«Հաց բերող» Արթուր Սարգսյանն իրեն նվիրաբերած ամբողջ գումարը կփոխանցի Արմեն Լամբարյանի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ ցանկանում է արտասահմանից իրեն փոխանցված ամբողջ գումարը նվիրել «Սասնա Ծռեր» խմբի ամենակարիքավոր անդամ Արմեն  Լամբարյանի ընտանիքի անդամներին:Հ այտարաության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Իմ սիրելի Ամերիկաբնակ հարազատներ, թույլ տվեք իմ, ինչպես նաև « Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամների անունից խորին անսահման շնորհակալությունն հայտնել Ձեզ թե’ ֆինանսապես և թե’ գաղափարապես մեր կողքին լինելու համար: Տեղեկացնեմ նաև, որ իմ` Արթուր Սարգսյան (հաց բերող) անունին փոխանցվող գումարը ցանկացել եմ բաշխել հավասարապես բոլոր « Սասնա Ծռեր »-ի ընտանիքների անդամներին: Բայց հաշվի առնելով, որ բաժանված գումարը էապես որևիցե ազդեցություն չի կարող ունենալ, խնդրում եմ այդ գումարը ամբողջությամբ փոխանցել ավելի կարիքավոր ընտանիքներից մեկին` Արմեն Լամբարյանին:

ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Լամբարյանի կինը՝ տկն Կարինեն, նշեց. «Խորին զգացված ենք իր մարդ տեսակի համար: Տան միակ աշխատողը եղել է Արմենը, որը հիմա կալանավորված է: Երեք անչափահաս երեխաներ, օգնող չունենք: Չգիտեմ….»:

Զրուցեցինք նաև Արմեն Լամբարյանի փաստաբան Իննեսա Պետրոսանի հետ, ով տեղեկացրեց, որ  այս պահին Արմեն Լամբարյանի առողջական վիճակը դեռ լավ չէ, «Դատապարտյալների հիվանդանոցում» ապաքինման փուլում է գտնվում:

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

Լիդա Եղիազարյան




Լրահոս