Հոթ-դոգի վաճառքի կետը խանգարում է բնակիչներին. ում է պատկանում այն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Հանրապետության 58 հասցեի բնակիչները դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին` դժգոհելով իրենց շենքի կամարների տակ այս տարվա սեպտեմբերի 21-ից բացված արագ սնունդի վաճառքի կետի գործունեությունից: Նրանց ներկայացմամբ՝ հենց նույն շենքի փողոց նայող պատուհաններից 3 մետր հեռավորության վրա, մայթին արագ սնունդ ուտելու համար նախատեսված երկու սեղան եւ մեծ անձրեւանոց է տեղադրվել, ինչը անօրինական է եւ առաջին, երկրորդ հարկերի բնակիչներին խանգարում է:

Վրդովված բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենք տեւական ժամանակ է, ինչ այս խնդրով դիմում են Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությանը: Սակայն անարդյունք, քանի որ «Թեժ գիծ» ծառայության աշխատակիցը հրաժարվում է բնակիչներին որեւէ բացատրություն տալ:

«Ժողովուրդ»-ին դիմած բնակիչները քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության աշխատանքից շատ դժգոհ են: Նրանք պնդում են, որ այդ գծի գոյությունն անիմաստ է: Մինչդեռ ամեն տարի «Թեժ գիծ» ծառայության համար քաղաքային բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում՝ աշխատակիցներին վարձատրելու եւ հեռախոսազանգերի կապն ապահովելու համար: Սակայն դրանից քաղաքացիների կյանքը չի բարելավվում, իսկ բարձրաձայնված հարցերն այդպես էլ անպատասխան են մնում: Մյուս կողմից էլ բնակիչները կասկածի տակ են դնում այն, որ իրենց բարձրաձայնած խնդիրները «Թեժ գիծ» ծառայության աշխատակիցները ներկայացնում են քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին:

Անդրադառնանք Հանրապետության 58 հասցեի շենքի կամարների ներքո գործող հոթ-դոգի վաճառքի կետին: «Ժողովուրդ»-ը բնակիչներից տեղեկացավ, որ իրենց շենքում հայտնված արագ սնունդի վաճառքի կետի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի որդին է՝ Կարո Քասարյանը:

«Ժողովուրդ»-ը բողոքի հետքերով գնաց Երեւանի Հանրապետության 58 հասցե, որտեղ արագ սննդի վաճառքի կետի աշխատակիցը մեզ հետ զրույցում հաստատեց բնակիչների հայտնած տեղեկությունը՝ սննդի կետի սեփականատիրոջ վերաբերյալ: Ավելին՝ նա իր հեռախոսով զանգահարեց Կարոյին, որպեսզի փոխանցի, որ «լրագրողներ են իրենով հետաքրքրվում», սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին:

Քիչ անց վաճառքի կետին մոտեցավ ագրեսիվ պահվածքով մի երիտասարդ եւ ինքնավստահ տոնով հայտարարեց, որ Կարոն Հայաստանում չէ. «Գնացեք, իրեն որտեղից ուզում եք, գտեք: Մենք ձեզ ոչ մի բան չենք կարա ասենք»: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը երիտասարդից, ով հրաժարվեց ներկայանալ, պահանջեց ներկայացնել մայթին սեղաններ տեղադրելու մասին թույլտվությունը: Սակայն վերջինս հրաժարվեց որեւէ փաստաթուղթ ներկայացնել, ապա ավելացրեց. «Մենք ձեզ ոչ մի բան չունենք ներկայացնելու, ինչ ուզում եք, արեք»:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Անդրանիկ Քասարյանի հետ, ով անմիջապես հերքեց տեղեկությունը, թե սննդի վաճառքի կետը պատկանում է իր որդուն: «Որքանով տեղյակ եմ՝ մայթի եզրին տեղադրված սեղանները ապօրինի չեն: Այդ շենքի առաջին հարկի բնակչի պատուհանից հետո մայթն է, որն ունի մինիմում 4 մետր լայնություն, այն անմիջապես իր պատուհանի տակ չէ»,- ներկայացրեց Քասարյանը: «Ժողովուրդ»-ը պաշտոնյային փոխանցեց, որ բնակիչները իր որդուն են հաճախ տեսնում սննդի վաճառքի կետում եւ վստահ են, որ դա իրենն է: Իսկ սննդի վաճառքի կետի աշխատակիցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ այն Կարո Քասարյանինն է: Ի պատասխան՝ քաղաքապետարանի պաշտոնյան նշեց. «Կարող է՝ աշխատակիցը ասել է, որ Կարոյինն է, բայց դա իրենը չէ: Կարոն իմ տղան է, բայց իրենը չէ: Ես տեղյակ եմ, որ դա անհատի է պատկանում: Դրան այդքան էլ ուշադրություն մի դարձրեք: Իմ որդին ցանկանում էր այնտեղ ինչ-որ բան անել… ի՞նչ է, իմ որդին իրավունք չունի ինչ-որ բան անել»,- վրդովված ասաց Քասարյանը:

«Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցեց նաեւ Կենտրոն վարչական շրջանի առեւտրի սպասարկումների եւ գովազդի բաժնի աշխատակից Արթուր Սաղաթելյանի հետ: Վերջինս նշեց, որ տեղյակ է խնդրին: «Արդեն մեկ ամիս է, ինչ նշված հասցեի շենքի առաջին հարկի բնակիչը այս խնդրի շուրջ ահազանգում է, եւ մենք պատասխանել ենք իրեն: Մենք մեր պատասխանի մեջ նշել ենք, որ ուսումնասիրել ենք ու պարզել, որ այն չի խոչընդոտում ո՛չ երթեւեկելի եւ ո՛չ էլ հետիոտնի մասին: Սկզբում ձայնային խնդիր կար, մենք զգուշացրել ենք, ու այդ հարցը լուծվել է»,- արդարացավ Սաղաթելյանը: Ըստ նրա՝ մայթի եզրին սեղաններ դնելու վերաբերյալ Կենտրոն վարչական շրջանը թույլտվություն տվել է:

«Ժողովուրդ»-ը Կենտրոն վարչական շրջանի աշխատակցից տեղեկացավ, որ արագ սննդի վաճառքի կետը շահագործում է «Այծեմնիկ Ավետիքյան» Ա/Ձ-ն. «Ես չգիտեմ, թե ով է սեփականատերը: Բայց խոստանում եմ, որ այս շաբաթվա ընթացքում կրկին անգամ կայցելենք ստացված բողոքի հասցեով»,- եզրափակեց պատասխանատուն:

14877277_1351454601561254_1072685488_n

14877658_1351454584894589_574463619_n

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս