱԲՐՈՅԻ» ՀՈՒՅՍՈՎ
Արթիկում նախընտրական կրքերը գնալով թեժանում են, ինչի առիթ են հանդիսացել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի՝ քաղաքապետ դառնալու ցանկության մասին արված հայտարարությունը եւ տարածվող այն լուրերը, թե իբրեւ արդեն իսկ ստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի «դաբրոն», ու ոչ մեկին թույլ չեն տալու, որ դնի իր թեկնածությունը: Այս հայտարարությունները արթիկցիների մոտ զայրույթ եւ տարակուսանք են առաջացրել, բանն այն է, որ աղետից հետո արթիկցիներին դրամական օգնություն ցուցաբերելուց պաշտոնապես հրաժարված Պետոյանը, ով իր ունեցվածքը դիզել է արթիկցիների հաշվին, այժմ իր ողջ կապիտալը տեղափոխում է ՌԴ՝ Անապա քաղաք: Ըստ որոշ ճշտվող տեղեկությունների՝ իր ընտանիքն այնտեղ ունի արդեն երկու հյուրանոց եւ մեկ խոշոր շինություն էլ վարձակալական իրավունքով տվել են հանրահայտ «ՄԱԳՆԻՏ» սուպերմարկետների ցանցին: Մեզ հետ զրույցում արթիկցիներից մեկը կատակեց՝ եթե Մուշեղին քաղաքապետ դարձնեն, քաղաքի փոքր բյուջեն էլ կտանի Անապա ու իր բիզնեսը կզարգացնի: Շատ են նաեւ մարդիկ, ովքեր Պետոյանի մասին խոսելիս հիշում են նրա նախընտրական խոստումներն ու պատգամավոր ընտրվելուց հետո դրանց փաստացի մոռացության տալը: Ի դեպ, Պետոյանն այն եզակի պատգամավորներից է, ով այս տարիների ընթացքում ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել, էլ ի՞նչ սպասել քաղաքապետ Պետոյանից:

 

 

ԳՈՀ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Կողմերը միմյանցից շնորհակալություն են հայտնել համագործակցության համար եւ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պատրաստակամություն հայտնել համատեղ գաղափարներ ու ծրագրեր իրականացնել:

 

 

ՎԵՐՋԱՊԵՍ ԿՆՈՐՈԳԵՆ
Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահմանի միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթեւեկության հետ կապված որոշակի դժվարություններ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը:

 

 

ԲԻԶՆԵՍ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է ծավալում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ դարձնելու համար: Հայաստանը հռչակել ու հետեւողականորեն իրականացնում է բաց դռների քաղաքականությունը` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Բիզնես հեռանկարները, խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» բիզնես-ֆորումի ժամանակ: Նրա խոսքով` իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար, որպեսզի օտարերկրյա ընկերություններն իրենց հարմարավետ ու ապահով զգան մեր երկրում:

 

 

ԻՆՉՈՒ ՓԱԿ
Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ բնապաշտպան Կարինե Դանիելայնը ստորագրահավաք են սկսում. հասցեատերը ՀՀ իշխանություններն ու միջազգային կազմակերպություններն են: Հասարակական գործիչների անհանգստության առարկան ԼՂ-ի շուրջ բանակցությունների փակ եւ, նրանց բնորոշմամբ, վտանգավոր գործընթացն է, մասնավորապես՝ ազատագրված տարածքների վերադարձի հնարավորությունը, այն սակավ ջանքերը, որ գործադրվում են՝ ԼՂ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու: Բացի դրանից՝ Հայաստանը, ըստ նրանց, պետք է ջանքեր գործադրի, որպեսզի հաստատի, թե ով է նախահարձակ եղել ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ: Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունն էլ հենց տեղավորվում է տարածքների վերադարձի տրամաբանության մեջ:




Լրահոս