Սոթքի հանքի տարածքում կիրականացվի լեռնային փորվածքների լիկվիդացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները Սոթքի հանքի տարածքում հայտնաբերել են չարտոնված մակերեսային լեռնային փորվածքներ, որոնց միջոցով անհայտ անձինք (չղջիկները), անօրինական ճանապարհով հանքաքար արդյունահանելու նպատակով, ներթափանցում են հանքահորերը` դրանով իսկ վտանգի ենթարկելով իրենց կյանքը։

Ընկերությունը լեռնային աշխատանքներն իրականացնում է` օգտագործելով պայթեցման միջոցներ և ծանր տեխնիկա։ Ընդ որում, պայթեցվում են ստորգետնյա փորվածքներ, որոնցում կարող են անօրինական ճանապարհով ներթափանցած մարդիկ գտնվել։ Նրանք կարող են վտանգի ենթարկվել, վնասվածքներ ստանալ և նույնիսկ զոհվել պայթյունի օդային ալիքի ներգործումից, թունավորումից, լեռնային փորվածքների փլուզումից և այլն։

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊ ընկերությանը մտահոգված է առկա իրավիճակի համար, քանի որ ապօրինի կերպով հանքահորեր ներխուժող անձինք վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը։ Ստորգետնյա փորվածքներ անօրինական կերպով ներխուժումները կանխելու նպատակով Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ 2017թ. փետրվարի 1-ից մինչև 7-ը կիրականացվի այն լեռնային փորվածքների լիկվիդացումը, որոնց միջոցով իրականացվում է անօրինական ներխուժումը։ Լիկվիդացումը կիրականացվի փորվածքները ապարներով լցնելու միջոցով։

Ընկերությունը խստորեն պահանջում է քաղաքացիներից զերծ մնալ ԳոեՊրոՄայնինգ Գոլդ ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքի տարածք անօրինական ներխուժումից։ Պահպանվող տարածք մուտք գործելու և Ընկերության կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքների հետ կապված հնարավոր պատահարների առաջացման դեպքում ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը պատասխանատվություն չի կրի կողմնակի անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասի համար։




Լրահոս