Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում որոշ շրջանավարտներից այն մասին, որ ոչ պետական բուհի դիպլոմ ունենալու պատճառով նրանք չեն կարողանում պետական մարմիններում աշխատանքի անցնել: Նրանց պատմելով՝ հասարակության մեջ ձեւավորվել է կարծիք, թե ոչ պետական բուհերի պատրաստած կադրերն իրենց ունակություններով զիջում են պետականների շրջանավարտներին: Այս պատճառով ոչ պետական բուհերի բազմաթիվ շրջանավարտներ հայտնվել են անելանելի իրավիճակում:
Այս խնդրի հետ կապված «Ժողովուրդ»-ին է դիմել նաեւ ՀՀ գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 26-ամյա բնակչուհի Նորա Պուպույանը: Վերջինս դեռեւս 2009 թվականին գերազանց ավարտել է Սեւանի պետական ուսումնարանը: Մասնագիտությամբ մանկաբարձ է: Սակայն այսօր Նորան աշխատանք չունի. տեսնելով նրա դիպլոմը՝ պետական ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում նրան աշխատանքի չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ ոչ պետական բուհի շրջանավարտ է:
«Ես 3 տարի գերազանց սովորել եմ Սեւանի պետական ուսումնարանում, պատրաստ եմ ու կարող եմ նորից քննություն հանձնել աշխատանքի անցնելու համար: Ոչնչից չեմ վախենում: Ես չեմ բավարարվել միայն ուսումնարանի տված գիտելիքներով, այլ լրացուցիչ սովորել եմ եւ կարմիր դիպլոմով եմ ավարտել ուսումնարանը: Իսկ հիմա ստիպված եմ տանը նստել, որովհետեւ գործատուները դիպլոմը տեսնելուն պես հրաժարվում են ինձ աշխատանքի ընդունել՝ պատճառաբանելով, որ ոչ պետական բուհի դիպլոմ է: Թող ԿԳՆ-ն ինձ օգնի այս հարցում կամ հետ վերադարձնի իմ վճարած ուսման վարձը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված ասաց Նորան:
Նա նաեւ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր համակուրսեցիներից շատերը այսօր նույն դիպլոմով աշխատում են մարզային բուժհաստատություններում: Հետաքրքիր է, թե ինչպես են կարողացել գործատուները ընդունել ոչ պետական բուհի դիպլոմով մի շրջանավարտի, այն դեպքում, երբ մյուսին նույն դիպլոմի համար մերժել են: Սա մտածելու տեղիք է տալիս:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ օրինական լիցենզիա չունենալու հիմնավորմամբ, անցած տարի փակվեցին Սեւանի բժշկական ուսումնարանը եւ դրա Վարդենիսի մասնաճյուղը: Այս ուսումնական հաստատությունները գործում էին 1999 թվականից: Մինչեւ 2013թ. հունիսը Սեւանի ուսումնարանը եւ դրա մասնաճյուղը գտնվել են ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողության տակ, իսկ 2013-ի հունիսից ուսումնական այդ հաստատություններն անցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության վերահսկողության ներքո: Հենց այս փոփոխությունից հետո էլ Սեւանի ուսումնական հաստատությունում ստուգումներ էին անցկացվել, եւ պարզվել էր, որ կրթօջախի փաստաթղթերը օրենսդրությանը չեն համապատասխանում, ու, ի վերջո, որոշվել էր փակել այն:
Նկատենք, որ մասնավոր բուհերի փակումը էական վտանգ է ներկայացնում: Բանն այն է, որ պետական բուհերը, մնալով առանց մրցակցի, պարզապես դադարում են լավ աշխատել մրցունակ կրթություն տալու համար:
Ոչ պետական բուհերի շրջանավարտների ահազանգը «Ժողովուրդ»-ը փոխանցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, որն ասաց. «Մենք ունենք ոչ պետական քննությունների գործընթաց, եւ նախկինում փակված բուհի ուսանողները, որոնց վկայականները հավատարմագրված չեն, նրանք գալիս են ու քննություն են տալիս: Ամեն տարի դա լինում է: Այսինքն՝ հաստատում են իրենց վկայականը քննությամբ եւ ստանում են հավատարմագրված վկայական: Այս մասով մենք որեւէ խնդիր չունենք»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՈՐՑՐԵԼ Է ԱՄԵՆ ԻՆՉ
Իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած երկու որդիների հայր Ռուբեն Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով խնդրում է օգնել իրեն՝ կացարանի հարցում: Նա բնակվում է վագոն տնակում, որտեղ բացակայում են ապրելու համար ամենատարրական պայմանները:
«Ես՝ Ռուբեն Հովակիմյանս, 70 տարեկան եմ, մասնագիտությամբ՝ նկարիչ, ունեցել եմ երջանիկ ընտանիք, հրաշալի կին, հայեցի դաստիարակված եւ մեծացած երկու որդիներ, ապահովված եմ եղել Երեւան քաղաքում սեփական բնակարանով, ամառանոցով, կենցաղային անհրաժեշտ բոլոր պարագաներով, անչափ սիրել եւ ապրել եմ իմ աշխատանքով:
Սակայն ճակատագրի դաժան հարվածների բերումով հիմա հայտնվել եմ այն մարդու կարգավիճակում, որը կորցրել է Աստծո կողմից մարդուն տրված ամենաթանկ նվերից՝ իր երկու որդիներից, որոնք իրենց մատաղ կյանքը տվեցին հայրենիքին: Կինս չդիմանալով այդ հարվածներին՝ հեռացավ իր քրոջ տանը բնակվելու: Ավագ որդուս բուժման համար վաճառել էի սեփական տունս: Ներկայումս միանյակ բնակվում եմ վերը հիշատակված հասցեում գտնվող վագոն տնակում, որը զուրկ է տարրական պայմաններից, ինչի պատճառով ձեռք եմ բերել հիվանդություններ, երկու անգամ ենթարկվել եմ սրտի վիրահատությունների:
Ավագ որդիս՝ Վարդանը, զորակոչվել է նորանկախ Հայաստանի բանակ եւ 1993-95թթ. ծառայել ԼՂՀ-ի Քարվաճառի «Ստարշի Լեւ» զորամասում: Մասնակցելով Քարվաճառի ազատագրմանը՝ մարտական գործողություններրի ժամանակ ծանր վիրավորվել է: Շուրջ 7 տարի կենաց մահու պայքար է մղել ապրելու համար, սակայն մահն ավելի ուժեղ գտնվեց, եւ նա իր մահկանացուն կնքեց 2002թ.: Բայց մինչ այդ՝ 1995թ., Հայոց բանակ զորակոչվեց փոքր որդիս՝ Վահրամը, որը ծառայությունը սկսեց Ստեփանավանի «Պուշկինո» զորամասում որպես սահմանապահ, այնուհետեւ տեղափոխվեց ԼՂՀ-ի Հորադիզի 9-րդ ուղեկալ:
Թշնամու դիվերսիոն խմբի անակնկալ հարձակման կասեցման մարտական գործողությունների ժամանակ ընդամենը 4 ամիս ծառայած որդիս հերասաբար զոհվեց: Նրա դին զինվորական արարողությունների բոլոր ընդունված կարգի համաձայն ամփոփվեց Եռաբլուրում՝ հայոց քաջորդիների եւ հերոսների կողքին:
Փոքր որդուս կորուստը ինձ ու ընտանիքիս անդամներին պարտադրում էր գնալ ամեն մի քայլի՝ փրկելու մեծ որդուս կյանքը: Թարկարժեք բուժում պահանջող այդ գործի համար, առանց երկմտելու, վաճառեցինք Ծովակալ Իսակովի պողոտայի վրա գտնվող մեր սեփական բնակարանը եւ բազմաթիվ այլ գույքեր, քանի որ խնդիր կար նրան տեղափոխելու Մոսկվա, որտեղ եւ պետք է կատարվեր ճակատագրական վիրահատությունը: Սակայն, ավաղ, նրա կյանքի թելը կտրվեց, ինչը պատճառ էր մարտական գործողությունների ընթացքում գլխի շրջանում ստացած ծանր վերքի: Հարկ եմ համարում նշել, որ վաճառելով բնակարանս եւ մնալով առանց գրանցման՝ 2009թ. հարկադրված գրանցվել եմ Արագածոտնի Կարբի գյուղում, որտեղից միայն մեկ անգամ, որպես զոհվածի ծնողի, ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել եմ ֆինանսական օգնություն՝ 4 միլիոն 285 հազար դրամի չափով, որով ձեռք եմ բերել վագոն տնակ, իսկ մնացած մասը ներդրել եմ որդիներիս շիրիմների բարեկարգման համար:
Երեւանի քաղաքապետարանը հիանալի նախաձեռնություն հանդես բերեց եւ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածներին արտակարգ կարգով բնակարաններ հատկացրեց:
Հավատքով Ռուբեն Հովակիմյան
Ծ. Իսակովի պողոտայի 52/2 հասցեի
հարակից վագոն տնակ»