Այս տարվա նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում պաշտոնաթող գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով ՊՆ որոշ գեներալների ապօրինի հարստացմանն ու բանակից գողություն անելու լուրերին, ամբիոնից հայտարարեց. «Ըսկի դատախազը ռիսկ չի անում անուն տա, ես որտեղի՞ց տամ: Վայ դրանց հերը պիտի անիծվի, դրանք պիտի պատժվեն, Աստված կպատժի»: Այսպիսով, երկրի թիվ մեկ ամբիոնից պատգամավորը կասկածի տակ դրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համարձակությունը ու պաշտոնական պարտականություններն իրացնելու կարողությունը` հույսն Աստծո վրա դնելով: Գեներալ-պատգամավորը ՀՀ գլխավոր դատախազին հորդորել էր ՊՆ-ում կատարվող գողությունների հետքերով գնալ եւ «ճշտել»:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ կհետեւի արդյոք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավորի խորհրդին: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ տեղեկացրին. «ՀՀ գլխավոր դատախազությունը գործում է իր լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունները: Դատախազությունը իրավական հիմք չպարունակող քաղաքական հայտարարությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում»:
Միանշանակ, գովելի է, որ դատախազությունում գիտակցում են իրենց լիազորությունները, բայց փաստ է, որ հայտարարվեց վախի մասին, ինչը որեւէ առարկայական քայլով դեռ չի հերքվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կադրերը մեկը մյուսի հետեւից լքում են իրենց պաշտոնները: Մասնավորապես մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից: Իսկ Սեյրան Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել: Սակայն Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո նրան հասկացրել են, որ շուտով «կզորացրվի»: Չի բացառվում, որ այս զարգացումները կապված լինեն ՊՆ-ում տարեսկզբին իրականացված կոռուպցիոն բացահայտումների հետ: Հիշեցնենք, որ նշված երկուսը ռազմական ոստիկանության շենքում ծեծի էին ենթարկել ՊՆ աշխատակցին` ստիպելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ տալ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ պարզել ՊՆ-ից: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Այդ օղակի պաշտոնական նշանակումներն ու ազատումները մենք պաշտոնապես չենք մեկնաբանում»:
Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան` ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, քանի որ 1.2 մլն դրամ պարտք է քաղաքապետարանին հողի հարկի գծով: Նշենք, որ դիզվառելիքի եւ բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունը 2014 թվականից չի գործում: Իսկ աշխատակիցներն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը իմացան «Ժողովուրդ» օրաթերթից: Հիշեցնենք, որ 2014-ին Բաղդասարովի երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը եւս սնանկացավ, եւ մոտ երկու տարի է՝ ընկերության աճուրդի հանված գույքը չի վաճառվում, որ պարտքերը մարվեն:
Ընտրությունների կեղծման «կարուսել» անվանումը ստացած մեխանիզմը ընտրողների ուղղորդված քվեարկության թերեւս ամենահանրահայտ ձեւերից մեկն է: Մինչեւ տեղամաս գալը կեղծարարը ընտրողին տալիս է քվեարկված քվեաթերթիկը եւ պահանջում, որ տեղամասում ստացած «մաքուրը» նա հետը դուրս բերի եւ հանձնի իրեն: Նոր ընտրական օրենսգրքով սահմանված ԱԺ ընտրությունների համակարգը «կարուսելի» կիրառությունը անհնար է դարձրել, քանի որ ընտրողներին տրվելու են մասնակից քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ՝ ամեն մեկի համար առանձին: ՀՀ ԸՕ 67-րդ հոդվածի 3-րդ կետը պահանջում է. «Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ»: Այսինքն՝ եթե վերը նշված դրույթը կիրառվի, «կարուսելը» ուղղակի անհնար կլինի իրականացնել: Բայց քանի որ դա իշխանություններին ձեռնտու տարբերակ չէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրակարգի շուրջ վերջին քննարկումների ընթացքում փորձ է արվում ներկայացնել, թե իբր «ավելացած» քվեաթերթիկների հետ ընտրողն ազատ է վարվելու այնպես, ինչպես կցանկանա: Կարող է նույնիսկ իր հետ դուրս հանել տեղամասից: Այսինքն` փորձ է արվում ամեն կերպ «կարուսելի» մեխանիզմը պահպանել:
ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ
Երեկ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանը, չնայած ղեկավարության՝ նախօրեին հնչեցրած կոչերին, այնուամենայնիվ, ընդունեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու վերաբերյալ պարտադիր ուժ չունեցող բանաձեւը: Մինչ այդ պաշտոնական Անկարայի հետ բանակցությունների սառեցման օգտին արդեն իսկ բավականին սուր ելույթներով արտահայտվել էին Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր առաջատար քաղաքական ուժերը՝ ընդգծելով, որ Թուրքիայում տարվող ավտորիտար քաղաքականությունը այլեւս տեղ չի թողնում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների շարունակության համար, եւ մատնանշել էին Թուրքիայում հետզհետե խորացող ռեպրեսիաները, քաղաքական գործիչների, լրագրողների, դատավորների եւ ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները: Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշել էր, որ Եվրախորհրդարանի այս որոշումն իրենց համար որեւէ արժեք չունի: Իսկ Եվրամիության հարցերով նախարար ու գլխավոր բանագնաց Օմեր Չելիքն ասել էր. «Գոյություն ունեն ուժեր, որոնք փորձում են այդ որոշմամբ որոշակի ուղերձ հղել Անկարային։ Սակայն նրանք պետք է իմանան, որ Անկարան անտեսում է այդ ուղերձը»։
Ու թեեւ ընդունված բանաձեւը իրավական ուժ չունի, այնուհանդերձ, այն Թուրքիային էլ ավելի է հեռացնում Եվրամիությունից, եւ որպես դրա հետեւանք՝ մղում Ռուսաստանի հետ առավել սերտ հարաբերությունների: Եվ այս առումով հատկանշական էր, որ Թուրքիայի վարչապետ Բ. Յըլդրըմը շտապեց դատապարտել Եվրախորհրդարանի՝ դրանից մեկ օր առաջ ընդունած բանաձեւը՝ ռուսական քարոզչությանը հակազդելու մասին:
Եթե Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարից նեղսրտող ՀՀ քաղաքական որոշ ուժեր ժամանակին պնդում էին, թե Հայաստանը չպետք է ձգտի ԵՄ, եթե վերջինս պատրաստ է Թուրքիայի նման երկրին ընդունել իր կազմ, ապա այժմ այդ ուժերը պետք է ընդունեն, որ ԵՄ-ն, այնուհանդերձ, չի ցանկանում այսպիսի Թուրքիայի անդամակցությունը՝ անգամ խոշոր աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերի դիմաց՝ չանտեսելով արժեհամակարգային խնդիրները : Բայց արդյոք սա լավ նորություն է Հայաստանի համար: Պատասխանն առավել քան ակնհայտ է. ճիշտ հակառակը: Արեւմուտքի կողմից առավել անվերահսկելի եւ անկանխատեսելի Թուրքիան, որը մի կողմից սերտացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից՝ լուրջ խնդիրներ ունի նրա հետ սիրիական հարցում, Հայաստանի համար դառնում է էլ ավելի վտանգավոր հարեւան:
Այսպիսով՝ Թուրքիան, կարելի է ասել, դառնում է առավել անվերահսկելի աշխարհաքաղաքական երկու բեւեռների համար էլ՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով, այդ թվում եւ իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանին ցուցաբերվելիք ռազմաքաղաքական աջակցության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ նոր պատերազմի հրահրման հարցում: