Այսօր ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Անդրե Մարլոյի ծննդյան օրն է: Սովորել է Փարիզի կենդանի արևելյան լեզուների ազգային ուսումնարանում։ Մալրոի ուղևորությունները Հարավ-Արևելյան Ասիա (1923-1927), որտեղ նա ծանոթացավ չին հեղափոխականների հետ, նրան մտորել տվեցին 20-րդ դարի արևմտյան քաղաքակրթության ճգնաժամի մասին («Արևմուտքի գայթակղությունը», 1926 թվական, «Եվրոպական երիտասարդությանը», 1927 և նյութ՝ առաջին վեպերի («Նվաճողները», 1928, «Թագավորական ճանապարհ», 1930, «Մարդկության գոյության պայմանները», 1933) համար։
Մալրոն 1930-ական թվականներին մասնակցել է ֆաշիզմի դեմ ուղղված միջազգային շարժմանը՝ ի պաշտպանություն մշակույթի, սակայն չի բաժանել ոչ մարքսիզմի փիլիսոփայական, ոչ էլ կոմունիստների գաղափարախոսությունը, որոնց հետ համագործակցում էր։ 1935 թվականին հրատարակել է հիտլերյան զնդաններում տառապողներին նվիրված «Արհամարհանքի տարիներ» վիպակը։ Իսպանիայում ազգային-հեղափոխական պատերազմի (1936-1939) ժամանակ եղել է հանրապետությանը պաշտպանող օտարերկրացի կամավոր օդաչուների էսկադրիլիայի հրամանատար (պատերազմի առաջին տարին պատկերված է «Հույս» (1937) գործում)։ 1943 թվականին Ֆրանսիայում ներգրավվել է դիմադրության շարժման մեջ, գլխավորել պարտիզանական միավորում, որը շուտով վերածվել է բանակային բրիգադի։ Դեռևս 30-ական թթ. վերջերից նկատվել է, որ Մալրոն սկսել է հեռանալ հեղափոխական հումանիզմից («Ալտենբուրգի ընկուզենիները», 1943). այդ պրոցեսն իր վերջնակետին է հասել 1948-ին՝ «Կոչ մտավորականներին» ճառով, որը մշակույթի մեջ «սառը պատերազմի» մանիֆեստ էր։ 1959-1969 թվականներին Մալրոն եղել է Ֆրանսիայի կուլտուրայի մինիստրը։ Որպես գրող այլևս հանդես չի եկել, բայց տպագրել է արվեստի, փիլիսոփայության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ («Լռության ձայները», 1953 և այլն), ինչպես նաև հուշագրություններ («Հակամեմուարներ», 1967, «Կաղնին այն ծառն է, որ կարում են…», 1971)։
Մալրոն XX դ. ֆրանսիական գրականության ճանաչված վարպետներից է։