Գործարքը չի ստացվում, «բռնվում են». ինչպես են ՀՀ 34 քաղաքացի փորձել ԱՄՆ-ում հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել աղմկահարույց մի քրեական գործ, որը բացահայտում է, թե ինչպես է համերգներ տալու պատրվակով ՀՀ 34 քաղաքացի մեկնել Ամերիկիայի Միացյալ Նահանգներ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքացի Աննա Գրիգորյանը տեղեկացել է, որ ԱՄՆ-ում մշտական բնակվող Ստելլա Բոյաջյանը ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու համար Հայաստանից հավաքագրել է 34 քաղաքացիների: Աննան եւս ցանկություն է հայտնել մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ փոխարենը խոստանալով աջակցել, որ նշված խմբի անդամներին կօգնի ԱՄՆ հասնել:

Իսկ ինչպես պետք է նա դա իրականացներ

Նա քաղաքացի Արամ Հովսեփյանի հետ մի սցենար է մշակում, որի արդյունքում հնարավոր լինի 34 քաղաքացիների ժողովրդական երգի եւ պարի խմբի անվան տակ դեսպանատուն մտցնել:

Եվ այսպես՝ քաղաքացի Արամ Հովսեփյանը, համաձայնության գալով «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանի հետ, պատրաստում են «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» անդամ «Հայաստան» ժողովրդական երգի եւ պարի ստուդիայի ուսման թվով 34 կեղծ վկայականներ: Այդ փաստաթղթերի հիման վրա խմբով մտնում են դեսպանատուն, որպեսզի մեկնեն ԱՄՆ:

Սակայն գործարքը չի ստացվում, «բռնվում են»: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրում ե՛ւ Արամ Հովսեփյանին, ե՛ւ «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանին, ե՛ւ Աննա Գրիգորյանին՝ ապօրինի միգրացիա կազմակերպելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ բացահայտվել է այսպիսի ձեռագրով մի գործ: Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանում եւ արտերկրում կայուն ու համակարգված կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում տուրիստական գործունեության քողի ներքո, շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելով, հետխորհրդային երկրներում տեղակայված Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր՝ դրա դիմաց կատարված կեղծիքներից անտեղյակ քաղաքացիներից վերցնելով 2.000-3.500 եվրո գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ ձեւավորված հանցավոր մեխանիզմում ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ովքեր տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Արդյունքում՝ ԱԱԾ-ն 5 անձի մեղադրանք է առաջադրել՝ անօրինական միգրացիա կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդված), կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված), կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդված) եւ կաշառքի միջնորդության (ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդված) համար: Նախաքննությունը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ՝ հասկանալու համար, թե արտաքին գործերի նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկում անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում:

«Ակնհայտ է՝ որտեղ գործը վերաբերում է հանցագործությանը, այնտեղ լինելու է եւ կա հետաքննություն»,- ի պատասխան՝ բացահայտեց ԱԳ փոխնախարարը:
Բայց չէ՞ որ գործում պետական կառույցի ներկայացուցիչներ են ներգրավված, որոնք, ըստ էության, դեսպանատան աշխատակիցներ են եղել, ԱԳՆ-ն այստեղ ասելիք ու անելիք չունի՞: Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ովքեր են եղել, ովքեր չեն եղել, ցույց կտա հետաքննությունը»:

Ահա, այսպես անտարբեր ու անտեղյակ էլ ապրում ենք:

Քնար Մանուկյան




Լրահոս