Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն երեկ իր ելույթում, անդրադառնալով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարությանը, թե որակյալ ֆուտբոլիստներով կհամալրի թիմը, ասել էր, որ ավելի լավ կլինի նա զբաղվի ատամնաբույժի գործունեությամբ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
-Պարո՛ն Ռոստոմյան, Ռուբեն Հայրապետյանի ելույթը Ձեր մասին վիրավորանք համարո՞ւմ եք, թե ոչ:
-Այսինքն՝ ատամնաբույժ լինելը վիրավորա՞նք է: Ես իմ առաջին մասնագիտությամբ ստամատոլոգ եմ, բոլորը գիտեն, դասավանդել եմ պետական բժշկական համալսարանում և նաև երկու տարի աշխատել եմ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, որպես ստամատոլոգ: Ես շատ հպարտանում եմ իմ մասնագիտությամբ:
Յուրաքանչյուր մարդ այս երկրում, եթե չեմ սխալվում անգամ սահմանադրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր մարդ կարող է արտահայտվել այն ամենը, ինչ ուզում է: Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերվում է մեր հարգարժան ֆուտբոլի ֆեդերացիային և հատկապես պարոն Հայրապետյանին, նա ազատ է իր գործունեության մեջ: Ֆուտբոլը ոչ միայն մարզաձև է, այլ այն կարող է բոլոր հայ ժողովրդին միացնել, կարող է տարանջատել, իսկ հաղթանակների դեպքում բոլորս համախմբվում ենք :
Բնականաբար, շատ ուրախ ենք, որ կարողացանք ինչ-որ բանով օգուտ տալ, որ գործը առաջ գնա և, սկսած յուրաքանչյուր քաղաքացուց, վերջացրած ֆուտբոլի պատասխանատուից, բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկրի, նամանավանդ, սպորտի վիճակը լինի բարձր. այլ մարզաձևերը` կլինի մենապայքարային, թե ֆուտբոլ, թե մյուս այլ խաղային մարզաձևեր, էական չի : Եվ էական չի, որ ֆեդերացիան է, և որ ֆեդերացիայի նախագահն է: Մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկիրը արձանագրի հաջողություններ, որովհետև փոքր երկիր լինելով մեր մարզաշխարհում այսօր բավական ճանաչելի ենք և պատրաստ ենք ամեն ինչ անել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը, այսպես ասած, ընկնի հաղթանակների ցիկլի մեջ:
–Մինչ այսօր Դուք Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպել կամ քննարկումներ ունեցե՞լ եք ֆուտբոլի շուրջ, կամ ֆուտբոլի ֆեդերացիա այցելե՞լ եք:
-Երևի թե սահմանափակվենք այսքանով:
Լիդա Եղիազարյան