Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել ավստրիական հեղինակավոր «Der Standard» օրաթերթին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ կատարվեց թուրքական կողմի հետ, որ վերջինս, ըստ էության, հետ կանգնեց արձանագրություններն առանց նախապայմանների ստորագրելու պարտավորությունից, Էդուարդ Նալբանդյանը սենսացիոն պատասխան է տվել. «Հնարավոր է` ոչինչ էլ չի պատահել»: Այսինքն` դատելով այդ պատասխանից` ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի եւ նույն Էդուարդ Նալբանդյանի, հենց սկզբից էլ շատ լավ գիտակցել են, որ Թուրքիան, ի վերջո, հետ է կանգնելու արձանագրությունների վավերացումից: Ուրեմն ի՞նչ իմաստ ուներ մտնել մի խաղի մեջ, որի բացասական ելքն ի սկզբանե կանխատեսելի էր: Այս տրամաբանական հարցի պատասխանը, սակայն, զուտ քաղաքական է: Ուստի այն ըմբռնելու համար պետք է ունենալ զուտ քաղաքական բարոյականություն, ասել է թե` բարոյականության կատարյալ բացակայություն: Բանն այն է, որ մտնելով հայ-թուրքական գործընթացի գլոբալ քաղաքական խաղի մեջ` Սերժ Սարգսյանը հետապնդում էր մեկ գլխավոր նպատակ. այն է` միջազգային հանրության կողմից ընկալվել իբրեւ հարմար գործընկեր, որը պատրաստ է հանուն գլոբալ խնդիրների լուծման գնալ մինչ այդ տաբու համարվող աննախադեպ ազգային զիջումների` ի դեմս Ցեղասպանության հարցերով հանձնաժողովի ստեղծման եւ Թուրքիայի հետ գործող սահմանների ճանաչման: Դա Սերժ Սարգսյանին հնարավորություն էր տալիս մի կողմից տեւական ժամանակ ապահովել իր դիրքերը արտաքին ճակատում, մյուս կողմից վերջնականապես փակել Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու ճանապարհը, քանի որ իր զիջողականության կողքին վերջինիս թուրքատյացությունն Արեւմուտքի համար այլեւս վերջնականապես անտանելի էր դառնալու: Ուստի Սերժ Սարգսյանը միանգամայն անկեղծ էր, երբ հայտարարում էր, որ, անկախ ելքից, մենք հայ-թուրքական գործընթացից դուրս ենք գալու ավելի ուժեղացած: Այսօր արդեն պարզ է, որ մենք ասելով Սերժ Սարգսյանն ի նկատի ուներ իրեն ու իր թիմին: Իսկ այն, որ այդ գործընթացի արդյունքում ԱՄՆ նախագահը հրաշալի հնարավորություն ստացավ խուսափելու հայոց ցեղասպանության ճանաչման իր խոստումից, եւ կամ այն, որ հայ-թուրքական գործընթացից հետո Ցեղասպանության հարցն այլեւս ԱՄՆ Սենատ չմտավ, Սերժ Սարգսյանի ու նրա թիմի համար էական չէ: Ինչպես էական չէ սեփական արտգործնախարարի «թշերի» խոնարհաբար քաշքշման գործընթացն ու այն անջրպետը, որն առաջացավ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Սերժ Սարգսյանի համար ցանկացած հարցում էականը ժամանակ շահելն է: Եվ հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ նրա` երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը:
Ի ՍԿԶԲԱՆԵ ԳԻՏԵԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ