«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը վերջին անգամ երեկ է հանդիպել իր պաշտպանյալին և զրուցել նրա հետ: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Մարտիրոսյանի ոգին մարտական է:
Փաստաբանը հավելեց, որ այսօր` 12:30-ին, ավարտվում է ձերբակալման ժամկետը, և պետք է որոշվի նրա խափանման միջոցը: «Իրականում տեսաձայնագրություններ գոյություն ունեն, որում նշվում է, որ ինքը որևէ զանգվածային անկարգություններ չի կազմակերպում, ոչ մի տենց կոչեր չի արել, այլ ընդհակառակը` քայլեր է ձեռնարկել, որ որևէ բռնություն չլինի», – նշեց փաստաբանը, հավելելով, որ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ոչ մի բռնություն չի եղել:
Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել էր հունիսի 29-ի երեկոյան և կասկածվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Ինչպես հայտնի է, այդ օրը բախումներ տեղի ունեցան Սարի թաղում և Խորենացիում, որի հետևանքով բազմաթիվ վիրավորներ եղան: