Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար՝ փորձելով պաշտոնականացնել վերահսկողությունը աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներից մեկի նկատմամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին։
Թեհրանը ստեղծել է նոր կառույց՝ Persian Gulf Strait Authority (PGSA), որը նավերից պահանջում է նախապես լրացնել հատուկ հայտ՝ նեղուցով անվտանգ անցում ստանալու համար։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Vessel Information Declaration», ներառում է ավելի քան 40 հարց՝ նավի, սեփականատերերի, անձնակազմի և բեռի վերաբերյալ։
Ըստ նոր կարգի՝ նավերը պետք է նախապես էլեկտրոնային փոստով ուղարկեն պահանջվող տեղեկությունները, հակառակ դեպքում կարող են բախվել հարձակման կամ անցման արգելքի վտանգին։
Մինչ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկը Իրանի դեմ՝ փետրվարի վերջին, Հորմուզի նեղուցը բաց էր բոլոր երկրների նավերի համար։ Սակայն պատերազմի սկսվելուց հետո Իրանը հայտարարել էր, որ առանց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի թույլտվության նեղուցով անցնող նավերը կարող են թիրախավորվել։
CNN-ի տվյալներով՝ մի շարք նավեր արդեն ենթարկվել են հարձակումների, ինչի հետևանքով բազմաթիվ նավատերեր հրաժարվում են առանց Իրանի համաձայնության օգտվել այդ երթուղուց։
Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի և հեղուկացված բնական գազի մոտ մեկ հինգերորդը, և փորձագետները նշում են, որ Իրանի վերահսկողությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Telegram-ում հրապարակված ուղերձում հայտարարել է, որ ցանկանում է ձևավորել «նոր տարածաշրջանային և գլոբալ կարգ՝ ուժեղ Իրանի ռազմավարությամբ»։ Նա նշել է, որ Հորմուզի նեղուցի փակումը կարող է դառնալ այդ ռազմավարության գործիքներից մեկը։
Միաժամանակ հաղորդվում է, որ Իրանը կարող է մինչև 2 միլիոն դոլար վճար պահանջել յուրաքանչյուր նավից՝ անվտանգ անցման համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն հայտարարել է, որ նման վճարումները չեն թույլատրվելու ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների համար։
Ծովային վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե Իրանը երկարաժամկետ վերահսկողություն հաստատի նեղուցի նկատմամբ, ապա նավերի անցումը կարող է կազմել մինչպատերազմյան մակարդակի ընդամենը 40-50 տոկոսը, ինչը կշարունակի ճնշում գործադրել համաշխարհային նավթի և գազի շուկաների վրա։
Անի Վարդանյան





























