ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԱՇՈՏՅԱՆԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Բելգիայի իրապահահները բացահայտել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վրա կատարված հարձակման առեղծվածային դեպքը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրան թիրախավորել են Բելգիայի Լյուվեն քաղաքում` կողոպտելու համար:

2016 թվականի հունիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պաշտոնապես հայտարարել էր. «Այ, հիմա կարող եմ գրել: Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման: Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին: Մտերիմներին, հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչեւ Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել: Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի եւ ոչ շարունակ: Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»:
Այս դեպքից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ չի բացառվում՝ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վրա Բելգիայում կատարված հարձակման հետեւում կանգնած լինի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եւ ինչու հենց Ծառուկյանը. 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը չարիք է Հայաստանի համար եւ պետք է լքի քաղաքական դաշտը, Արմեն Աշոտյանն ամենաակտիվ ՀՀԿ-ականներից էր, որը Գագիկ Ծառուկյանին իր հարցազրույցներում մականունով էր դիմում:
Եւ Ծառուկյանի կողմից կազմակերպված լինելու այս վարկածը Աշոտյանի շատ մտերիմներ ակտիվորեն տարածում էին ՀՀԿ-ում` բարձրաձայն կասկածներ հայտնելով, թե Ծառուկյանը քեն է պահել ու հիմա, թեեւ ՀՀԿ նախագահի հետ մտերիմ է, այնուամենայնիվ, Աշոտյանից վրեժ լուծեց: Անշուշտ, օբյեկտիվ էր ընկալվում մատուցվածը, քանի որ, ինչպես Սերժ Սարգսյանը մի առիթով ասաց, մեր հայկական մենթալիտետն ուրիշ է:
Ու մինչ Բելգիայի իրավապահները պարզում էին, թե ով է ՀՀԿ փոխնախագահին ծեծի ենթարկել, Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Ծառուկյանի վարկածին, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր, ընդամենը նշել էր, թե հետաքննություն է ընթանում:
Մեզ հասած տեղեկություններով՝ Բելգիայի իրավապահները շուրջ 2 ամիս տեւած քննությունից հետո բացահայտել են Արմեն Աշոտյանի վրա հարձակում իրականացնելու միջադեպը: Ըստ այդմ, ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ հարձակում գործած անձինք սովորական կողոպտիչ խուլիգաններ են եղել, որոնց նպատակը եղել է Արմեն Աշոտյանին թալանելը: Նրանք տեսել են, որ Աշոտյանը միայնակ է, իրեն ուղեկցող երիտասարդը հյուրանոցի համար է բարձրացել, անմիջապես թիրախավորել են: Չի բացառվում, որ իրավապահների կողմից հայտնաբերված երիտասարդները պատմել են, որ Արմեն Աշոտյանը թանկարժեք խանութներից գնումներ է կատարել ու երբ հասել է հյուրանոց, իրենք որոշել են գործի անցնել եւ կողոպտել ՀՀԿ փոխնախագահին:
Ինչեւէ, Բելգիայի իրավապահները բացահայտել են գործը, ինչի առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել, թե նախաքննության ավարտից հետո ինչ են հայտնել Բելգիայի իրավապահներն իրեն, սակայն մեր հարցերն այդպես էլ մնացին անպատասխան: Ու այդպես էլ անհասկանալի մնաց Աշոտյանի դիրքորոշումը` նա շարունակո՞ւմ է կասկածներ ունենալ, որ իր վրա կազմակերպված հարձակումն ու ծեծը քաղաքականության հետեւանք են, թե՞ կարծում է, որ շարքային եվրոկողոպուտի մի դրվագ է տեղի ունեցածը: Հուսանք` առաջիկայում նա իրեն հաճելի ու հարազատ լրատվամիջոցների միջոցով կարծիք կհայտնի:
Նկատենք, որ Արմեն Աշոտյանը միակ պաշտոնյան չէ, որ արտերկրում կողոպտվել է կամ հայտնվել օտարերկրյա հանցագործների թիրախում: «Ժողովուրդ»-ը 2016 թվականի փետրվարի 10-ին գրել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 7-ից 9-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության եւ տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չաբոյանը գործուղվել էին Լյուքսեմբուրգի մեծ դքսության կառավարություն: Ավելի ուշ իր վարչության պետի հետ մեկ այլ պաշտոնական այցով մեկնել էր Բրյուսել: Այստեղ Ճշմարիտյանը գնացք էր նստել, որտեղ կողոպտել էին նրան:
Ավազակները Ճշմարիտյանից գումար, փաստաթղթեր, բանկային քարտեր եւ այլ իրեր էին գողացել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս դեպքից հետո Կարեն Ճշմարիտյանը լուրջ խնդիրներ էր ունեցել Հայաստան վերադառնալու հարցում, քանի որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նրանից տարել էին, եւ այլ ելք չունենալով` նախարարը դիմել էր Բրյուսելում ՀՀ հյուպատոսարան, որպեսզի իրեն օգնեն Հայաստան վերադառնալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՇԱՆԹԻ ՅՈՒՐԱՅԻ ԵՂԲՈՐ ԳՈՐԾՈՎ
Շուրջ երկու տարի դատարանի դռները ընկած Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դադարեցվեց:
Հիշենենք, որ 2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Շանթ» ռեստորանային համալիրի տարածքում աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել: Ռեստորանի սեփականատեր Յուրա Ղարիբյանի եղբայրը` Սամվել Ղարիբյանը, իր վարած «Volkswagen Touran» մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետեւ մտել «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք եւ մխրճվելով ներս` կոտրել բարմենի սեղանն ու գույքը: Սամվել Ղարիբյանը իրավապահներին հայտնել էր, թե ինքը միտումնավոր չի արել, սակայն ի սկզբանե շատերը չէին հավատում այս դեպքի պատահականությանը, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ղարիբյան եղբայրների ջրերը մեկ առվով չեն հոսում:
Ինչեւէ, տեղի ունեցած միջադեպին տրվել էր իրավական ընթացք, ինչի արդյունքում 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սամվել Ղարիբյանի գործը ուղարկվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ շուրջ երկու տարի տեւած դատաքննությունից հետո՝ 2016 թվականի մարտի 10-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Շանթի Յուրայի եղբորը` Սամվել Ղարիբյանին դատապարտել է ազատազրկման մեկ տարի ժամկետով: Սամվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոքարկել էր այս որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում եւ նշել, որ Սամվել Ղարիբյանը չէր կարող մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի որեւէ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, քանի որ նա որեւէ գույքային վնաս չի պատճառել գործով տուժող «Ապարանք Շանթ» ՍՊ ընկերությանը: Սամվել Ղարիբյանը գործել է առանց դիտավորության:
Իսկ, ահա, Սամվել Ղարիբյանն էլ իր հերթին ՀՀ վերաքննիչ դատարանում հայտնել էր, թե Աջափնյակի դատարանը դատավճիռը կայացրել է դատավարական նորմերի խախտմամբ. «Համաձայն ինձ առաջադրված մեղադրանքի՝ հանցագործությունը տեղի է ունեցել 08.01.2014թ., իսկ մեղադրական դատավճիռը կայացվել է 10.03.2016թ., այսինքն՝ քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետի անցած լինելու պայմաններում»:
Արդյունքում, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է Սամվել Ղարիբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի մարտի 10-ի դատավճիռը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել եւ Շանթի Յուրայի եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ ԱՐԹԻԿՈՒՄ

Նախընտրական կրքերն Արթիկում սկսել են թեժանալ, եւ իշխանությունները հասկանալով իրենց թեկնածուի բացերը` գործի են դնում հավանական թեկնածուներին խաղից հանելու կոշտ գործիքներ:

Ըստ մամուլում տեւական ժամանակ շրջանառվող լուրերի՝ Արթիկում իշխող ՀՀԿ-ն սատարելու է Անապայում բիզնեսներ ունեցող նախկին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին ու քանի որ գնալով համոզվում են, որ Պետոյանը չունի այն հեղինակությունը, որ կարող է ինքնուրույն քաղաքապետ ընտրվել, սկսել են խաղից դուրս բերել հավանական թեկնածուներին: Մասնավորապես արդեն «շարքից հանել» են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին, որն այլ աշխատանքի տեղավորման խոստման դիմաց այլեւս չի առաջադրվելու պատգամավոր:
Այս օրերին մեծ ճնշումներ են փորձում գործադրել ԱԺ նախկին պատգամավոր, Արթիկի նախկին քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանի նկատմամբ, ով եւս հավակնում է քաղաքապետ ընտրվել: Հարկային մարմինների հետ խնդիներ են ստեղծվել նաեւ գործարար Արտակ Հարությունյանի դեպքում, ում պատկանող ընկերությունում ստուգումներ են սկսվել: Հարությունյանը եւս, ըստ Արթիկի մեր աղբյուրների, քաղաքում հայտարարել է իր առաջադրվելու մասին:
Արթիկում շարունակում են համառ լուրեր շրջել այն մասին, որ այս ողջ գործընթացի հետեւում կանգնած է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով ցանկանում է Արթիկի տարածաշրջանից հաջորդ ԱԺ-ում պատգամավոր դառնալ՝ արդեն որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու: Թեեւ ինքը՝ Ցոլակյանը, դա հերքում է:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգահարած արթիկցի տիկինը խնդրում էր փոխանցել իր խոսքը, որպեսզի իշխանությունները հանձնարարեն Ցոլակյանին առավել զուսպ լինել, թույլ չտան, որպեսզի խառնվի քաղաքի գործերին: Տիկնոջ պնդմամբ՝ շատ-շատերը Արթիկում չեն ցանկանում Մուշեղ Պետոյանին տեսնել քաղաքապետի պաշտոնին, քանզի նա ոչ միայն տարվա մեծ մասն անցկացնում է Ռուսաստանում, այլեւ նրա եղբայրը բավական սերտ կապերի մեջ է հանցագործ աշխարհի հետ, ու այս ամենից դժվար է լավ բան սպասել:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս