Ամանորին ընդառաջ թանկացումները շարունակվում են: Հանրությունը հույս ուներ, որ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությունը, թե գալիք 2017թ. կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում չի լինի, գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկանա, սակայն ստիպված են հերթական հիասթափությունն ապրել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ թանկացում է գրանցվել միրգ-բանջարեղենի շուկայում: Թանկացել են կարտոֆիլը, գլուխ եւ կանաչ սոխը, սխտորը՝ մոտ 9 տոկոս, իսկ կանաչեղենը` ավելի քան 23 տոկոս: Մրգի ապրանքախմբում 2016թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 17.7 տոկոս գնաճ, մասնավորապես տանձի՝ 8.8, դեղձի՝ 18.2, խնձորի՝ 20.9, խաղողի՝ 36.1 տոկոս գնաճ: