Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ անկախ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններից, բանակցությունները շարունակվում են:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հուլիսի 17-ից Երեւանում զարգացող իրադարձությունները կապվում են ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների հետ: Տեսակետ կա, որ մինչ մենք խառնված ենք ներքին հարցերի կարգավորմամբ, արտաքին ճնշումները՝ հիմնահարցը կարգավորելու շուրջ, շարունակվում են: Կա՞ կապ ներսում ու դրսում տեղի ունեցող գործընթացների մեջ:
-Կապն այնքանով կա, որքանով զինյալները, փաստորեն, նույնքան անհանգստացած էին ընթացող բանակցություններով, որքան եւ հասարակության մի ստվար հատված: Ոմանք ընտրել են լռությամբ բողոքի, ոմանք հարթակից եւ փողոցից բողոքի, ոմանք մասնագիտորեն խոսելու, իսկ ոմանք էլ այն ճանապարհը, որին ականատես ենք լինում ՊՊԾ գնդում: Մնացածը կոնսպիրոլոգիական, կեղտոտ մտքերի անմաքուր արտադրանք է: Հետքեր տեսնել Արեւմուտքում՝ ԱՄՆ-ում, Բրիտանիայում կամ էլ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում եւ կամ Ֆիջիում. հիվանդ կամ չարամիտ երեւակայության արդյունք է: ՊՊԾ գնդում այնքան պարզ է ամեն բան, որ կասկածելիս պետք է կասկածելի մոտիվներ ունենալ: Բնականաբար պետական ռեպրեսիվ ապարատը սկսել է բոլոր արեւմտյան անձնագիր կամ կապեր ունեցողներին վարկաբեկելու, կոնսպիրոլոգիական լույսի ներքո ցուցադրելու, այս կամ այն երկրի հատուկ ծառայության աշխատակից կամ գործակալ ներկայացնելու գործընթաց: Դա դեռեւս խորհրդային տարիներից եկած մոտեցում է: Այդ տրամաբանությամբ Հայաստանի առնվազն մեկ առանցքային նախարարի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ընդհանրապես անհրաժեշտ է նշանակել Հայաստանում դաշնակից պետության դեսպաններ: Այս ամենն, իրականում, մարդու չեզոքացման տակտիկա է:
Նրանց, ում այլ մեթոդներով հակազդելը դժվար է, եւ որոնց դեմ որեւէ փաստարկ չունեն, որովհետեւ չկա, փորձում են դրսի հետ կապի հանգամանքն օգտագործելով՝ դեմոնիզացնել եւ իբրեւ թե վարկաբեկել: Արդեն այդպիսի նյութեր տեսնում ենք իշխանական մամուլում: Վստահ եմ, որ դեռ ավելիին ականատես կլինենք: Իրականում դա նույնպես կուրության եւ իրականությունից կտրվածության արդյունք է: Փոխանակ աշխատելու ստեղծված իրավիճակը հարթելու եւ երկիրը շահած դուրս բերելու այս ճգնաժամից, իշխանությունը խորամանկ գավառամտությամբ փորձում է կեղծ տեսություններ հնարել եւ ավելի խորացնել ճգնաժամը:
-Այս իրավիճակում Սերժ Սարգսյանն ի՞նչ քաղաքական կապիտալով կարող է գնալ բանակցությունների:
-Քաղաքական կապիտալ նախագահը վաղուց չունի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, գոնե այս տարածաշրջանի մասով թելադրվում է այլ կենտրոններից: Ամոթալի բանակցությունների փաստն արդեն խոսում է այն մասին, որ այդ սեղանի շուրջ Հայաստանն անկապիտալ է նստած: Նման պայմաններում իրավիճակը կարող է միայն պարտվողական լինել, իսկ գործընթացները՝ աղետալի:
-Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հետ կկանգնի տարածքների հանձման շուրջ ժողովրդի թիկունքում բանակցելու գործելաոճից, ինչպե՞ս արձանագրել էիք նաեւ Շուշիում ստորագված հռչակագրում:
-Չգիտեմ: Սարգսյանն այս պահին ակնհայտորեն հետ չի կանգնել, որովհետեւ պաշտոնական եւ հաստատակամ հայտարարություն չի անում, որ տարածքների հանձնման մասին խոսք անգամ լինել չի կարող: Եվ եթե այդ մասով իրոք չի բանակցում, ապա անհասկանալի է, թե ինչը կխանգարեր նման հայտարարություն անելուն: Թե ինչ կլինի վաղը, ես որեւէ կերպ չեմ կարող կռահել: Բայց, դատելով գործընթացների խորացածությունից, թերեւս այս կուրսը կշարունակվի:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում:
-Սա նշանակում է, որ ոչինչ չփոխող եւ ոչինչ չտվող գեղեցիկ մի դրվագ կարգավորվել է, եւ համաձայնություն է ձեռք բերվել: Դա նաեւ կարող է վկայել երկու ղեկավարների միջեւ հաստատված աննախադեպ փոխվստահության մասին: Լավ է նման մերձեցումն արդյոք, թե ոչ, դատեք ինքներդ:
Արփինե Թովմասյան