2015թ. սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ,1974թ. ծնված Արթուր Մկրտումյանը որսորդական հրացանով սպանել էր նույն գյուղի բնակիչ, Բերդի զինկոմ,1966թ. ծնված Դերենիկ Պապյանին: 2016թ. հունիսի 23-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատաքննության ավարտին դատավոր Զոյա Զաքինյանը Արթուր Մկրտումյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը) եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Դատաքննության ընթացքում քրեական գործով մեղադրողը դատարանին միջնորդել է ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Դատարանն ամբաստանյալ Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել այն, որ նրա խնամքին անչափահաս 3 երեխա կա, եւ նախկինում նա արատավորված չի եղել:
Նաեւ դատարանը Ա. Մկրտումյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Ա. Մկրտումյանը սպանության համար իրեն մեղավոր չի համարել, ցուցմունք է տվել այն մասին, որ մեղադրանքի մեջ առկա վկաների ցուցմունքներն իրեն զրպարտում են, այդ օրն ինքը գտնվել է անսթափ, վատ վիճակում, իր հետ «ինչ-որ բան է կատարվել», որի արդյունքում ինքը ոչինչ չի հիշում: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել Ա. Մկրտումյանի պաշտպան Աննա Մեջլումյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանը:
Վերաքննիչ բողոքում Ա. Մեջլումյանը խնդրել է ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Իսկ, ահա, Վ. Զուռնաչյանը վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Արթուր Մկրտումյանի դատավճիռը, վերջինիս արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով եւ նրա նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ:
2016թ. սեպտեմբերի 14-ին քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան) որոշել է ամբաստանյալի պաշտպան Ա. Մեջլումյանի վերաքննիչ բողոքը մերժել, իսկ տուժողի իրավահաջորդ Ռ. Պապյանի ներկայացուցիչ Վ. Զուռնաչյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն եւ Արթուր Մկրտումյանին դատապարտել 14 տարի ազատազրկման: Վ. Զուռնաչյանը վճռաբեկ բողոք է ներկայացել, որի քննությունը դեռ չի կայացել:
Ոսկան Սարգսյան