Սեպտեմբերի 21-ի զորահանդեսից առաջ, երբ տեղեկություններ հայտնվեցին «Իսկանդեր M» հրթիռների՝ հայկական զինանոցը համալրելու մասին, շատերը սկսեցին դրանից ամենատարբեր եզրահանգումներ անել: Ոմանք դա բացատրում են ներկայիս հակառուսական տրամադրությունների ֆոնին Ռուսաստանի ռեաբիլիտացվելու ձգտմամբ: Մյուսները դա պայմանավորում են նոր էսկալացիայի հավանականությամբ, որի զսպման հարցում «Իսկանդեր»-ը կարող է ունենալ կարեւոր դեր: Եղան անգամ տեսակետներ, թե նման կայանքներ առհասարակ հայկական զինուժը չունի, եւ եթե նույնիսկ զորահանդեսին այդպիսիք ցուցադրվեն էլ, ապա դրանք իրականում ռուսական բազայի սեփականությանն են փոխանցվելու: Եվ տարօրինակ է, որ այս տարատեսակ քննարկումների ընթացքում «Իսկանդեր M»-ի ձեռքբերումը որպես նորմալ, օրինաչափ ռազմական գործարք որեւէ մեկը չի դիտարկում:
Իրականում դժվար է ասել, որն է ավելի մեծ վտանգ՝ նման զինատեսակների քանակով ադրբեջանական զինուժի հնարավոր առավելությունը, թե մեզանում հետզհետե ավելի խորացող թերահավատությունը մեր պետության հանդեպ, այդ պետության ռազմական, քաղաքական ինստիտուտների բնականոն գործունեության հնարավորության հանդեպ: Անշուշտ, այդ թերահավատության եւ մեր՝ որպես երկրի, ցավալիորեն չափազանց մեծ անկում ապրած ինքնագնահատականը հենց այնպես չի ձեւավորվել, եւ դրանում ահռելի մեծ դերակատարություն ունեն վերջին 20 տարիների իշխանությունները: Սակայն անվերջ ինքնանվաստացմամբ եւ արդյունքում՝ ինքնաոչնչացմամբ զբաղվելու միտումներն առավել ցցուն են դարձել հատկապես վերջին տարիներին, երբ կասկածի տակ է դրվում բառացիորեն ամեն ինչ, ամեն ոք, ամեն քայլ ու ամեն խոսք: Եվ այս իրավիճակում մեզ որեւէ հրթիռային կայան, որեւէ զինատեսակ չի կարող պաշտպանել, քանի որ մենք ինքներս մեզ ներսից ենք դարձրել անպաշտպան:
1999 թ. երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանն առաջին անգամ ոչ զինվորական համազգեստով էր ներկա Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսին, լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք նա տպավորված է զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինությամբ: Ի պատասխան՝ Սպարապետը մի փոքր վիրավորված եւ տարակուսած ասաց. «Իսկ միթե Դուք կարծում եք, որ ես այստեղ եմ տեսնում այդ սպառազինությունը, որ տպավորվեմ: Ես յուրաքանչյուր թնդանոթ, յուրաքանչյուր տանկ հատ առ հատ շոշափել եմ…»: Այսօր մեր բանակի սպառազինությունը որեւէ գեներալ դժվար թե անձամբ շոշափի, եւ դա հնարավոր էլ չէ, թերեւս:
Վստահաբար. վաղվա զորահանդեսը լինելու է շատ ավելի հզոր ու ազդեցիկ, մնում է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, թոթափենք մեր ներսի թերահավատին եւ հպարտությամբ ու գորովանքով, ներքուստ շոշափելով ամեն մի տանկ եւ ամեն մի թնդանոթ՝ հպարտանանք, որ ունենք ազատ եւ անկախ հայրենիք: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, եւ շնորհավոր բոլորիս երազանքների անկախ Հայաստանի 25-ամյակը: