2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակում են քաղաքական թատերաբեմում հայտնվել «երկրի ապագայով մտահոգ» մի շարք կուսակցություններ եւ շարժումներ: Նրանցից յուրաքանչյուրը իրեն հռչակում է երկրի փրկիչ եւ նախանշում փրկության ուղին: Այս ամենը, իհարկե, սպասելի էր, բայց անտրամաբանականը այդ ուժերի գաղափարախոսությունների նույնաբովանդակ տեքստերն են, որոնց տարբերությունը միմիայն կոսմետիկ բնույթ է կրում:
Այն, որ հին ու նոր ուժերը մշտապես ելույթներում ընդգծում են, որ իրենց ստեղծման նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը եւ իրականացնել ներքին լուրջ փոփոխություններ, բնական է, որովհետեւ դրանք ականջահաճո են: Հիմա փորձենք եւս մեկ անգամ մեր փրկիչների գաղափարախոսությունները իմի բերել:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից հեռանալուց հետո լքեց կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները, հիմնեց նոր կազմակերպություն` «Քաղաքացիական շտաբ» անունով, այնուհետեւ հայտարարվեց, որ այդ կազմակերպության նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Նրանք էլ բոլորի նման հայտարարում էին, որ ստեղծվել են, որպեսզի ՀՀ զարգացման գործում մասնակցություն ունենան, բնակչության համար արժանավայել կենսակերպ ապահովեն, նպաստեն պետության զարգացմանն ու ապահովմանը: Կուսակցության նախագահ ընտրված Տիգրան Ուրիխանյանը ՏԻՄ ընտրություններից հետո, սակայն, զգաց, որ իրենց կուսակցության գաղափարախոսության «կրողները» շատ քիչ են, որի համար էլ, ըստ երեւույթին, որոշեց հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից: Պատահական չէ, որ այդ հեռացումը համընկավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերի շրջանառվելու ժամանակահատվածի հետ:
Նույն ժամանակահատվածում ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի կուսակցություն, որն ակնկալում է, ժողովրդի վստահությունը ստանալով, ստանձնել ՀՀ իշխանությունը:
«Մենք ժողովրդին չենք առաջնորդելու դեպի հիասթափություն: ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն»,- նշեց Փաշինյանը: Կուսակցությունը հայտարարեց «մեկ կուսակցություն» դառնալու մասին: Սակայն ՏԻՄ ընտրություններից հետո, չնայած մեկ համայնքում հաղթանակ տանելուն, կուսակցությունը որոշեց նոր վարչություն ընտրել, որից հետո էլ հայտարարեց, որ պատրաստ է դաշինքի ձեւավորման մասին բանակցություններ վարել այլ ուժերի հետ:
2016 թվականի ապրիլի 27-ին 14 հոգուց բաղկացած նախաձեռնող մի խումբ, որում ընդգրկված էին նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, որոշեց համախմբել բոլորին եւ հայտարարեց «Համախմբում» կոչվող նոր կուսակցության ստեղծման գործընթաց սկսելու մասին:
«Կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման եւ ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ»,- հայտարարեց կուսակցությունը, որը ՔՊ-ի նման իրեն եւս համարեց «ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ»:
Այս թատերաբեմում իր դիրքորոշմամբ առանձնացավ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանն է: Նրանք քաղաքական դաշտ են մտնում որպես ռեֆորմիստներ` քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ իրականացնել փորձելու խոստումով, բայց…: Ռեֆորմիստների դեպքում կա մի բայց. իրենց համարում են պետականամետ ուժ եւ սատարելու են իշխանության իրականացրած ծրագրերին: Ըստ կուսակցության հիմնադիր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի՝ պատրաստվելու են աջակցել Սերժ Սարգսյանի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին: Ամենաուշագրավը այս կուսակցության կարգախոսն է` «Քեզ համար, Հայաստա՛ն»: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին նույն կարգախոսն էր ընտրել նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը:
Այս տարի զարմանալիորեն ակտիվացել է նաեւ սփյուռքահայությունը. մեկը՝ «Գլոբալ հայեր», մյուսը` «Արդարություն Հայաստանում» խորագրով: Առաջինը նորից համախմբման կոչ է անում, իսկ մյուսն էլ կրկին փորձում է արդարություն հաստատել Հայաստանում: Եթե նրանք սփյուռքից են իրենց ձայնը լսելի դարձնում, ապա սփյուռաքահայության մասին մտածելով էլ «Միասնական Արմենիա» շարժումն է այստեղ գործունեություն ծավալում: Արթուր Ալեքսանյանը, ով առավել հայտնի է Ամարասի Արթուր անունով, այս շարժման միջոցով նպատակ ունի ԱԺ-ում ստեղծել երկրորդ պալատ, որտեղ կընդգրկվեն սփյուռքահայերից պատգամավորներ, որպեսզի իրավունք ունենան Հայաստանի տնտեսական, քաղաքական, ռազմավարական կյանքում իրենց խոսքն ասել:
Բավականին վերջերս Երեւանի ավագանու նախկին անդամ Արման Վարդանյանի նախաձեռնությամբ էլ ստեղծվեց «Միասնություն» համաժողովրդական շարժումը: Նրանք էլ են իրենց առջեւ նպատակ դրել ներքաղաքական կյանքում փոփոխություններ կատարել եւ երկիրը տանել զարգացման նոր փուլով:
Դե, իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի համատեղ քաղաքական հավակնությունների մասին պաշտոնապես չի հայտարարվել:
Այսպիսով՝ եթե ամփոփելու լինենք, պետք է փաստել, որ Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին մտահոգ ուժերի պակաս չկա մեր երկրում, բայց կա միասնականության դեֆիցիտ: Եւ փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից հետո «ինքնաբուխ» ստեղծված ուժերի ղեկավարները կա՛մ «խոշորների» հետ միավորվելով մանդատ են ստանում, կա՛մ հօդս են ցնդում` օդում կախված թողնելով իրենց նպատակները, որոնց իրագործման համար գալիս են հաջորդները:
Վահագն Հակոբյան