Սեյրան Օհանյանը հավանել է Ամարասի Արթուրի գաղափարը. նրանք կհամագործակցե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առաջին աստիճանի Մարտական խաչի ասպետ-հերոս, գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, մի քանի ամիս առաջ իր համախոհների հետ հիմնել է «Միասնական Արմենիա» կազմակերպությունը։ Այն նպատակ ունի ԱԺ-ում ստեղծել երկրորդ պալատ, որտեղ կընդգրկվեն սփյուռքահայ պատգամավորներ, որպեսզի իրավունք ունենան Հայաստանի քաղաքական կյանքում իրենց խոսքն ասել: Թե ի՞նչ փուլում է գտնվում նախաձեռնությունը, եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ նպատակի իրագործման համար, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել հենց Արթուր Ալեքսանյանից:

-Պարո՛ն Ալեքսանյան, Դուք նախաձեռնությամբ եք հանդես եկել, որը նպատակ ունի Աժ-ում ստեղծել վերին եւ ստորին պալատներ, ի՞նչ փուլում է գտնվում այդ գործընթացը:

-Ընթացքի մեջ է, տարբեր տեղերից նամակներ են գրում, հավանություն են տալիս: Շատ արձագանքներ կան, պետք է հանդիպումներ լինեն, շուտով, կարծում եմ, կկայանան, մոտակա 10-15 օրվա ընթացքում:

-Այս տարի, կարծես թե, մեծ է սփյուռքի ակտիվությունը: Ստեղծվեցին «Գլոբալ հայեր» եւ «Արդարությունը Հայաստանում» նախագծերը: Նրա՞նց հետ են տեղի ունենալու Ձեր նշած հանդիպումները:

-Ո՛չ, իրենց մասին չէ խոսքը, նախաձեռնող խումբ ունենք, իրենք անուն չունեն, իրենց հետ պետք է հանդիպենք:

-Իսկ «Գլոբալ հայեր» եւ «Արդարությունը Հայաստանում» նախագծերի հեղինակների հետ բանակցություններ տարվո՞ւմ են:

-Իրենք միայն հավանություն են տվել մեր ծրագրերին, մենք շարժում ենք, կուսակցություն չենք, որ միանանք, ինչ-որ բաներ ձեռնարկենք: Այս պահին մենք միայն մեր առաքելությունը տեսնում ենք, որ արդար ընտրություններ կազմակերպվեն ապրիլյան օրերին, ընդամենը դա է մեր խնդիրը, նպատակ չունենք, հավես էլ չունենք: Եթե գաղափարը ընդունվի, շարժումը ընդունվի, հնարավոր է՝ մենք հարենք որեւէ կուսակցության:

-Բայց Դուք ունեք մի նպատակ, որի իրագործման համար Ձեզ հարկավոր է ԱԺ մեծամասնության, ասել է թե, իշխող ՀՀԿ-ի աջակցությունը, խոսքը վերին եւ ստորին պալատների ստեղծման մասին է…

-Այո՛, իհարկե:

-Ինչպե՞ս եք այդ աջակցությունը ստանալու:

-Մեր նպատակը դա է, պետք է ե՛ւ իրազեկենք, ե՛ւ պահանջենք ե՛ւ քարոզենք, որ իրենք այդ որոշումը ընդունեն, առանց ԱԺ-ի որոշման նման բան չի կարող լինել:

-Եւ, ի վերջո, խոսք է գնում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ միասնական նախաձեռնությամբ եք հանդես գալու…

-Ո՛չ, տենց բան չկա: Սեյրան Օհանյանի հետ մենք մտերիմ ընկերներ ենք, քավոր-սանիկներ ենք, ընդհանրապես քաղաքականության մասին չենք խոսում, ուղղակի իմանալով իմ այս նախաձեռնության մասին` ողջունել է այն եւ ասել, որ լավ գաղափար է: Ընդամենը դա, մենք քաղաքականության մասին չենք խոսում:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ Արթուր Ալեքսանյանը սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան է: Ալեքսանյանի միջնորդությամբ էլ Վահագնի թաղամասում Սեյրան Օհանյանի համար շքեղ առանձնատուն է կառուցվում:

Վահագն Հակոբյան




Լրահոս