Նոյեմբերի 9-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այցելեց Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպում ունեցավ ուսումնական կենտրոնի ղեկավարի և այնտեղ ուսանող հայ կուրսանտների հետ:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ ակադեմիայի ղեկավար գեներալ-մայոր Դիմիտրիոս Ալևիզոսը նշեց, որ իրենց համար առանձնահատուկ պատիվ է ընդունել ՀՀ դեսպանին: Նա տեղեկացրեց, որ ռազմակրթական ուսումնական հաստատությունը Հայաստանի հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ՝ միաժամանակ բարձր գնահատելով ակադեմիայում ուսանող հայ կուրսանտների պատրաստվածությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց հայ-հունական ռազմական համագործակցության ռազմաուսումնական բաղադրիչը և նշեց, որ ակադեմիան ավարտած հայ կուրսանտները հայկական բանակում իրենց դրսևորում են լավագույնս:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Ակադեմիայի ղեկավարի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:
Զրույցից հետո գեներալ-մայոր Ալևիզոսի ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելեց ակադեմիայի ուսումնական կենտրոն, ծանոթացավ հայ կուրսանտների ուսումնական գործընթացին և առօրյային: Հայ կուրսանտների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ դեսպանը նրանց մաղթեց հաջողություն ուսման մեջ և հորդորեց բարձր պահել հայ զինվորականի ու ապագա սպայի պատիվը: