ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցային լրագրության զարգացմանը զուգահեռ նորանոր խնդիրներ են առաջանում լրատվական դաշտում, որոնք, մեղմ ասած, վարկաբեկում են լրագրողի անունն ու հեղինակությունը: Ինֆորմացիոն հոսքի արագության մեջ հաճախ սպրդում են լուրեր, որոնք պարզապես առնչություն չունեն իրականության հետ: Բայց այս ինքնաքննադատության առիթն այլ է:
Հայտնի է, որ Հայաստանում գործող պաշտոնյաներն իրենց ենթակայության տակ գտնվող հայեցողական պաշտոններից առաջնայինը կարեւորում են մամուլի խոսնակի աշխատանքը: Այս աշխատանքի կարեւորությունը պետության մակարդակով այնքան մեծ է, որ ՀՀ նախագահի նստավայրում հաճախ են խոսնակների մասնակցությամբ տարաբնույթ նիստեր հրավիրվում՝ աշխատանքի արդյունավետությունը քննարկելու համար, նույնիսկ հատուկ կոորդինատոր կա: Բայց, ցավոք, մամուլի հետ պաշտոնյաների փոխհարաբերությունները լավանալու փոխարեն գնում են սրացման: Ու այդ իրավիճակի գլխավոր մեղավորներից են նաեւ մամուլի խոսնակները, որոնք թեեւ կոչված են ապահովելու գերատեսչությունների թափանցիկությունը, սակայն իրականում հանդես են գալիս իրենց ղեկավարներին լրագրողներից հեռու պահելու դիրքերից: Ու երբեմն դա անում են ամոթալի քայլերով: Թեպետ նորելուկ կայքեր կան, որոնք իրենց «մասնագիտությունը» հանել են վաճառքի եւ զբաղված են տարրական առեւտրով:
Վերջերս ուշագրավ մի պատմություն է գրանցվել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի եւ «Նռնակ» լրատվական կայքի խմբագիր Հովհաննես Եսայանի միջեւ, որն իր անցանկալի արտացոլանքը գտավ նաեւ համացանցում:
Երբ Հ. Եսայանը տեղադրեց հոդվածը՝ «Ի՞նչ է արել Օհանյանը մեր բանակի համար եւ ի՞նչ է անում նրա թմբլիկ խոսնակը» վերնագրով, անմիջապես հետեւեց «թմբլիկ խոսնակի» հակադարձումը. «Տղա՛ ջան, մարդ մի քիչ էլ բարոյականություն պիտի ունենա, ուրեմն, չստանալով ՊՆ-ից ուզածդ գումարը, արդեն անցար բացահայտ գործերի: Իսկ ընկերներիդ համար ասեմ, որ այդ տունը պատկանում է ոչ թե նախարարին, այլ մի օլիգարխի, եւ տվյալը տրամադրող կայքը ներողություն է խնդրել… Տղա՛ ջան, եթե քո մակարդակին իջնեմ, մարդիկ շատ բան կիմանան, տեղով, ժամով, գումարի քանակով, ես քեզ ասում էի, չէ՞, դու քեզ կսպանես: Այդպես էլ եղավ. մի քանի կոպեկի համար սպանեցիր քեզ. ափսոս»:
Մի կողմ թողնենք խոսնակի հոխորտանքները ու փորձենք հասկանալ, թե ինչ առեւտուր է փորձել անել Եսայանը, ինչու է նա լրագրողի կոչումը հանել վաճառքի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովհաննես Եսայանն ասաց. «Պարոն Հովհաննիսյանը լուրջ պաշտոնյա է եւ նման ցածրակարգ մեկնաբանություններով իջեցնում է իրեն իր դիրքից: Ուրեմն ամիսներ առաջ՝ երեւի գարնանն էր՝ մայիս ամսին, մենք ունեինք մի տեսանյութ գեներալներից մեկի մասին, որտեղ նա խաղատներից մեկում մեծ խաղադրույք էր կատարում եւ պարտվում: Մենք ցանկանում էինք այդ տեսանյութը հրապարակել, պարոն Հովհաննիսյանը, տեղեկանալով դրա մասին, եկավ մեզ մոտ, առաջարկեց ամեն տեսակի՝ թե՛ ֆինանսական, թե՛ ամեն ձեւ, որպեսզի չհրապարակենք դա: Կոնկրետ, քանի որ մենք ընդհանուր ծանոթներ ունեինք, մենք այդ նյութը չհրապարակեցինք զուտ նրա համար, որ գեներալը պատերազմում կռված մարդ է եւ այլն: Դրանից հետո պարոն Հովհաննիսյանը մեզ մոտ ուղարկեց իրենց լրագրողներից Սմբատ Ղահրամանյան անունով մեկին ու հանձնարարեց կոնկրետ զբաղվել ՊՆ-ի հետ կապված նյութեր հրապարակելով: Այդ պայմանի մեջ մտնում էր այն, որ Սմբատ Ղահրամանյանի ֆինանսները, պետք է տա ՊՆ մամլո խոսնակը: Արդյունքում դուրս եկավ այնպես, որ Ս. Ղահրամանյանին չֆինանսավորեցին, ու մենք պետք է ֆինանսավորեինք, ու ես ստիպված դիմեցի պարոն Հովհաննիսյանին: Ինքը ասաց՝ ոչ, ու որոշակի կոնֆլիկտներ եղան նրա հետ: Այդ օրվանից հետո ցանկացած խնդրի շուրջ, անգամ երբ մենք դիմել ենք մի տեղեկություն հաստատելու կամ հերքելու համար, պարոն Հովհաննիսյանը բացասաբար, կոնֆլիկտային տրամադրվածությամբ է մեզ պատասխանել: Բայց ես ասում եմ՝ դա այն գումարն է, որը պետք է տրամադրվեր Ս. Ղահրամանյանին»:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ Արծրուն Հովհաննիսյանին, սակայն նա հրաժարվեց մեկնաբանել այս պատմությունը, ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու էր նա «ագենտ» գործուղել լրատվական կայք՝ հետագայում հրաժարվելով վճարել նրան:
Այնուամենայնիվ, ո՞վ է «Նռնակ»-ի իրական սեփականատերը, որն ամեն գնով ջանում է ցեխ շպրտել ՊՆ-ի վրա: Լուրեր կան, որ Եսայանի ղեկավարած կայքը պատկանում է Վարդան Ղուկասյանին՝ Դոգ մականվամբ, որը Շենգավիթի փոխոստիկանապետն է եւ ապահովում է ինֆորմացիոն հոսքեր: Սակայն Եսայանը հերքեց դա. «Բազում անգամ լսել եմ այս տեղեկությունը, ժամանակին Վ. Ղուկասյանն ինձ հետ մտերիմ է եղել, բայց նա բացարձակապես կապ չունի կայքի հետ»: Հավելենք, որ կայքերը, ի տարբերություն թերթերի, որոնք վաճառքից գոյացած գումարով կարող են ինքնաֆինանսավորվել, չեն կարող «ապրել» առանց հովանավորի:
Մեզ մնում է վերջում արձանագրել, որ ազատությունն իրապես բացարձակ արժեք է, եւ գովելի է, որ լրագրողները թեկուզ սնկի պես աճող տարաբնույթ կայքերում ազատ են գործում, հիմնականում գրում այն, ինչ լսում են կամ մտածում: Բայց ազատության չափաբաժնի կորուստը բերում է առավել վտանգավոր մի երեւույթի՝ անպատասխանատվության, որը կարող է իրավիճակի անվերահսկելիության հանգեցնել: Այն, ինչ ունենք այսօր:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս