Սովորեցի կոփվել և առաջ շարժվել, չընկճվելու իմունիտետ ձեռք բերեցի. Սոնա Ռուբենյանն ամփոփել է տարին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամսից Ամանոր է, ուստի շատերս, հետադարձ հայացք նետելով անցած տարվան, փորձում ենք ամփոփել այն` հասկանալու համար` ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ ունեցանք, մեր ծրագրած պլաններից որոնք իրականացրինք եւ որոնք չհասցրինք կյանքի կոչել: Այսպիսով` Նոր տարվան ընդառաջ «Ժողովուրդ»-ը սկսում է նոր շարք` նշյալ թեմաների շուրջ զրուցելով հայ հայտնիների հետ: Մեր առաջին զրուցակիցը երգչուհի Սոնա Ռուբենյանն է:

-Սոնա՛, ո՞րն է այս տարվա Ձեր ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը:

15310445_1226326594115071_1917541770_n

-Նախորդ ամիս փոքրիկ մենահամերգ ունեցա «Շանթ» հեռուստաընկերության «Արենա Live» ծրագրի շրջանակներում. դա կարող եմ համարել իմ տարեվերջյան ձեռքբերումներից մեկը: Դա իմ առաջին մենահամերգն էր եւ հետաքրքիր էր նրանով, որ ծրագրում ներգրավված էին նաեւ իմ հեղինակային երգերը: Վերջին ձեռքբերումներից մեկն էլ Գարիկ Պապոյանի հետ համերգային ծրագիր ունենալն էր: Տարվա նորություններից պետք է առանձնացնեմ նաեւ ինձ համար շատ հարազատ «Մայրիկ» երգի հիման վրա տեսահոլովակի թողարկումը: Ստեղծագործությունը նվիրվել է մեր զոհված զինվորների մայրերին:

-Այս տարվա ամենահետաքրքիր հրավերը:

-Այժմ Հայաստանում` երգարվեստի բնագավառում, համերգների առումով պասիվություն է տիրում, նախկին աժիոտաժը չկա: Համերգներով հանդես գալու հրավերներ ունեմ դրսից, բայց այդ ծրագրերն արդեն կապված են հաջորդ տարվա հետ:

15355900_1226326584115072_814805962_n

Տարին ի՞նչ դասեր տվեց Ձեզ:

-Այս ասպարեզում սովորեցի կոփվել եւ առաջ շարժվել, չընկճվելու իմունիտետ ձեռք բերեցի: Սա է ամենակարեւոր դասը, որն ամեն օր սերտում եմ:

-Ամենատպավորիչ խորհուրդը, որ լսեցիք:

-Դա ռուսերեն է լավ հնչում` все к лучшему:

Ընկերներ, որոնց հանդիպեցիք այս տարի:

-Իսկապես, կան այդպիսիք, եւ ես դրա համար շնորհակալ եմ ճակատագրին ու այն հանգամանքներին, որոնց շնորհիվ ունեցա այդ մարդկանց իմ կողքին:

Այս տարի լսած ամենաողջամիտ քննադատությունը Ձեր հասցեին:

15357003_1226326590781738_730901111_n

-Այն, որ ակտիվ երգերի պակաս ունեմ: Դա ես էլ եմ նկատում: Քանի որ բնավորությամբ «մինորային եմ», ինձ շատ դժվար է տրվում մաժորային ու ակտիվ երգեր գրելը: Բայց ուրիշների երգացանկից նմանատիպ երգեր հաճույքով եմ կատարում: Այնուամենայնիվ, կարծում եմ` հաջորդ տարի կունենամ հանդիսատեսի կողմից սպասված ակտիվ, ուրախ ու ռիթմիկ երգեր:

2016-ին Ձեր այցելած ամենահետաքրքիր վայրը:

-Դա Թբիլիսին էր, որն ինձ համար բացահայտեցի ամիսներ առաջ, ծանոթացա տեղի հայ մշակույթին, մասնավորապես հայկական եկեղեցիներին: Շատ հետաքրքիր ճամփորդություն ստացվեց:

-Ո՞վ է Ձեզ համար այս տարվա մարդը:

-Կարծում եմ` այս եւ նախորդ ու գալիք տարիներում բոլորիս համար այդ մարդը հայ զինվորն է: Մենք միշտ նրա կողքին ենք. դրա ապացույցը ապրիլյան պատերազմի օրերն էին, երբ բոլորիս սիրտը մի զարկով էր զարկում: Ի դեպ, «Մայրիկ» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ես առնչվեցի 1990-ականներից մինչեւ վերջերս զոհված հայ զինվորների մայրերի հետ: Պատկերացնո՞ւմ եք` ոչ ոք չմերժեց հոլովակում հանդես գալու մեր առաջարկը: Դուք պետք է տեսնեիք, թե նկարահանման հրապարակում ինչ մթնոլորտ էր տիրում: Այնքան բարություն եւ խորություն կար այդ կանանց մեջ, որ խոսքերով չես նկարագարի: Նրանք էլ են տարվա, ես կասեի` դարի մարդիկ:

-Ու՞մ եք համարում 2016-ի բացահայտումը:

15320427_1226326587448405_467275442_n

-Վերջերս առիթ ունեցա համագործակցելու «Գողթ» խմբի հետ, որի անդմաներն իմ լավ ընկերներն են: Շատ կուզենամ, որ նրանց պես տաղանդավոր երիտասարդները միշտ դրսեւորվելու լայն հարթակ ունենան: Ի դեպ, հնարավոր է` շուտով համատեղ անակնկալ մատուցենք հանդիսատեսին եւ հաջորդ տարեսկզբին հանդես գանք տեսահոլովակով:

2016-ին հուսահատվելու Ձեր առիթը:

-Նման պահեր շատ են լինում: Ասեմ, որ հաճախակի եմ հուսահատվում, բայց հուրախություն ինձ` դա շատ կարճ է տեւում. հաղթահարում եմ թե՛ փոքր, թե՛ մեծ հուսահատությունները:

-Տարին ամփոփելով` ո՞ւմ կցանկանաք շնորհակալություն հայտնել:

-Իմ կյանքին, որն ինձ տանում է ճիշտ ճանապարհով:

-Եվ վերջում` ի՞նչ նվեր եք ուզում Ձմեռ պապիկից:

-Խաղաղություն` գալիք եւ մնացյալ տարիների համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս