Նոյեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Փարկինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ՓԲԸ-ների հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի նրանց ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցնեն պետական եւ համայնքային կառույցներին: Այս խորհրդակցությունից անցել է ուղիղ 2 շաբաթ, եւ միայն երեկ՝ տրված ժամկետից 4 օր ուշացումով, Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ ոստիկանությունը հայտարարեցին, որ բանակցությունները ավարտվել են, իսկ արդյունքները ուղարկվել են ՀՀ կառավարություն:
Ըստ մասնագետների՝ նշված երեք ընկերությունների նկատմամբ իրականացվող գործողությունները Հայաստանի տնտեսության համար կունենան բացասական հետեւանքներ, քանի որ այսպիսով ստեղծվում է մասնավորից պետականացման նախադեպ: Այսինքն՝ ընկերությունները բավականին ներդրումներ են արել, եւ հիմա պետությունը գտնում է, որ նրանց եկամուտները պետք է ուղղվեն պետական բյուջե: Եթե պետականացման այս գործընթացից հետո չիջեցվեն տուգանքները, ապա քաղաքացու համար ոչինչ չի փոխվի: Թերեւս քաղաքացու միակ օգուտը կարող է լինել այն, որ մինչ այդ հավաքագրվող գումարների՝ ընկերությունների բաժնեմասերը պետբյուջե փոխանցելու դեպքում հնարավոր է, որ կենսաթոշակային ֆոնդն ավելանա: Սակայն օտարերկրյա ներդրումների դեպքում պետության նմանօրինակ վարքագիծը միայն բացասական ազդեցություն է ունենալու: Այս ընկերությունների օրինակն աչքի առջեւ ունենալով՝ արտաքին ներդրողները կխուսափեն Հայաստանում ներդրումներ կատարելուց, կամ առնվազն կզգուշանան:
Հիշեցնենք, որ «Սեքյուրեթի դրիմ»-ի դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռեւս 2011 թվականին մրցույթ հայտարարեց տեսանկարահանման համակարգի ներդրման եւ սպասարկման համար: Ընդ որում, հայտարարված մրցույթի պայմանն էր, որ ընկերությունն իր ներդրած միջոցները պետք է աստիճանաբար ետ բերի՝ նախնական շրջանում գանձված գումարների 70 տոկոսը տնօրինելու հաշվին: Նշենք, որ մրցույթին մասնակցել էր երկու ընկերություն, այդ թվում նաեւ «Սեքյուրեթի դրիմ»-ը: Մասնակից մյուս ընկերության առաջարկը կազմում էր 22 մլն եվրո, իսկ ահա «Սեքյուրիթի դրիմը» պատրաստ էր համակարգը ներդնել 10 մլն եվրոյով: Նման դեպքերում սովորաբար մրցույթում հաղթած ընկերությունը պետք է համակարգը տար ու գումարը՝ կանխավճարը, ստանար:
Այս դեպքում, սակայն, «Սեքյուրեթի դրիմ»-ը անբողջ ներդրումն արեց: Ապա հայտնի դարձավ, որ գանձված գումարների 70 տոկոսի հաշվին փակվել է ընկերության հասանելիք 10 մլն եվրոն: Ընդ որում, պայմանագիրը մինչեւ 2036 թվականն է: Եվ եթե մինչ այդ գումարը չփակվեր, պետությունը որեւէ պարտավորություն չէր կրելու: Ըստ մասնագետների՝ սա ամենալավ տնտեսական մեխանիզմն է, որովհետեւ այն ներդրողին եւ իրականացնողին ստիպում է անել լավագույնը, որպեսզի ներդրած գումարները հետ գան:
Սակայն հիմա Սերժ Սարգսյանը որոշել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պետականացնել մասնավոր բիզնեսը: Ասել է թե՝ ներդրող գործարարից այն ուղղակի խլել: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2013 թվականի հոկտեմբերից «Սեքյուրեթի դրիմ»-ը անցել է մինիմում տարբերակին՝ 50/50 հարաբերակցությամբ:
Նշենք, որ համակարգի սպասարկումն իրականացնող ընկերությունը մոտ 400 աշխատատեղ է բացել. աշխատավարձերը վճարում է ընկերությունը, տեխնիկայի մաշվածության խնդիրը նույնպես ինքն է լուծում: Եւ հիմա հարց է ծագում. եթե ընկերությունն իր բոլոր պարտավորությունները կատարել է, զուգահեռ այսքան աշխատատեղեր բացել, կանոնավոր մուծել բոլոր հարկերը, այդ դեպքում ի՞նչ հիմունքով է գործող իշխանությունը պետականացնում տվյալ մասնավոր ընկերության բիզնեսը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Սեքյուրեթի դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալիկ Զաքարյանի հետ:
-Պարո՛ն Զաքարյան, Սերժ Սարգսյանի հանձնարարականից անցել է 2 շաբաթ. բանակցությունները ի՞նչ արդյունք տվեցին:
-Այս պահի դրությամբ բանակցությունները դեռ ավարտված չեն: Մյուս հարցերով իրենց դիմեք, քանի որ ժամկետը մեզ չեն տվել, եւ մենք չենք բանակցությունների վարման հրամանատարը: Իրենք են:
-Բայց ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ բանակցությունները ավարտվել են, իսկ արդյունքները ուղարկվել են ՀՀ կառավարություն:
-Գուցե իրենց մասով ավարտվել են: Բայց փոխադարձ դետալները հստակեցվում են: Առաջիկայում պարզ կդառնա:
–Այս դեպքում ընկերությունը ի՞նչ դիրքորոշում ունի:
-Ընկերությունը տրամադրված է շատ ջերմ ու դրական: Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, մենք շատ դրական ենք տրամադրված:
-Արդյոք ընկերությունը համաձայն կլինի ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետությանը տրամադրել:
-Նայած պայմաններին, հիմա բանակցություններ են ընթանում: Պայմանները կբավարարվեն՝ ամեն ինչ լավ կլինի, չեն բավարարվի՝ այն ժամանակ կխոսենք: Այս պահին մենք առիթ չունենք ինչ-որ բանից դժգոհելու կամ գոհ մնալու, քանի որ դեռ բանակցությունները չեն ավարտվել:
-Տեսակետ կա, որ այս կերպ իշխանությունը փորձում է Ձեր ձեռքից խլել Ձեր բիզնեսը…
-Դեռ բանակցությունները չեն ավարտվել, ո՞վ է ասել, որ խլում են կամ չեն խլում: Ինչի՞ մասին է խոսքը: Իրենք թող մտածեն, ես չգիտեմ՝ ժամկետը ոնց են տվել ու ինչքանով: Իրենք են ու իրենց ժամկետները:
-Նաեւ տեղեկություններ կան, որ Ձեր ղեկավարած ընկերությունը վարկային միջոցներով է ձեռք բերել արագաչափ սարքերը, տեխնիկան եւ այժմ վարկային պարտավորություններ ունի …
-Դա արդեն մեր խնդիրն է, թե ինչ միջոցներով է ձեռք բերվել տեխնիկան, արագաչափ սարքերը: Մենք այդ ամեն ինչը ձեռք ենք բերել եւ հանձնել ենք ճանապարհային ոստիկանությանը: Հիմա վարկ ենք վերցրել, թե ինչ-որ մեկին ազնիվ խոսք ենք ասել, դա արդեն մեր խնդիրն է, որը հրապարակման ենթակա չէ: Ամեն դեպքում, այդ պարտավորությունները 100 տոկոսով կատարում ենք:
Հ.Գ. Ի դեպ, այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ, վերջինս նույնպես պնդեց, որ բանակցությունները դեռ ավարտված չեն: Եւ չնայած Հարությունյանի պնդումներին՝ քաղաքապետարանը երեկ նույնպես հայտարարեց, որ դրանք ավարտվել են: Թե ինչով է պայմանավորված այս հակասությունը երկու պետական կառույցների եւ երկու մասնավոր ընկերությունների միջեւ, ժամանակը ցույց կտա: Հուսանք՝ գերատեսչությունները «հապճեպ եւ միակողմանի» չեն բանակցել՝ Սերժ Սարգսյանին գոհացնելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ