Երեկ Սարդարապատ գյուղում մթնոլորտը խիստ լարված էր, իսկ գյուղի բնակիչները գտնվում էին վախի եւ շոկի մեջ: Պատճառը նոյեմբերի 14-ին գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունն էր, քանի որ շատերի համար զարմանալի էր, թե ինչու պետք է Սարդարապատ գյուղի 21-ամյա բնակիչ Նժդեհ Ենոքյանը սպաներ Սարդարապատում քրեական հեղինակություն համարվող, «Թեփ» մականունով հայտնի 41-ամյա Արմեն Եփրեմյանին, այն էլ նրա կնոջ ներկայությամբ:
Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ցերեկը՝ ժամը 14:45-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի միջից հրազենից կրակոց է արձակվել 1972թ. ծնված Արմեն Եփրեմյանի վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նույն օրը՝ երեկոյան՝ ժամը ութին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Հայկավան գյուղում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Սարդարապատ գյուղի բնակիչ Նժդեհ Ենոքյանը:
Իսկ ինչու է երիտասարդ Նժդեհը ցանկացել սպանել Արմեն Եփրեմյանին, որը Հայաստանում չէր եղել շուրջ 20 տարի: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Սարդարապատ գյուղ: Մեզ հետ զրույցում գյուղի բնակիչները պատմեցին, որ Արմենն իր ընտանիքի հետ երկար տարիներ է, ինչ ապրում էր Մոսկվայում: «Նրա հայրական տանը եզդի մարդիկ են ապրում: Մեկ շաբաթ առաջ Արմենի կնոջ՝ Թելինեի հայրը մահացել էր, եւ իմացանք, որ Արմենը եկել էր՝ հուղարկավորությանը մասնակցելու: Աներոջ թաղումից հետո տեղի ունեցավ այս սպանությունը: Դա արել է Սարդարապատ գյուղում հայտնի «Բոբոլ Հովոյի» տղեն` Նժդեհը, իսկ թե ինչի համար, չգիտենք»,-ներկայացրեց գյուղի բնակիչ Ռաֆիկը:
Համագյուղացիների խոսքով՝ այս սպանությունը խորը արմատներ ունի. «Նժդեհը վրեժ է լուծել տարիներ առաջ տեղի ունեցած թշնամության համար: Դեռ շատ տարիներ առաջ Գոռ անունով «օրենքով գող» կար գյուղում: Նա 2006թ. անհետ կորած է, ու ոչ ոք չգիտի՝ կենդանի է, թե ոչ: Ասում են՝ այդ Գոռն ու Արմենը թշնամիներ են եղել: Այդ գողական Գոռը Նժդեհի հորեղբայրն է, ու Նժդեհը երեւի վրեժխնդիր եղավ: Ի՞նչ իմանանք, թե ինչու այսպիսի բան արեց»:
Այցելեցինք սպանված Արմենի տուն: Նախ նկատեցինք, որ տան մոտ շտապօգնության մեքենա կար կանգնած: Բակում հավաքվածներն ասացին, թե Արմենի կինն ուշագնաց է եղել, քանի որ ժամեր առաջ է իմացել ամուսնու մահվան լուրը: Արմենի հորեղբայրը՝ Կոլիկ Եփրեմյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք վարկածներ ունեն այն մասին, թե սպանությունը պատվիրել է Սարդարապատ գյուղում հայտնի Գոռ անունով մի գողական հեղինակություն. «Սա, կրկնում եմ, ընդամենը վարկած է: Մեզ համար էլ է կատարվածը զարմանալի: Չգիտենք, թե ոնց է եղել, ոնց են կրակել, ոչ ոք ի վիճակի չէ խոսել: Մենք հիմա մեր վշտի հետ ենք»:
Ըստ մեր զրուցակցի՝ Արմենի քույրը տարիներ առաջ մահացել է, իսկ միակ եղբայրը, դեպքի մասին իմանալով, Մոսկվայից շտապ եկել է Հայաստան: «Երկու անչափահաս երեխաների հայր էր: Էլ բան չեմ կարող ասել, ի վիճակի չեմ: Կներեք»,-ասաց հորեղբայրը՝ հազիվ զսպելով արցունքները:
Եղանք նաեւ սպանության կասկածանքով ձերբակալված Նժդեհ Ենոքյանի տանը: Վերջինիս առանձնատ, մոտ նկատեցինք, որ ՊՊԾ աշխատակիցները խիստ վերահսկողություն էին սահմանել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Նժդեհի մոր՝ տիկին Սաթենիկի հետ: Վերջինս պատմեց, որ ե՛ւ դեպքի օրը, ե՛ւ մինչ այդ էլ իր որդու մոտ որեւէ տարօրինակ բան չի նկատել, եւ, առհասարակ, սպանության պատմությունից իրենք շատ զարմացած են. «Առավոտը 11:30-ի կողմերն էր, տղաս քնից արթնացավ, գործ ունեինք անելու, ամեն ինչ նորմալ էր: Ասաց, թե մա՛մ ջան, այստեղ եմ, ու ինքը միշտ գյուղի տղերքի հետ կանգնում է գյուղում: Մի քիչ անցավ, մեկ էլ տենամ՝ հավաքվեցին տան մոտ, թե ուր է մեքենան, ուր է տղադ: Ասում եմ՝ ի՞նչ մեքենա: Ինձ ոստիկանները հայտնեցին, թե Ձեր որդին խփել փախել է, ու այդ լսելով՝ շտապ զանգեցի ամուսնուս: Շատ զարմացած եմ: Իմ որդին որտեղի՞ց պետք է ճանաչեր Արմենին: Նրանց տարիքային տարբերությունը շատ է: Արմենը 1972 թվականին է ծնվել, իսկ իմ որդին 21 տարեկան է, նույնիսկ անցյալում չեն ճանաչել իրար: Որդիս անգամ որսորդական զենք չունի, բան չենք հասկանում՝ էս ինչ պատմություն էր»:
Երբ կասկածյալի մորը փոխանցեցինք տարածված լուրերն այն մասին, որ սպանությունը պատվիրել է Նժդեհի հայտնի գողական հորեղբայր Գոռը, նա միանգամից բացառեց այդ վարկածը. «Չէ՛, նման բան չի կարող լինել, ինչ ասես, թե չեն ասում, նույնիսկ ասում էին, թե իմ տանից զենքեր են հանել, բայց ոչ մի բան էլ չեն հանել: Իմ որդին հավ անգամ չէր խփի, ի՞նչ պատվեր կատարելու մասին է խոսքը: Մեզ բոլորիս տարել են, հարցաքննել են, ու մենք ասել ենք այն, ինչ Ձեզ ասացի»:
Մոր խոսքով՝ Նժդեհն ունի քույր ու եղբայր, որոնք բարձրագույն կրթություն ունեն. «Ամուսինս՝ Հովհաննեսը, ու մյուս տղաս քանդակագործ են. աղջիկս ամուսնացած է Երեւանում: Նժդեհն էլ սովորում էր Հայաստանի ագրարային համալսարանում, սակայն պայմաններ չունեինք, դուրս եկավ այնտեղից»:
Նշենք, որ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն պահելը, կրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: Իսկ թե ինչպես է ոստիկանությունն ապացուցելու, որ 21-ամյա երիտասարդն է Ա. Եփրեմյանին սպանել, ապագան ցույց կտա:
Հ.Գ. Նշենք, որ կրակոցներից տուժել է նաեւ Ք. Ավետիսյանը, որը եղել է Ա. Եփրեմյանի կողքին:
ՎԵՆԴԵՏԱ 21-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՁԵՌՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ