Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսենսուս դեռ չկա: Համբուրգում անցկացված ԵԱՀԿ նախարարական հավաքից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Մենք վաղուց ենք մեկնաբանել ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակն այն համաձայնությունների համատեքստում, որոնք ձեռք են բերվել Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը: Համաձայնություններից առաջինը վերաբերել է հրադադարի վերահաստատմանը: Կրակը դադարեցվել է, սակայն, ցավոք, այսօր այդ տեսնակյունից դեռ խատումներ կան»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով, բարձր են գնահատում ԵԱՀԿի մոնիտորինգի առաքելությունը շփման գծում: Սերգեյ Լավրովը նշել է, որ համաձայնություն էր ձեռքբերվել նաև ԵԱՀԿի դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ:
«Այդ թիվը մեծ չէ, խմբի անդամների թիվն ավելացել է 7-ով, իսկ խումբը բավական համեստ թիվ ունի, որքան գիտեմ 12 հոգուց է բաղկացած: Այո, մենք կարծում ենք, որ այդ համաձայնությունները պետք է ամրապնդվեն ԵԱՀԿի որոշումներով, իսկ դրա համար անհրաժեշտ է կոնսեսուս: Դիտորդների թվի ավելացման հարցի հետ կապված կոնսեսուս կա, սակայն, թե որտեղ պետք է տեղակայվեն, կոնսեսուս դեռ չկա: Ես, ինչպես և շատերը, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը: