Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ուրվագծվում: ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցրեց այդ կուսակցության առանցքային դեմքերից մեկը` ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատճառների մասին Աբրահամյանը ոչինչ չի հայտնել` խոստանալով պարզաբանումներ տալ այսօր: Բայց մեծ հաշվով կատարվածը մեկ բառով կարելի է ուշագրավ որակել: Ինչո՞ւ, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը 1998թ. սկսած եղել է գործող իշխանության ամենաառանցքային հենասյուներից մեկը՝ պետական կառավարման համակարգում զբաղեցնելով ամենաբարձր պաշտոնները. նա եղել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, ԱԺ նախագահ (այն էլ` երկու անգամ), վարչապետ: Բացի այդ` համապետական վերջին բոլոր ընտություններում ինքն է ղեկավարել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները (բնականաբար, համակարգելով իշխանությունների օգտին արված ընտրակեղծարարությունը) եւ, վերջապես, նա կուսակցության ԳՄ անդամ էր, քաղաքական հանձնաժողովի նախագահը:
Բայց մյուս կողմից տեղի ունեցածը սպասելի էր, քանի որ վերջին տարիներին իշխանության ներսում գնալով խորացել էին հակասությունները, եւ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները որքան էլ արտաքուստ բարեհամբույր էին, ներքուստ միմյանց նկատմամբ անվստահություն կար: Եւ, վերջապես, Աբրահամյանը դարձավ քավության նոխազ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով նա պարտադրված անակնկալ հրաժարական ներկայացրեց եւ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ՀՀԿ-ում մնալու դեպքում չէր լինելու այդ կուսակցության համամասնական ընտրացուցակում:
Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում՝ առաջիկա օրերին ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարեն մի շարք կարկառուն դեմքեր եւս` ուղեւորվելով դեպի «Ծառուկյան» դաշինք:
Երբ ՀՀ-ում կեղծիքների գնով կայացած սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, թե ընտրակեղծարարների մասին հրապարակումները «կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից հետաքրքրվեց` արդյո՞ք այս մեկ տարվա ընթացքում եղել են մարդիկ, որոնք դիմել են դեսպանատուն, եւ այդ պատճառաբանությամբ նրանց մուտքի վիզա տալը մերժվել է: «ԱՄՆ կառավարությունն ունի գործընթացներ ու ընթացակարգեր, որոնք միտված են ընտրակեղծիքներ գործած, ինչպես նաեւ բռնություն թույլ տված կամ հրահրած անձանց մասնակցությունը ԱՄՆ կառավարության ծրագրերին կամ միջոցառումներին թույլ չտալուն: Մենք գործողության մեջ ենք դրել այս ընթացակարգերը եւ մի շարք գործերով ձեռնարկել դրանցից բխող միջոցներ: Անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով՝ մենք իրավասու չենք հայտնել հավելյալ տեղեկություններ կամ մանրամասներ»,- պատասխանեցին դեսպանատնից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը. խոսքը օֆշորային աղմուկի մասին է, որից հետո նա ստիպված եղավ ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալ: ՀՔԾ այս որոշումն, իհարկե, սպասելի էր. «Ժողովուրդը» դեռ 8 ամիս առաջ էր գրել, որ քաղաքական հրահանգ կա՝ Ս. Սարգսյանի մերձավոր օլիգարխ Պողոսյանին «մաքրել» բոլոր քրեական գործերից, որպեսզի կարողանա մասնակցել ԱԺ ընտրություններին: Հատկանշական է, որ աղմկահարույց այս քրեական գործը կարճելու մասին հաղորդագրությունը տարածել է ոչ թե ՀՔԾ-ն, այլ Միհրան Պողոսյանի գրասենյակը: Ի դեպ, ավելի վաղ ՀՔԾ-ն կարճել էր օդանավակայանի աշխատակիցներին Պողոսյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկելու քրեական գործը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շուտով դե յուրե կավարտվի նաեւ բանան ներկրողներին խոչընդոտելու առիթով սկսված իրավական գործընթացը, թերեւս, հանցակազմի բացակայության հիմքով: Այս իրողությունը վկայում է այն մասին, որ իրավապահ համակարգը պարզապես զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով:
Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունում տարաձայնություններ են սկսվել. «Համախմբման» վարչության անդամներից նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարություն է տարածել՝ իր անհամաձայնությունը հայտնելով կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Ավելին՝ նա անընդունելի է համարել, որ այդ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը: Չի բացառվում, որ Անդրեասյանի այս բարձրաձայնումը իրականում անձնական նկրտումների հետեւանք լինի: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ նախկին օմբուդսմենի հարաբերությունները «Համախմբման» հետ լարվել են այն բանից հետո, երբ նա պայման է դրել, որ իր անունը համամասնական ցուցակում պետք է լինի Վարդան Օսկանյանից անմիջապես հետո: Բայց քանի որ այդ պայմանը չի ընդունվել, նա սկսել է բարձրաձայնել դժգոհության մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրեասյանը, իհարկե, հերքեց այս լուրերը: Հարցին, թե այդ դեպքում ինչու է նա տարաձայնությունները նաեւ հրապարակային ներկայացնում, այլ ոչ թե թիմի ներսում, այսպես պատասխանեց. «Բնական է, որ անկյունաքարային խնդիրների ու որոշումների մասին պետք է խոսել հրապարակային եւ շիտակ»:
ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ
Եվ այսպես՝ մինչ ՀՀ-ում որոշվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ճակատագիրը, այդ ընթացքում Մոսկվայում իր քաղաքական ճակատագրի շուրջ բանակցությունների էր հրավիրված գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Մոսկվա մեկնած Կարապետյանը երեկ իր ռուս պաշտոնակցի հետ բանակցություններից հետո նշել է, թե «առանց ավելորդ դիվանագիտության մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից եւ այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով»: Դժվար է ասել՝ Կարապետյանի գոհունակությունը վերաբերում էր նաեւ իր հետագա պաշտոնավարման շուրջ բանակցություններին ու հանձնարարականներին, թե ընդամենը երկու երկրների միջեւ փոխգործակցության ծրագրերին:
Եթե միայն վերջինին, ապա հարկ է նկատել, որ բանակցությունների արդյունքում ստորագրված 4 փաստաթղթերի շարքում առանձնակի կարեւորություն եւ շատ մեծ տնտեսական նշանակություն ունեցող որեւէ բան չի ստորագրվել: Թերեւս, այն էլ ՌԴ քաղաքացիների համար կարեւոր էր առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով այցելել ՀՀ: Իհարկե, քննարկվել են նաեւ համագործակցության ծրագրեր գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, բացի այդ՝ ռուսական կողմը դրական է գնահատել հայկական կողմի ներկայացրած առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու ՀՀ-ի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Այս ամենն անշուշտ կարեւոր է եւ բավականին մեծ պոտենցիալ ունեցող, սակայն «Գազպրոմից» ՀՀ կառավարություն եկած Կարապետյանի՝ Մոսկվա կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում ՌԴ-ի աջակցությունը կարող էր եւ առավել առարկայական լինել՝ ՀՀ արյունաքամ եղած տնտեսությունում շատ կոնկրետ ֆինանսական ներարկման տեսքով:
Ասել, որ նման տեսանելի եւ, այսպես ասած, առձեռն աջակցության բացակայությունը խոսում է այն մասին, որ Կ. Կարապետյանի՝ 2018-ից հետո պաշտոնավարման հարցը վերջինիս համար դրական լուծում չի ստացել, թերեւս սխալ կլինի: Չի բացառվում, որ Կրեմլում պարզապես չեն ցանկացել այս փուլում աջակցելով Կարապետյանին՝ անուղղակիորեն աջակցել նաեւ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Առավել եւս, որ ուշագրավ հաջորդականությամբ մի քանի օր առաջ Մոսկվայում Դ. Մեդվեդեւի հետ հանդիպել էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ եւ այլեւս ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ով դրանից հետո, փաստորեն, Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեց: Իսկ թե ինչպիսին էր Կարապետյանի՝ մոսկովյան բանակցությունների արդյունքը, թերեւս տեսանելի կդառնա արդեն այս հինգշաբթի՝ ՀՀԿ ԳՄ նիստում, որի ընթացքում ի վեջո կորոշվի, թե ով է գլխավորելու կուսակցության ընտրական ցուցակը: