ArmLur.am-ը ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբն ահազանգ է ստացել փաստաբան Գեորգի Մելիքյանից (արտոնագիր 1798) առ այն, որ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում (նախագահությամբ` դատավոր Ա.Ադամյան) գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կ. Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, և հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը նետել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:
Նշված դեպքի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին և փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգողին:
Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Նշենք, որ ArmLur.am–ի հետ զրույցում փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ վաղը դիմում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի կատարվածին իրավական գնահատական տրվի: Փաստաբանի գնահատմամբ` իր մասնագիտական գործունեությունը ճնշում գործադրելու միջոցով խոչընդոտվել է: Գեորգի Մելիքյանը հավելեց, որ դատախազին դուր չի եկել իր առարկությունը, ինչն էլ դրդել է նրան նման բան անել, անգամ անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնել:
Հիշեցնենք` ArmLur.am–ը հայտնել էր, որ, ըստ որոշ տեղեկությունների, դատախազ Կորյուն Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ազգականն է: