Նույնիսկ պաշտոնական վիճակագիրներն են այլեւս ընդունում, որ Հայաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում: Բանն այն է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա անցած յոթ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ, պարզվում է, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա նույն ամսի հետ համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշ 4,3 տոկոսով ցածր է եղել: Այլ կերպ ասած՝ այս տարվա հուլիսը Հայաստանի տնտեսության համար խիստ վատն է եղել:
Իհարկե, ընդհանուր յոթ ամսվա կտրվածքով պաշտոնական վիճակագիրները, այնուամենայնիվ, տնտեսական աճ են արձանագրել` 3 տոկոսի չափով, բայց հենց այս փաստն իսկ արդեն վկայում է ՀՀ կառավարության ծանր կացության մասին: Բանն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ` վեց ամիսների արդյունքները ամփոփելիս, պաշտոնական վիճակագիրները գրել էին, թե իբր 4,8 տոկոսի տնտեսական աճ ենք ունեցել: Այսինքն՝ մեկ ամսում նույնիսկ պաշտոնապես Հայաստանի տնտեսությունն արդեն հասցրել է իր «աճի» մոտ երկու տոկոսը կամ իբր թե ձեռքբերածի 40 տոկոսը կորցնել:
Յոթ ամիսների արդյունքներով փաստացի գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է անկում: Այսպես՝ մեկ ամիս առաջ արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել էին 8,9 տոկոսով, այժմ այդ ցուցանիշը կազմել է 7,9 տոկոս: Գյուղատնտեսական համախառը արտադրանքի ծավալն անցած ամիս աճել էր 3,3 տոկոսով, այժմ այդ թիվը ընդամենը 1,3 տոկոս է կազմում:
Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները երկար-բարակ թվեր նկարելուց հետո կարողացել են ընդամենը չնչին տարբերությամբ աճ «նկարել», որպեսզի ստիպված չլինեն խոստովանել, որ գյուղատնտեսությունում անկում ենք ունեցել: Ասել է, թե Հայաստանի գյուղացին այսօր ավելի աղքատ է, քան անցած տարի, անցած մեկ տարին նրա կյանքում ոչինչ չի ավելացրել: Շինարարության ծավալների անկումը մնացել է նույնը՝ 7,6 տոկոս` անցած տարվա յոթ ամիսների հետ համեմատած:
Ի դեպ, առեւտրի շրջանառության անկումը տոկոսային արտահայտությամբ մի փոքր է ավելացել` 0,1 տոկոսով, վեց ամիսների կտրվածքով անկումը 0,3 տոկոս էր կազմել, այժմ դարձել է 0,4: Սակայն այս փաստը կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, որ նույնիսկ պաշտոնական կառույցներն ընդունում են Հայաստանի բնակչության էլ ավելի աղքատանալու հանգամանքը: Ինչպես հայտնի է՝ առեւտրի շրջանառության անկումը ենթադրում է սպառողների գնողունակության նվազում, ինչն իր հերթին ենթադրում է բնակչության էլ ավելի աղքատացում: Նման պայմաններում ամենեւին էլ պատահական չէ, որ էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները այս տարվա յոթ ամիսների արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, 5,5 տոկոսով նվազել են: Այսինքն՝ Հայաստանի ողջ բնակչությունը, ձեռնարկությունները եւ մնացածը միասին այս տարի անցած տարվանից էապես քիչ էլէներգիա են օգտագործել: Իսկ նման անկումները լավ օրից չէ, որ տեղի են ունենում:
Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանում պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը շարունակում են նվազել: Մասնավորապես, մեկ ամիս առաջ այդ անկումը կազմել 0,6 տոկոս, այժմ այն դարձել է 1 տոկոս: Ամսվա կտրվածքով պետական աշխատողների ստացած աշխատավարձերն այս ընթացքում նվազել են մոտ 1600 դրամի չափով: Հայտնի է, որ պետական հիմնարկների ղեկավար կազմի աշխատավարձերը չեն փոխվել, նրանք շարունակում են նախկինի պես աստղաբաշխական գումարներ ստանալ ոչինչ չանելու համար: Այսինքն՝ աշխատավարձի անկումը տեղի է ունեցել պետական հիմնարկների շարքային աշխատակիցների եկամուտների նվազման հաշվին:
Իհարկե, վերը բերվածը դեռ չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները խելքի կգան եւ կսկսեն երկրի տնտեսությունը փրկելու ուղղությամբ քայլեր կատարել, որից առաջինը իրենց հեռանալն է: Առավել հավանական է, որ կառավարությունում կրկին կհավաքվեն եւ մեկմեկու շնորհակալություն կհայտնեն «փայլուն» աշխատանքի համար:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ