Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի հիմնադրած «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան, որը 30 տարի շարունակ եղել է մայրաքաղաքի ու մարզերի երեխաների անփոխարինելի ընկերն ու բարեկամը, արդեն մեկ տարուց ավել է` փակել է իր դռները հանդիսատեսի առջեւ: Բանն այն է, որ թատրոնը, որը տեղակայված է Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում (որն էլ իր հերթին պատկանում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին), համալիր վերանորոգման կարիք ունի. մշակութային փոքրիկ օջախի կենցաղային վիճակն աղետալի է:
Երվանդ Մանարյանի որդին` երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը, ով այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ նախորդ տարի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն իրեն խոստացել է, որ երբ Դ. Դեմիրճյանի հուշատունը վերանորոգեն, կվերանորոգեն նաեւ թատրոնի տարածքը. «Բայց հետո պարզվեց, որ նախարարությունը, ինչպես միշտ, գումար չունի դրա համար (թեեւ Դ. Դեմիրճյանի հուշատունը հիմա վերանորոգվում է): Միակ լուծումը տարածքը սեփականաշնորհելն է, անհատ ներդրողներ գտնելն ու վերջիններիս օգնությամբ թատրոնը վերանորոգելը»:
Ք. Մանարյանի խոսքով` ինքը դիմում է գրել վարչապետ Կ. Կարապետյանին` խնդրելով ընդունել իրեն եւ հորը: Աշխատակազմից տեղեկացրել են, որ այս շրջանում վարչապետն ընդունելություններ չունի, միգուցե հաջորդ ամսվա ընթացքում դիմումին ընթացք տրվի:
Թատրոնի տարածքը սեփականաշնորհելու վերաբերյալ դիմումով Ք. Մանարյանը դիմել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն եւ ՀՀ մշակույթի նախարարություն. «Իմ դիմումին տված նրանց եզրակացությունները փաստացի բացասական են:
Պատասխանում նույնիսկ «մեծահոգաբար» նշում են, որ տվյալ տարածքում թատրոնը միառժամանակ կարող է շարունակել իր գործունեությունը: Երեւի մենք էլ պետք է խոնարհվենք ու շնորհակալություն հայտնենք այդ առթիվ…
Սա ոչ միայն անբավարար, այլեւ անլուրջ պատասխան է: Ստացվում է, որ մշակույթի նախարարությունը հնարավորություն չունի վերանորոգելու տարածքը, բայց ոչ էլ թույլատրվում է, որ մենք սեփականաշնորհենք այն եւ թատրոնը վերանորոգելու համար ինքներս տարբերակներ գտնենք: Հիմա եթե նախարարությունը չի վերանորոգելու, բա ո՞վ է զբաղվելու այդ գործով: Ես անհատ մեկին գտնեմ, որ գա նախարարությանը պատկանող տարածք վերանորոգի՞. դա, ախր, աբսուրդ է:
Իրենք իրենց գործը չեն անում, բայց թույլ էլ չեն տալիս, որ մենք անենք: Հիմա եթե նույնիսկ մշակույթի նախարարությունից առաջարկեն վերոնորոգել թատրոնը, ես կհարաժարվեմ, որովհետեւ Երվանդ Մանարյանին չէր կարելի նման պատասխան տալ: Այսուհետ բոլոր խոսակցությունները ծավալվելու են միայն տարածքի սեփականաշնորհման շուրջ»,-մեկնաբանեց Ք. Մանարյանը:
Նրա խոսքով` թատրոնը, որը առաջիններից է մեկնել Արցախ` հյուրախաղերի, ակտիվորեն մասնակցել է թատերական փառատոների, իր սուղ պայմաններով հանդերձ բավական էժան տոմսեր է առաջարկել մանուկներին, մասնակցություն է ունեցել մի շարք բարեգործական ներկայացումների, պատերազմական մութ ու ցուրտ տարիներին շարունակել է իր դռները բաց պահել հանդիսատեսի առջեւ, արժանի չէ նման վերաբերմունքի:
«Գոնե հարգելով Երվանդ Մանարյանի վաստակը` կարելի էր, որ պետական պաշտոնյաներից որեւէ մեկը մոտենար նրան, հարցներ` ինչով կարող է օգնել թատրոնին: Այս տարիների ընթացքում ոչ մի անգամ նման բան չի եղել: Ոչինչ, թող չօգնեն, բայց, գոնե, չխանգարեն մեզ: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ այս խնդիրը լուծում կգտնի, իսկ մինչ այդ թող մարդիկ իմանան, որ Երվանդ Մանարյանին, փաստորեն, տարածք չի հասնում, այն էլ` այդպիսի նեղ, խոնավ ու մութ տարածք»,-եզրափակեց դերասանի որդին:
Աննա Բաբաջանյան