«Ժողովուրդ»-ը զրուցել է «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող, երգիչ Վրեժ Կիրակոսյանի հետ, ով Երեւանի մշակույթի պետական քոլեջում աշխատում է որպես փոխտնօրեն, ինչպես նաեւ «Emmy-B» պրոդյուսերական ընկերության գործադիր տնօրենն է:
-Վրե՛ժ, երկրպագուները սպասում են Ձեր կենդանի կատարումներին: Նրանց ե՞րբ կընձեռվի նման հնարավորություն:
-Հուսամ, որ գալիք տարում կենդանի նվագակցությամբ համերգ կունենամ: Չեմ ցանկանա ակումբային ֆորմատով համերգի` մի քանի հոգանոց կազմ հավաքել, փոխարենը նախընտրում եմ պրոֆեսիոնալ նվագախմբով ելույթ: Կարծում եմ` համերգս կհեռարձակվի նաեւ հեռուստաընկերությամբ: Նշեմ նաեւ, որ ունեմ մի քանի նոր երգեր. դրանք հեղինակային ստեղծագործություններ են` գրված հատուկ ինձ համար: Երգերից մեկի հիման վրա պատրաստվում եմ նկարահանել տեսահոլովակ: Այդ ստեղծագործությունը հայերեն է, հայրենասիրական թեմայով:
-Դուք երգարվեստի դաշտում Ձեր դիրքերն ամրապնդելու, հիմնավորվելու նպատակ ունե՞ք:
-Ինձ համար կայացած, պահանջված երգիչը նա է, որի համերգի տոմսերը ձեռք բերելու համար մարդիկ իրար «սպանում են», պատրաստ են դրանց դիմաց մեծ գումարներ վճարել: Սա է շոուբիզնեսյան միջավայրը: Իսկ եթե պետք է համերգ տաս, բայց դու բերես, դահլիճը լցնես, այդ երեւույթն արդեն շոու-բիզնեսի հետ կապ չունի: Այսօր մեր երգիչ-երգչուհիներից շատերը, որոնք շոուբիզնեսյան միջավայրում գտել են իրենց տեղը, դրսեւորվում են կոորպորատիվներում. հենց այդպիսի միջոցառումների միջոցով են նրանք մեծ գումարներ վաստակում եւ ոչ համերգների: Իսկ իմ մոտեցումը հետեւյալն է. թող ինձ լսի 100 հոգի, բայց ես չփոխեմ իմ ոճը, շարունակեմ հանդես գալ դասական ժանրում:
-Դուք` որպես արտիստ եւ որպես քաղաքացի, աչքի եք ընկնում համարձակ եւ օբյեկտիվ դատողություններով: Վերջին շրջանում էլ սոցցանցերից մեկում անդրադարձել էիք «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իքս ֆակտոր» երաժշտական նախագծին, քննադատական խոսք էիք հնչեցրել ժյուրիի պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ: Եթե հաշվի առնենք, որ այդ նախագծի միջոցով մեծ հաջողություններ ունեցաք եւ ճանաչվեցիք, հետաքրքիր է` նման տեսակետներ արտահայտելուց հետո Ձեզ «դավաճան» համարողներ եղե՞լ են:
-Խոսքը վերաբերում է ինձ շատ սիրելի եւ հարազատ հեռուստաընկերության ռեյտինգի ապահովմանը: Իմ պոռթկումը սրտացավ վերաբերմունքի արդյունք է: Ես այդ հեռուստաընկերության տաղավարներում ամիսներ շարունակ աշխատել եմ, չարչարվել եւ անգամ այդ տաղավարների հոտն եմ հիշում ու սիրում: Ուստի չեմ կարող անտարբեր անցնել ցավալի իրողության կողքով: Նշեմ, որ տարին մի քանի անգամ լինում եմ տարբեր միջազգային մրցույթներում, որտեղ հանդես եմ գալիս նաեւ որպես ժյուրի, զուգահեռաբար հետեւում եմ երաժշտական նախագծերի անցկացման համաշխարհային փորձին, եւ այն կարծիքին եմ, որ հայկական «Իքս ֆակտոր»-ի շրջանակում բարձր ռեյտինգ ապահովելու համար սխալ նշանակետ են ընտրել: Տեսեք, թե նույն նախագծի արտասահմանյան տարբերակների դեպքում ինչ միջոցներով են այդ ծրագրերը վարկանիշ ապահովում: Շեշտը դրվում է ցնցող ելույթների, ուշագրավ կատարումների վրա: Սա՛ պետք է լինի նաեւ մեր նշանակետը: Ովքեր չգիտեն, ասեմ, որ «Իքս ֆակտոր»-ի մասնակիցը եթերում հայտնվելուց առաջ անցնում է փակ փուլ, նրան լսում են պրոֆեսիոնալները: Ինձ զայրացնում է այն, որ որոշ մասնակիցների, որոնք չեն համապատասխանում մրցույթի պահանջներին, այդ մարդիկ թողնում են եթեր, հետո դրա միջոցով շոու են անում: Եթե մասնակիցը վատ է երգում, մի՛ թողեք եթեր, դրա հաշվին ռեյտինգ մի՛ հավաքեք, այդ ռեյտինգը թիթեռի կյանք է ունենում, այսօր կա, վաղը չկա: Եվ, ի վերջո, եթե մասնակիցը չի գիտակցում, որ տվյալ մրցույթն իր տեղը չէ, դուք նախապես հասկացրեք, մի՛ ազդեք նրա հեղինակության վրա: Պետք է ժողովրդին կերակրել համեղ, որակյալ ու թարմ սնունդով: Կցանկանայի նաեւ, որ ժյուրին լուրջ մոտենար իր աշխատանքին, պատճառաբաներ` ինչու է տվյալ մասնակցին ասում այո կամ ոչ, չէ՞ որ ժյուրիի անդամները մարդկանց ճակատագրեր են կերտում:
ՆԿԱՐՉԻ ՍՏԱՏՈՒՍՆ ՈՒ ԲԱՑԱԿԱ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Վարդան Հովակիմյանը Հայաստանում այն եզակի նկարիչներից է, որն իր գործերը ստեղծում է գրիչով: Նոյեմբերի 28-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ նրա երկրորդ անհատական ցուցահանդեսը, որի շրջանակում այցելուներին ներկայացվեցին արտերկրի եւ Հայաստանի հայտնի արտիստների դիմանկարներ, 3D նկարներ եւ հայկական տարազներով կերպարներ:
Նկարիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մտադիր է առանձին անդրադարձ կատարել նաեւ հայկական եկեղեցիների թեմային: Ի դեպ, Վարդան Հովակիմյանի դիմանկարների հերոսներ են դարձել հայ դերասաններից Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Վերջինս մեզ հետ զրույցում անդրադառնալով այն հանգամանքին, որ նկարիչը մասնագիտական կրթություն չունի, շեշտեց, որ դա այս պարագայում բոլորովին էլ պարտադիր չէ. «Կարեւորը, որ նկարի մեջ հոգի լինի, ես էլ Կոնսերվատորիա չեմ ավարտել… Սովետական Միությունում մենք կոչվում էինք սիրող արվեստագետներ, դիլետանտներ: Եվ արվեստի հետ կապ չունեցող մարդիկ, որոնք ավարտել էին բուհեր, համարվում էին պրոֆեսիոնալներ: Այսօր Վարդանը չի մտածում, թե ինքն ինչ բուհ է ավարտել… Այն, որ Վարդանը գրիչով է նկարում, պարադոքսալ բան է, քչերին կարող է հաջողվել այդպես նկարել»,- ասաց նա:
Վարդան Հովակիմյանը, ով նաեւ մարզիչ է եւ դերասան, խոստովանեց, որ նկարչությունն իր կյանքում հոբբիից աստիճանաբար վերածվում է ավելի լուրջ զբաղմունքի:
Հավելենք, որ ցուցահանդեսին հրավիրված էին նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու այլ պաշտոնյաներ, որոնք, սակայն, չէին ներկայացել միջոցառմանը. «Դա երեւի կապված է իմ ստատուսի հետ, ստատուսս բարձրանա, իրենք հետագայում կներկայանան»,-եզրափակեց նկարիչը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Սիրիահայ ռեժիսոր Ավո Կապրեալյանի «Տներ առանց դռների» (Houses Without Doors) ֆիլմն Իտալիայում Տորինոյի 34-րդ կինոփառատոնում երկու լավագույններից է ճանաչվել «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:
«Անելանելի իրադրության պայմաններում նա ցույց է տալիս այն, ինչն անհնարին է ցուցադրել. իր ընտանիքի տան պատշգամբից նա նայում է ողջ աշխարհին: Նա ստիպում է մեզ հավատալ, որ սիրիացի եւ հայ ժողովուրդները ողջ մարդկությունն են, եւ որ կինեմատոգրաֆիայի գործիքները կօգնեն մարդկությանը գոյություն ունենալ եւ դիմադրել բոլոր ժամանակներում»,- ասել է Կապրեալյանին մրցանակ շնորհած ժյուրին:
Նշենք, որ «Տներ առանց դռների» ֆիլմը պատմում է բախումների ժամանակ Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանում բնակվող հայկական ընտանիքի մասին:
ՇՈՈՒՆ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Ամերիկյան վարկանիշային շոուներից մեկի` Keeping Up With The Kardashians-ի նկարահանումները դադարեցվել են մինչեւ տարեվերջ: The Daily Mail-ի փոխանցմամբ` ընտանիքի որոշումը պայմանավորված է Քիմ Քարդաշյանի ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հոսպիտալացմամբ: Հայտնի է, որ ռեփերը վերջին շրջանում աչքի էր ընկնում ոչ ադեկվատ վարքով: Ըստ որոշ պարբերականների` նա պարանոյա ունի: Այն բանից հետո, ինչ Ուեսթը հայտնվել է հիվանդանոցում, Քարդաշյանը որոշել է, որ ինքն ու ընտանիքի մյուս անդամները հոգեպես հանգստանալու կարիք ունեն:
Պարբերականը հավելում է, որ շոուի նկարահանումները կարող են տարեսկզբին էլ չվերսկսվել. այդ առնչությամբ վերջնական որոշումը պետք է կայացնի Քիմ Քարդաշյանը:
ԱՇՏԱՐԱԿԻՑ ՄԻ ՄԱՍ
Փարիզի հայտնի խորհրդանիշի` Էյֆելյան աշտարակի մի մասը` 14 աստիճանից բաղկացած մետաղական աստիճանավանդակը, աճուրդում վաճառվել է 556.000 դոլարով: Այս ցուցանիշը գրեթե 10 անգամ գերազանցում է նմուշի մեկնարկային գինը: luxurylaunches.com-ը տեղեկացնում է, որ աստիճանավանդակը տեղակայված է եղել աշտարակի 2-րդ եւ 3-րդ հարկերի արանքում:
Նշենք, որ վաճառված հատվածն աշտարակից հեռացվել էր 1983-ին, վերելակի տեղադրման պատճառով:
Նմուշը ձեռք բերողը նախընտրել է գաղտնի պահել իր անունը: