Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Խորհրդակցության մեկնարկին աշխատակազմը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
Աշխատանքային առաջին շաբաթը սկսելով առանց նախարար Երիցյանի՝ Հ. Մխիթարյանը հորդորեց ի հիշատակ նախարարի և հանուն նրա կառուցած արտակարգ իրավիճակների նախարարության շարունակել նույն գործելաոճը, աշխատել առավել զգոն և վայրկյան անգամ չհուսաթափվել:
ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության պետերին հանձնարարվեց խիստ վերահսկողություն սահմանել, աշխատել ուժեղացված ռեժիմով և ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Հ. Մխիթարյանը մեկ անգամ ևս շեշտեց.
-Բոլորիս համար էլ հիմա շատ դժվար է, բայց պետք է աշխատել և ամուր պահել Արտակարգ իրավիճակների նախարարության հիմքերը, պետք է ծառայությունն իրականացնել՝ շարունակելով նախարար Երիցյանի ավանդը:
Նշենք, որ 2016 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա։