Հեռուստադիտողների մի ստվար զանգված հետաքրքրված է` ուր է կորել հումորային նախագծերի հայտնի դեմքերից մեկը` հումորիստ-դերասան Վահագն Ստեփանյանը` նույն ինքը` Դելոն, ում հիշում ենք նաեւ «Բլեֆ» հաղորդումից, որի շրջանակներում նա տարբեր «փորձությունների» էր ենթարկում աստղերին:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Դելոյի հետ, ով տեղեկացրեց, որ արդեն 2.5 տարի է` ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում. «Այստեղ հասցրել եմ երկու ներկայացման մեջ հանդես գալ. կյանքումս առաջին անգամ խաղացել եմ թատրոնում` մարմնավորելով հումորային կերպարներ, նաեւ զբաղվում եմ գովազդային հոլովակների պրոդյուսինգով. արդեն նկարահանել եմ 5 հոլովակ: Ի դեպ, եթե պատվիրատուն ցանկություն է հայտնում, նաեւ նկարահանվում եմ այդ հոլովակներում»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք հեռուստադիտողները կտեսնեն Դելոյին նոր կերպարներում, վերջինս պատասխանեց. «Այո՛, սակայն ժամկետների ու ֆորմատի վերաբերյալ փակագծեր բացել դեռ չեմ կարող»:
Մենք նաեւ հարցրինք` որքան ժամանակ է հումորիստը պատրաստվում մնալ ԱՄՆ-ում եւ արդյոք ծրագրում է վերադառնալ Հայաստան. «Միացյալ Նահանգներում դեռ կմնամ այնքան ժամանակ, մինչեւ կհաջողվի լուծել թղթաբանական որոշ հարցեր, որպեսզի կարողանամ գալ հայրենիք: Հայաստանն իմ տունն է, իսկ աշխարհի բոլոր մնացած տեղերում ես զբոսաշրջիկ եմ, այնպես որ անպայման գալու եմ»,-խոստացավ Դելոն` հավելելով, որ պահում է հայաստանցի ընկերների ու գործընկերների հետ կապը:
Անդրադառնալով ապագայի հետ կապված նպատակներին` հումորիստը նշեց. «Ես ուրախ ու երջանիկ եմ իմ կյանքում ապրած ամեն վայրկյանի համար եւ շարունակում եմ նույն լավատեսությամբ ապրել ու համոզված եմ, որ կհասնեմ իմ բոլոր նպատակներին»:
Հավելենք, որ Դելոն եւ կինը` Ռուզաննան, սպասում են իրենց առաջնեկին: Նրանց արու զավակը լույս աշխարհ կգա սեպտեմբերին:
Աննա Բաբաջանյան