Վանաձորում ոստիկաններն ու գողության փորձ կատարողները կրակահերթ են արձակել իրար ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Սպանության և գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 30.01.2016թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:

Դեռևս նախորդ տարի գողության և սպանության հանցափորձերի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ  պարզվել է, որ Արթուր Ս.-ն ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով ևս երկու հոգու հետ 30.01.2016թ.-ին ապօրինի մուտք է գործել Է. Հովհաննիսյանի` Վանաձորում գտնվող առանձնատուն:

Այնտեղ, նկատելով ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկաններին, առանձնատուն ներխուժածները ապօրինի ձեռք բերված ատրճանակներից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Վերջիններս էլ իրենց հերթին պատասխան կրակոցներ են արձակել:

Միջադեպից հետո նույն օրը ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցները Արթուր Ս.-ին բերման են ենթարկել բաժին: Հատուկ քննչական ծառայությունում տրված հաղորդման համաձայն` նույն բաժնի պետի աշխատասենյակում, ոստիկանության չորս աշխատակից  ծեծի են ենթարկել Արթուր Ս.-ին, հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` պահանջելով խոստովանել գողություն կատարելու և ոստիկանների վրա կրակելու հանգամանքը:

Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քնչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս