Մայրաքաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցում մեկնարկել է «Երգը՝ բարեկամության կամուրջ» ռուսական երգի 4-րդ փառատոնի քաղաքային փուլը:
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ և Մշակույթի նախարարությունների աջակցությամբ՝ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան ՀԿ և «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» ՀԿ կողմից անցկացվող փառատոնի նպատակը ռուսական մշակույթը և հոգևոր արժեքները ներկայացնելն է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ արդեն ավանդական դարձած փառատոնը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է:
«Փառատոնը, որին մասնակցում են քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցների տասնյակ աշակերտներ, այսօր արդեն ոչ միայն երգի, այլև ռուսական մշակույթի յուրօրինակ տոն է դարձել: Տարեցտարի նոր մոտեցումների կիրառմամբ այն ավելի լայն շրջանակներ է ընդգրկում: Այս տարի փառատոնի շրջանակում անցկացվել է նաև շարադրությունների մրցույթ», – նշել է Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքային փուլին մասնակցել է նախնական փուլերը հաղթահարած 35 աշակերտ: Բոլոր մասնակիցները կարժանանան Երևանի քաղաքապետի պարգևների, իսկ ժյուրիի կողմից բարձր գնահատականների արժանացած 11 աշակերտ կմասնակցի փառատոնի հանրապետական փուլին: