Ահա թե ինչպես են կրճատվում ծառայողական մեքենաները. ՊՈԱԿ-ներն ազատվել են հին և ժանգոտված ժեշտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը վաճառվել են ՊՈԱԿ-ների կողմից աճուրդի հանված հին տարեթիվ ունեցող ռուսական արտադրության ավտոմեքենաները:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել էր բոլոր գերատեսչություններին տնտեսել պետական միջոցները, նաեւ կրճատել ծախսերն ու ծառայողական ավտոմեքենաները: Այս պատճառով բոլոր գերատեսչությունները, այդ թվում նաեւ՝ ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը, ՊՓԲԸ-ները, վաճառքի հանեցին իրենց հաշվեկշռում եղած հին տարեթիվ ունեցող, ռուսական արտադրության ավտոմեքենաները:

Ասել է թե՝ ազատվեցին ժեշտից: Քանի որ այդ հին ավտոմեքենաների վրա պետական բյուջեից ավելի շատ ծախսեր էին արվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում վաճառվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի 3՝ 2007թ. արտադրության «Վազ-21214-126-20», 2005թ. «Գազ-31105-120» եւ 2004թ. «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենաները:

Նշենք, որ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի աճուրդի հանված 2 ավտոմեքենաները վաճառվել են: Դրանք են՝ 2001թ. արտադրության «Գազ 311000» եւ 1993թ. «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենաները: Իսկ, ահա, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի աճուրդի հանված 3 ավտոմեքենաներն էլ վաճառվել են:

Նշենք, որ դրանցից երկուսը հին տարեթիվ ունեն եւ ռուսական արտադրության են: Իսկ մյուս՝ «Միկրոավտոբուս Հունդայի H-100 2.5 D» մակնիշի ավտոմեքենան 1995թ. արտադրության է: ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նույնպես աճուրդի է հանել ավտոմեքենա: Դրանք երկուսն են՝ հին տարեթվով ու ռուսական արտադրության. 1989-1999 թ. «ԿԱՎԶ 3270» եւ 1999 թ. «Գազ-31000»:

Բացի նշված ՊՈԱԿ-ներից՝ վաճառվել է նաեւ «Երեւանի ջերմաէլեկտրոն» ՓԲԸ-ի, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի, «Գեղարքունիքի մարզի Գանձակի գյուղապետարանի աշխատակազմ» հիմնարկի, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» եւ այլ ՓԲԸ-ների գույքը, որոնք հիմնականում ավտոմեքենաներ են: Ահա թե ինչպես են կրճատել ծառայողական ավտոմեքենաները: Ընդամենը ազատվել են հին եւ ժանգոտված ժեշտից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս