ՀՀ հատուկ ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշում կայացրեց 2017 թվականի հունվարի 1-ից հանրապետության ողջ տարածքում սահմանել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման նոր միասնական սակագներ` 180 դրամ՝ յուրաքանչյուր խոր. մետրի համար։ Ըստ այդմ, Երեւանում եւ ՀՀ այլ համայնքներում ջրի սակագինը բարձրանալու է:
Ջրի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ ուշադրության են արժանանում ՀԾԿՀ-ի անդամների՝ պաշտոնապես հայտարարագրած գույքն ու եկամուտները:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի ներկայացրած 2015 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ միայն դրամական միջոցները, ասել է, թե «հետ գցած» գումարը, կազմել է 9 մլն դրամ, իսկ եկամտի չափը` ավելի քան 10 մլն դրամ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը եւս պատկառելի ունեցվածքի տեր է: Այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմում են 6 միլիոն 500 հազար դրամ եւ 15 հազար դոլար: Եկամտի չափը ավելի քան 12 միլիոն է:
2015թ. դեկտեմբերից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է նաեւ Արմեն Բաղդասարյանը: Վերջինիս պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ այս պաշտոնյային հաջողվել է հետ գցել ընդամենը 22 հազար դոլար եւ 860 հազար դրամ: Բաղդասարյանի եկամուտը 2015-ին ընդհանուր կազմել է ավելի քան 8 մլն դրամ:
ՀԾԿՀ-ի հնաբնակներից է Մուշեղ Կոշեցյանը: Նա 2005 թվականից հանձնաժողովի անդամ է: Անշարժ եւ շարժական գույքերից բացի՝ այս պաշտոնյան հայտարարագրել է 25 հազար դոլար դրամական միջոց, իսկ եկամտի չափը կազմել է ավելի քան 3 մլն դրամ:
2014 թ. հունիսի 10-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀԾԿՀ-ի անդամ նշանակված Արթուր Վարդանյանի՝ 2015 թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան հաջողվել է հետ գցել 38 հազար դոլար: Այս պաշտոնյայի եկամտի չափը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 9 մլն դրամ:
Ահա այսպիսի միլիոնատեր պաշտոնյաներն են որոշում՝ բարձրացնել, թե նվազեցնել սակագները, եւ բնական է, որ նրանց համար ինչ-որ մի 8 դրամի նվազեցումը կամ բարձրացումը էական չէ: Ի վերջո, դա ընդամենը «կաթիլ» է նրանց ունեցվածքի ծովում: Իսկ ահա շարքային քաղաքացիների համար ջրի ամեն կաթիլի թանկացումը զգալի կլինի:
Վահագն Հակոբյան