ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կընդունի էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում: ՀԾԿՀ որոշումը ուժի մեջ կմտնի 2017 թվականի փետրվարի 1-ից: Ըստ այդմ, բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով:
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի սկզբին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովը որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի արդյունքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի նվազում: ՀԾԿՀ-ն բոլոր ընկերություններին ուղարկել էր համապատասխան գրություն՝ տեղեկացնելով, որ սկսել է սակագինը վերանայելու գործընթաց եւ խնդրել իրենց ներկայացնել բոլոր խնդիրները՝ հաշվարկ կատարելու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել էր 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Որոշումն ընդունվել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունիսի 24-ի նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ի նիստին որոշում կկայացնի էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու վերաբերյալ:
Ըստ այդմ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները կլինեն հետեւյալը՝ 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 33.48 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ գիշերային սակագինը` 29.48 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Տեղեկացնենք, որ 110 ԿՎ լարմամբ սպառողները հիմնականում խոշոր արտադրական ձեռնարկություններն են: Իսկ օգոստոսի 1-ին, երբ ՀԾԿՀ որոշմամբ էլէներգիայի սակագինը նվազեց, 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանվել էր 34,7 դրամ, գիշերայինը՝ 30,7 դրամ: Ստացվում է, որ փետրվարի 1-ից խոշոր արտադրական ձեռնարկությունների համար էլէներգիայի սակագինը կնվազի 1.22 դրամով: Ըստ ՀԾԿՀ որոշման՝ 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար նույնպես էլեկտրական էներգիայի սակագինը 1.22 դրամով կնվազի. ցերեկայինը կսահմանվի 35.98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 31.98 դրամ/կՎտժ: 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 41.98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 31.98 դրամ/կՎտժ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 0,38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող սպառողների, այդ թվում` բնակչության համար ցերեկային սակագինը կդառնա 44.98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 34.98 դրամ/կՎտ: Նկատենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար գործող ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար նվազեցվել էր մինչեւ 46,2 դրամ, գիշերայինը՝ 36,2 դրամ: Իսկ 2017 թվականի փետրվարի 1-ից այն կսահմանվի 44.98 դրամ: ՀՀ կառավարության՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն՝ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ:
Եթե պարզ հաշվարկ կատարենք, ապա կհամոզվենք, որ էլէներգիայի սակագնի նվազման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումն ուղղակի խեղկատակություն է: Մեր հանրապետությունում սոցիալապես անապահով պայմաններում ապրող քաղաքացիների համար էլեկտրաէներգիայի սակագինը 1.22 դրամով նվազեցնելը բավականին անլուրջ է: Եւս մեկ անգամ հաստատվում է այն պնդումը, որ այս ամենը նախընտրական նպատակ ունի, եւ չի բացառվում, որ ընտրություններից հետո գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները կրկին բարձրանան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ