ՀՀ կառավարությունը շարունակում է ծախսել Հայաստանի պետական բյուջեում չեղած գումարները: Ինչպե՞ս, այսպես, պետական բյուջեով այս տարվա համար ծրագրված 1 տրիլիոն 427 միլիարդ 277 միլիոն գումարներից երեկվա դրությամբ արդեն ծախսվել էր 819 միլիարդ 323 միլիոն դրամը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական բյուջեի առաջին կիսամյակի հաշվետվությունը, որում պաշտոնապես արձանագրված է, որ պետական բյուջեի ծախսային մասով կատարողականը կազմել է 92 տոկոս: Այսինքն՝ առաջին կիսամյակի համար պետական բյուջեի պլանով նախատեսված է եղել ծախսել 687 միլիարդ 113 միլիոն դրամ: Սակայն առաջին կիսամյակում ՀՀ կառավարությունը պետական բյուջեի կատարման համար կարողացել է փաստացի հատկացնել 631 միլիարդ 817 միլիոն դրամ: Ու այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը չի կարողանում պլանավորված գումարները հավաքագրել, դրա համար էլ պետական բյուջեի միջոցները սկսել են քչություն անել, հաստատվում է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությամբ:
Մյուս կողմից, երբ ուսումնասիրում ենք առանձին ոլորտների ծախսերը, կրկին բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: Այսպես՝ ողջ տարվա կտրվածքով պետբյուջեում բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ նպատակի համար նախատեսված է 34 միլիարդ 813 միլիոն դրամ: Այդ գումարից բնակարանային շինարարության համար նախատեսված է 7 միլիարդ 510 միլիոն դրամ, 24 միլիարդ 31 միլիոն դրամը` ջրամատակարարման, 2 միլիարդ 360 միլիոն դրամը` փողոցային լուսավորության եւ 911 միլիոն դրամը` ոչ մի դասի մեջ չմտնող բնակարանային շինարարության համար: Վերը նշված ընդհանուր գումարից երեկվա դրությամբ ծախսվել է 11 միլիարդ 593 միլիոն դրամը, իսկ 23 միլիարդ 220 միլիոն դրամը դեռ նոր պետք է ծախսեն:
Փաստորեն, հիմնականում երկու` ջրամատակարարման եւ փողոցային լուսավորության ուղղությամբ են գումարները ծախսվել: Մասնավորապես, ջրամատակարարման ուղղությամբ ծախսվել է 8 միլիարդ 987 միլիոն դրամ, իսկ փողոցային լուսավորության համար` 1 միլիարդ 350 միլիոն դրամ: Ողջ տարվա բնակարանային շինարարության համար նախատեսված գումարներից, երեկվա դրությամբ ծախսվել է մոտ տասը տոկոսը միայն` 703 միլիոն դրամ, իսկ 6 միլիարդ 807 միլիոնը դեռ մնում է ՀՀ կառավարության գանձարանում:
Ավելին՝ բնակարանային շինարարության համար նախատեսված գումարների մոտ 80 տոկոսը` 5 միլիարդ 576 միլիոն դրամը, նախատեսված է պետական ծառայողներին բնակարանով ապահովելու համար: Այլ կերպ ասած՝ պետական բյուջեով կոնկրետ ոլորտի համար նախատեսված գումարների առյուծի բաժինը նախատեսվում է ծախսել պետական պաշտոնյաների՝ առանց այդ էլ ապահովված կյանքը էլ ավելի ապահովված դարձնելու համար: Իսկ, ասենք, երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով ողջ տարվա կտրվածքով հատկացվել է 1 միլիարդ 849 միլիոն դրամ: Այդ գումարի առյուծի բաժինը հատկացվել է ՀՀ Շիրակի մարզպետարանին` 1 միլիարդ 610 միլիոն դրամ, որից երեկվա դրությամբ ծախսվել է 530 միլիոն դրամ: Ի դեպ, ծախսված գումարներից 525 միլիոն 753 հազար դրամը նախատեսվել է ծախսել Ախուրյան քաղաքում երեք կիսակառույց շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու համար:
Նշված գումարից 76 միլիոն 896 հազար դրամն արդեն իսկ վճարվել է: Մասնավորապես, միայն նախագծա-նախահաշվային աշխատանքների հավար վճարվել է 8 միլիոն 300 հազար դրամ «Արխիտոն» ՍՊԸ-ին: Իսկ 68 միլիոն 596 հազար դրամը վճարվել է նշված երեք շենքերի շինարարական աշխատանքների համար, որից 28 միլիոն 339 հազարը` «Շինարար» ՍՊԸ-ին, իսկ մնացած 40 միլիոն 257 հազարը՝ «Շինկարկաս» ՍՊԸ-ին:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԴԱՏԱՐԱՆՈՎ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցներն օրերս ահազանգել էին «Ժողովուրդ»-ին՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատավարձերը տեւական ժամանակ չեն ստացել: Խնդրի առնչությամբ բժշկական կենտրոնի տնօրեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Ինչ թաքցնեմ, կան խնդիրներ?կապված աշխատավարձերի ուշացման հետ: Բայց այդ խնդիրներն ունեն լուրջ, օբյեկտիվ պատճառներ»: Ու պարզվում է՝ այս խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է բարդացել, քանի որ բժշկական կենտրոնի աշխատակիցները այլ ելք չունենալով՝ դիմել են դատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ԱՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը: Գյուլնարա Հարությունյանը միաժամանակ բժշկական կենտրոնի դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է:
ՍԿՍԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ սեպտեմբերի 18-ին մի շարք մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արդեն բազմաթիվ թեկնածուներ են առաջադրվել: Մասնավորապես, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում երեկվա դրությամբ ինքնառաջադրվել են երկու թեկնածուներ` ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը եւ անկուսակցական Արշալույս Մեջլումյանը: Ապարան քաղաքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը: Մեկ այլ՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում էլ ՀՀԿ-ն առաջադրվել է նույն կուսակցության անդամ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ինքնառաջադրվել է անկուսակցական Ավետիք Հարությունյանը, իսկ ՀՀԿ-ն առաջադրել է նույն կուսակցության անդամ գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի թեկնածությունը: Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ երեկ ինքնաառաջադրվել է:
ԾՆՈՒՆԴԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 6-ին դարձել է 68 տարեկան: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նա իր պաշտոնական ծնունդը նշել է օրերս՝ օգոստոսի 12-ին, «Ծիրանի» ռեստորանում, պաշտոնյաների նեղ շրջապատի հետ: Բնականաբար, Սերգո Կարապետյանի ծննդյան արարողության հիմնական հյուրը եղել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես հայտնի է՝ Սերգո Կարապետյանը եւ Հովիկ Աբրահամյանը համատեղ բիզնես ունեն՝ «Արտաշատ պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ ապրանքանիշը «Արտֆուդ»: Երկար տարիներ Աբրահամյանը քաղաքականությամբ էր «զբաղվում», Կարապետյանն էլ բիզնեսն էր կառավարում, իսկ 2010-ից վերջինս ՕԵԿ-ի քվոտայով դարձավ գյուղատնտեսության նախարար:
ՇՈՅԳՈՒՆ Է ԵԿԵԼ
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 15-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր: Սահակյանը նշել է, որ կազմավորումից ի վեր հանձնաժողովը կատարել է ծավալուն աշխատանք: Արդյունքում ներկայացվել է առաջարկ, որի հիմքում ընկած է նախագահական կառավարման համակարգը: «Հաշվի առնելով հանձնաժողովի տեսակետը՝ քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումը, մեր տեղեկացված լինելը բնակչության մեծամասնության կարծիքին, որն արտահայտվել է նաեւ վերջերս անցկացված սոցիալական հարցումների արդյունքում, ես ընդունում եմ առաջարկվող տարբերակը ու հավանություն եմ տալիս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին եւ հանձնարարում եմ հանձնաժողովին` մշակել ու սահմանված ժամկետում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,-ասել է երկրի ղեկավարը:
ԺԱՄԱՆԵԼ ԵՆ
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ֊մայոր Ռաիմբերդի Դույշենբիեւի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի գլխավորած պատվիրակությունը:Օգոստոսի 14-ին էլ Երեւան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
ՄԱԿ-ՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, հայտնում է Trend գործակալությունը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 13-ից 16-ը Նյու Յորքում` ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում: «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը» եւ «Սառեցված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածքներում, նրանց հետեւանքները աշխարհի համար, միջազգային անվտանգությունը եւ զարգացումը» բանաձեւերի նախագծերը ներառված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նիստի օրակարգում»,- հայտնում է գործակալությունը:
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ հղած պատգամում անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ հայ ժողովրդին կոչ անելով հեռու մնալ ներքին հակասություններ եւ բռնություններ առաջացնող տարատեսակ երեւույթներից: Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին եւ հայ ժողովրդին. «Ես ցանկանում եմ, որ մեր հայրենի իշխանությունը իր շուրջը նայի: Անընդունելի է, որ Երեւանի փողոցների, ճանապարհների վրա արյուն թափվի: Հայի արյուն կարող է թափվել միայն Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանության սրբազան ճանապարհին: Հեռու է պետք մնալ իշխանություն-ժողովուրդ, Հայաստան-սփյուռք բաժանարար մտածելակերպից ու գործելակերպից»: