Եվս 2 տարի՝ քարուքանդ ճանապարհով. երթևեկությունը հաճախ կաթվածահար է լինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նախորդ տարվա կեսերից մեկնարկել են M-3 Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքները, սակայն Վանաձոր քաղաքի ամենաբանուկ Նարեկացի փողոցը շարունակում է գլխացավանք մնալ վարորդների համար: Նախորդ տարի նշված ճանապարհի վրա որեւէ փոսային նորոգման կամ այլ տիպի աշխատանքներ չեն իրականացվել: Բազմաթիվ փոսերի պատճառով երթեւեկությունը նշված ճանապարհահատվածի վրա հաճախ գտնվում է կաթվածահար վիճակում:

Նարեկացի փողոցի վրա կան հատվածներ, որոնք գնալով փլուզվում են, իսկ ճանապարհը՝ սահում դեպի գետը: Այս առիթով մենք հարցում էինք ուղարկել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ նախ ներկայացնելով ճանապարհի վրա ստեղծված իրավիճակը, ապա նաեւ խնդրել էինք նշել, թե ըստ ծրագրի՝ երբ է փողոցը նորոգվելու:

Ի պատասխան՝ նախարարությունից միայն հիշեցրել են, որ նշված ճանապարհահատվածն ընդգրկված է կապիտալ նորոգման ծրագրի մեջ եւ շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2018թ-ին: Նշենք, որ ներկայումս շինարարական աշխատանքներն ընթանում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում: Վանաձորի գլխավոր փողոցներում, սակայն, որեւէ նորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Ստացվում է, որ մինչեւ 2018թ-ը վարորդները ստիպված են լինելու շարունակել երթեւեկել քարուքանդ եղած ճանապարհով, որտեղ ոչ ճանապարհային երթեւեկության նշաններ կան տեղադրված, ո՛չ արգելապատնեշներ ու ո՛չ էլ որեւէ այլ տիպի ենթակառուցվածքներ: Իսկ հսկա փոսերն էլ շարունակում են տեղումներից հետո առավել քան վտանգավոր մնալ:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս