ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը:
– Պարո՛ն Դուբնով, ինչո՞ւ Ռուսաստանը, Իսրայելը, Հայաստանը չկարողացան կանխել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
– Ռուսաստանն ու Իսրայելը չէին կարող կանխել Լապշինի արտահանձնումը, քանի որ նրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել այդ հարցում Մինսկի որոշման վրա: Նրանք կարող են համոզել, խնդրել, բայց ընդհանուր առմանբ չեն հանդիսանում Մինսկին որևէ բան արգելող կամ պարտադրող: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում նրա մասնակցությունն ու դերն այս ամենին, քանի որ նա այստեղ ոչինչ չի որոշում:
– ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեռ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ Ռուսաստանը դեմ է իրենց քաղաքացու արտահանձնմանը: Սակայն ստացվում է, որ Ռուսաստանի պես հզոր պետությունը լծակներ չունի՞ Բելառուսի վրա ազդելու:
– Ո′չ, Բելառուսն ու Ռուսաստանը գտնվում են, այսպես ասած, ճգնաժամում: Լուկաշենկոն միշտ խաղում է եզրին: Ռուսաստանը պատրաստ չէ լրջորեն վիճել Բելառուսի հետ, առավել ևս նրանք դա չեն անի Լապշինի պատճառով:
– Բայց այս ամենը կարո՞ղ ենք դիտարկել Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունների կոնտեքստում:
– Իհարկե, այս ամենը կարող ենք դիտարկել Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունների կոնտեքստում: Դա Լուկաշենկոյի քայլն է. եթե հիմա չլիներ սրացում, եթե Ռուսաստանը համաձայնվեր Բելառուսի պայմաններին, ապա ես կարծում եմ, որ Լապշինի հարցը չէր լինի: Եթե Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները լինեին այնպիսին, ինչպես, օրինակ, 15 տարի առաջ էին, ապա ես չեմ կարծում, որ Ադրբեջանն առհասարակ կբարձրացներ այս հարցը:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը